
Դատախազությունը նյութեր նախապատրաստելու համար ՀՔԾ է ուղարկել քրեական հեղինակություն Մերաբ Կալաշովի պաշտպանի հաղորդումը
Օրեր առաջ Ֆրանսիային արտահանձնված Մերաբ Կալաշովի պաշտպանի հաղորդումը` կապված նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների հետ, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի ուշ երեկոյան Կալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանն ահազանգել է այն մասին, որ ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում են պահում իր պաշտպանյալին, ցանկանում են նրան արտահանձնել Ֆրանսիային: Ըստ պաշտպանի՝ տևական ժամանակ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում որոնելուց հետո ինքն ու պաշտպան Էդգար Արամյանը Կալաշովին գտել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում` ծեծված վիճակում:
Մեզ հետ զրույցում Արմեն Մելքոնյանն ասել է, որ Կալաշովի մարմնի վրա առկա են եղել տասնյակից ավել վնասվածքներ, կոտրված է եղել ոտքի բութ մատը, մարմնի, գլխի վրա եղել են բազմաթիվ քերծվածքներ ու ծավալուն կապտուկներ, ճղված են եղել նրա լնդերը, բերանն` ամբողջությամբ արնոտված: Պաշտպանի խոսքով` Մերաբ Կալաշովին քրեակատարողական հիմնարկից ներքնազգեստով են տեղափոխել ոստիկանության «Զվարթնոցի» բաժին, այնտեղ հագուստ տվել:
Այս պահին Կալաշովն արդեն գտնվում է Ֆրանսիայում: Արմեն Մելքոնյանի խոսքով` նրան ապօրինի են արտահանձնել, քանի որ նրան հանձնելու վերաբերյալ դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:
Ֆրանսիայի Հանրապետությունում Մերաբ Կալաշովը հետախուզման մեջ էր գտնվում 2015 թվականից: Մեղադրվում է հանցագործություն նախապատրաստելու նպատակով «չարագործների խմբավորմանը» մասնակցություն ունենալու, կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից գողացված իրեր թաքցնելու, փողերի լվացման, հանցագործությամբ գոյացած գումարների ներդրման, թաքցնելու կամ փոխակերպելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
Մեկնաբանել