
Լևոն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել: Նման միջնորդություն էր ներկայացրել ՀՔԾ քննիչը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Լևոն Սարգսյանի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել: Երեկ զանգահարել էինք «Փյունիկ» հիմնադրամ Լևոն Սարգսյանի հետ զրուցելու, սակայն հիմնադրամի հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցն ասաց, որ Սարգսյանը Հայաստանում չէ և չգիտի՝ երբ կվերադառանա:
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տվյալներով՝ Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է: Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետք»-ին հայտնեց, որ Լևոն Սարգսյանի աշխատանքից ազատման հրամանից դեռևս տեղեկություն չունի:
Լևոն Սարգսյանի դստեր՝ Անի Սարգսյանի նկատմամբ ևս հետախուզում է հայտարարվել, սակայն նրա և եղբոր՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանի, նրա դստեր ու որդու՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցվել էր քրեական գործ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել