HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծնողները դիմել են վարչապետին. «Արմավիրի մարզպետն անցնում է բոլոր սահմանները»

Արմավիր քաղաքի «Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց»-ում կրքերը չեն հանդարտվում: Դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը էլեկտրոնային փոստով ստացել է Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանի ստորագրությամբ մի գրություն՝ ուղղված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի լիազորությունները կատարողին:

Գրության մեջ տեղ են գտել դպրոցի կառավարման խորհրդի նիստերի, ծնողական խորհրդի ներկայացուցչի հետ կանչի վերաբերյալ պարզաբանումներ: Սակայն, ի թիվս դրա՝ նշված է, որ գործով նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի «Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի նախագահ Հ. Հակոբյանը հանդիսացել է 2019թ. մայիսի 16-ին և 17-ին անցկացված հավաքների կազմակերպիչ, և որպես իրավունքի սուբյեկտ՝ պարտավոր էր իրականացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Գրությունից պարզ է դառնում, որ Արմավիրի մարզպետը 2019թ. հունիսի 14-ին հարցումներ է կատարել Արմավիր համայնքի ղեկավարին, ոստիկանություն` 2019թ. մայիսի 16-ին և 17-ին Արմավիր համայնքում կայացած հավաքների իրազեկման վերաբերյալ: Նշված կառույցներից հայտնել են, որ հավաքների անցկացման վերաբերյալ տեղեկացված չեն եղել:

«Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հ. Հակոբյանի կողմից թույլ են տրվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1801-րդ հոդվածով նախատեսված վարչական զանցանքի հատկանիշ պարունակող գործողություններ, որի առթիվ մեր կողմից նախապատրաստվում են համապատասխան նյութեր նշված իրավախախտմանը վարչաիրավական գնահատական տալու և ՀՀ օրենսդրության պահանջն ապահովելու համար»,- նշված է գրության մեջ:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը պարբերաբար անդրադառնում է Արմավիրի 5 թիվ հիմնական դպրոցի շուրջ բարձրացված աղմուկին: Գրել էինք, որ 2019թ. մայիսի 15-ին դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում առաջադրվել էր նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մաշա Իվանյանը: Լինելով միակ թեկնածուն՝  Իվանյանը 3 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ չէր հաղթել: Մայիսի 16-ին ծնողներն ու աշակերտները մարզպետարանի դիմաց դասադուլ են արել՝ արդարության պահանջով: 

«Հետք»-ին պատմել էին, որ եղել է ուղղորդված ընտրություն: Մաշա Իվանյանին դեմ են քվեարկել խորհրդի այն անդամները, որոնք ներկայացնում են պետական մարմինները և Արմավիրի քաղաքապետարանը: Իսկ ծնողների ներկայացրած մեկ թեկնածուն դեմ է քվեարկել վերջին պահին՝ ճնշման ազդեցության տակ: Իսկ ճնշում գործադրողը եղել է այդ ծնողի սկեսրայրը՝ Արմավիրի փոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանը: Վերջինս նույնպես խորհրդի անդամ է և խորհրդում ներկայացնում է համայնքը:

Ծնողական խորհուրդը որոշել էր անվստահության հիմքով հետ կանչել կառավարման խորհրդի իր անդամներին, սակայն մարզպետը մերժել է: Պատճառաբանությունն այն է, որ ծնողական խորհրդի արձանագրության քաղվածքի ուսումնասիրությունից պարզ չի դարձել, թե ծնողական խորհուրդն ինչ ցանկություն էր ներկայացրել, որն էլ չէր կատարել կառավարման խորհրդի անդամ, ծնողական խորհրդի ներկայացուցիչ Օքսաննա Պետրոսյանը, և որի արդյունքում հետկանչ է կատարվել ոչ միայն Օքսաննա Պետրոսյանին, այլ նաև Նարինե Հովակիմյանին: Ներկայացված քաղվածքում նշված չի եղել հետկանչվող անդամների տված պարզաբանումները, որոնց հիման վրա, բացի արձանագրությունից, պետք է ներկայացվեր նաև հիմնավորված հետկանչումը: Բացի այդ, նշված նիստին խորհրդի անդամ Օքսաննա Պետրոսյանը չի մասնակցել` իրազեկված չլինելու պատճառով, ինչպես նաև չի իրազեկվել դրա արդյունքների մասին:

Դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը նշում է, որ ժամանակի սղության պատճառով հեռախոսով տեղեկացրել են Օ. Պետրոսյանին, վերջինս չի եկել, այնուհետև նամակ են ուղարկել: Ավելին, մարզպետի պատասխանը ստանալուց անմիջապես հետո անցկացվել է դպրոցի կառավարման խորհրդի նիստ, և ծնողկոմիտեն հնարավորություն չի ունեցել մարզպետի առաջարկությանը պատասխանելու կամ թերություններն ուղղելու:

Օրեր առաջ «Արմավիրի մարզպետն անցնում է բոլոր սահմանները» վերնագրով բաց նամակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել նույն դպրոցի 12 ծնող: Նամակում նշել են, որ ստեղծված իրավիճակն ավելի ու ավելի է խճճվում, քանզի տեղի պատկան մարմիններն անում են միայն անօրինական քայլեր ու հայտարարում են, որ դրանք օրինական են և հիմնավորված:

Բաց նամակում նշել են, որ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից 2018թ.-ին իրենց դպրոցի տնօրենը ճանաչվել է «Տարվա լավագույն տնօրեն ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համար» և արժանացել է անվանակարգի՝ ստանալով նվեր համակարգիչ:

«Միայն նորանշանակ մարզպետն է, որ ինչ-ինչ պատճառներով ու առանց հիմքերի սպառնում է տնօրենին, ուսուցիչներին ու ծնողկոմիտեի նախագահին՝ ոչ մի կերպ չկամենալով նայել իրականության աչքերին: Կողքին ունենալով մի քանի բանսարկու խորհրդատուներ՝ Համբարձում Մաթևոսյանը, կարծես նախորդ իշխանությունների գաղափարները շարունակելով, ամենաթողությամբ իրեն հռչակել է «պետության խորհրդանիշ» և սպառնալիքների լեզվով է խոսում արմավիրցիների հետ»,- նշում են ծնողները:

Վերջիններս վարչապետից պահանջում են արդարություն հաստատել Արմավիրի մարզում, քանզի կամայական սկզբունքներով առաջնորդվել չի լինի:

«Անընդհատ իր պաշտոնը շահարկող Հ. Մաթևոսյանին հիշեցրեք, որ նա մարզպետ է և ոչ թե ինչ-ինչ սկզբունքներով շարժվող հասարակ քաղաքացի: Նրա առաքելությունը մարզի բնակիչներին ծառայելն է, նրա ձայնը լսելն ու լսելի դարձնելն է, ոչ թե կոծկելը, լռեցնելը, սպառնալն ու պախարակելը»,- նամակում նշում են ծնողները՝ ավելացնելով, որ դպրոցի ծնողական խորհրդի նախագահի նկատմամբ հալածանքներն իրականացվում են մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիանա Հարությունյանի ցուցումով: Նշենք, որ վերջինս դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է: Ծնողները նաև հավելում են, որ Հայաստան Հակոբյանը չի եղել հավաքի կազմակերպիչը, հավաքը կազմակերպվել է բոլոր ծնողների որոշմամբ:

Նամակը ստորագրած 7-րդ «Բ» դասարանի ծնողկոմիտեի նախագահ Քնքուշ Սերոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ արձագանք չեն ստացել: Սակայն, մինչ այդ էլ գրավոր դիմել էին վարչապետին՝ դպրոցի կառավարման խորհրդի հետ կապված: Սակայն նամակը վարչապետի աշխատակազմից հասցեագրել են Արմավիրի մարզպետին:

«Վստահ ենք, որ վարչապետը նույնիսկ չի էլ կարդացել: Նույն նամակը հետ է եկել այն նույն մարդու մոտ, խոսքը մարզպետի մասին է, ով մեր նկատմամբ թշնամաբար է տրամադրված: Սա ճիշտ ու օրինական չեմ համարում: Չէ՞ որ մենք ենք այս իշխանությունը ձևավորել, ուզում էինք արդարությունը գլուխ բարձրացնի, բայց հասկացանք, որ ոչինչ չի փոխվել, նույն անարդարությունն է»,- ասում է Քնքուշ Սերոբյան:

Սերոբյանի խոսքերով՝ մի խումբ ծնողներով մարզպետի հետ երկու անգամ հանդիպել են, և իրենց հարցերի պատասխանները գոհացնող չեն եղել: Ասում է, որ  մարզպետը բացասական է տրամադրված նաև դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանի նկատմամբ:

«Մենք արդարություն ենք պահանջում: Մենք հարգեցինք, մարդկային ձևով մոտեցանք, որպես մարզպետ, բայց հասկացանք, որ իր հետ պետք է վարվել հենց իր ձևով: Մարզպետը անընդհատ հայտարարում է, հարցազրույցներ է տվել նույնիսկ հեռուստաընկերություններին, որ մեր դպրոցի տնօրենը չարաշահումներ է թույլ տվել: Մի այլ կարգի չար ձևով է տրամադրված: Մեզ՝ ծնողներիս էլ է ասել, որ չարաշահումներ է արել, խնդրել ենք փաստով, հիմքով ցույց տալ, որ մենք էլ հասկանանք՝ ինչի համար ենք պայքարում, բայց ոչ մի բան չի ներկայացնում, ասում է՝ ժամանակը ցույց կտա»,- նշում է Քնքուշ Սերոբյանը: Նրա խոսքերով՝ տեղյակ չէ, թե ինչու է մարզպետն այդպես վարվում, ինչ շահերով է առաջնորդվում: Սերոբյանի խոսքերով՝ հուլիսի 31-ին դպրոցում տնօրենի ընտրություններ են նշանակված, և իրենք թույլ չեն տա, որ մարզպետը «տղայական ամբիցիաներով առաջնորդվի»: Առայժմ առաջադրվել է երեք թեկնածու, արդեն նախկին տնօրեն Մաշա Իվանյանը և նույն դպրոցի տնօրենի երկու տեղակալները: Քնքուշ Սերոբյանն ասում է, որ հավաստի տեղեկություններ ունեն, որ ուսմասվարներին հորդորել է թեկնածություն դնել հենց Արմավիրի մարզպետը:

«Ինչու պիտի մարզպետն ասի՝ մեկ ա տիկին Իվանյանը տնօրեն չի լինելու, սա Իվանյանի հարցը չէ, մոտեցումն է տգեղ: Երբ մենք էլ գնացինք իր հետ հանդիպման, աթոռին նստած, ճոճվելով՝ ասում էր՝ տիկին Իվանյանը չի լինելու: Այդ ձևով կարող էր 20 տարեկան Էրեխու հետ խոսել»,- նշեց Քնքուշ Սերոբյանը:

Ծնողները պատրաստվում են առաջիկայում Երևանում հրավիրել մամուլի ասուլիս և լրատվամիջոցներին ներկայացնել մարզպետարանի գործողությունները:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն ասաց, որ ծանոթ չէ բաց նամակին և պատասխաններ կարող է տալ միայն ծանոթանալուց հետո: Սակայն նշեց, որ Հայաստան Հակոբյանի դեմ վարչական վարույթ դեռ չի հարուցվել, նյութերն ուսումնասիրության փուլում են:

Ինչ վերաբերում է նրան, որ մարզպետն է հորդորել փոխտնօրեններին առաջադրել իրենց թեկնածությունը, Սոնյա Բուդաղյանը բացառեց: Ըստ նրա՝ ցանկացած մարդ կարող է դիմել տնօրենի թափուր պաշտոնի համար, և իր տեղեկություններով որևէ մեկը մարզպետին չի դիմել, այդ թվում՝ առաջադրված թեկնածուները։

Սոնյա Բուդաղյանն ասաց, որ իր իմանալով՝ մարզպետը թեկնածուների հետ դեռ չի հանդիպել:

«Եթե մարզպետը հորդորեր, մենք նախորդ անգամ էլ կհորդորեինք, բայց չի եղել նման բան և այս փուլում էլ դեռ որևէ հորդոր չի եղել»,- ասում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter