
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի (հայտնի է որպես Լևոն Սարգսյան) գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան: Այն մակագրվել է դատավոր Կարեն Մարդանյանին: Այս մասին տեղեկացանք Վերաքննիչ դատարանից: Հետախուզման մեջ գտնվող Լյովա Սարգսյանի պաշտպանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի դատական ակտը, որով նա օրինական է համարել Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու Հատուկ քննչական ծառայության որոշումը:
Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ:
Նրա վերաբերյալ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, ապա փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները: Վեջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Գույքի վրա կալանք դնելու բողոքը քննող դատավոր Կարեն Մարդանյանն այս պահին արձակուրդում է գտնվում, իսկ վերջին դատական նիստը հետաձգվել է նրա՝ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:
Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանում բողոքի քննությունը գործով դատախազի միջնորդությամբ տեղի է ունեցել դռնփակ: Թե ինչ հիմնավորումներ են ներկայացվել պաշտպանի կողմից, մեզ հայտնի չէ:
Մեկնաբանել