HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել օդում, ինչն առաջին դեպքը չէ

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ժամեր առաջ հայտարարեց, որ մոլդովական «Air Moldova» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռի անձնակազմը Մոսկվա-Քիշնեւ չվերթի ժամանակ հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչն ու վերադառնալ Մոսկվա: ՔԱԿ-ը նշել է, որ օդանավում եղել է անձնակազմի 6 անդամ, 164 ուղեւոր եւ 3 երեխա: Միջադեպի մասին ՀՀ պատկան մարմինը հայտարարել է այն պարզ պատճառով, որ ինքաթիռը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում:

ՔԱԿ-ը չի նշել, թե որ ընկերության որ բորտի մասին է խոսքը, սակայն flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ միջադեպը վերաբերում է «Atlantis European Airways» ավիաընկերության EK-32002 գրանցումով ինքնաթիռին, որը վարձակալական հիմունքներով շահագործվում է Մոլդովայում:

9u178.jpg (433 KB)

Թռիչքներին առցանց հետեւող կայքում երեւում է, որ հուլիսի 16-ի լույս գիշերը Քիշնեւից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանած ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով 4:42-ին մեկնարկել է հետադարձ չվերթը: 4:52-ին EK-32002-ն արդեն օդում էր, սակայն դեպի Քիշնեւ ուղղություն վերցնելու փոխարեն օդանավը սկսել է պտտվել «Դոմոդեդովոյից» մի քանի կմ հեռավորության վրա: Մինչեւ 5:20-ի կողմերը մոտ 2 կմ բարձրության վրա պտույտներ կատարելուց հետո, ի վերջո, որոշում է կայացվել վերադառնալ Մոսկվա, որտեղ էլ վայրէջքն իրականացվել է 5:31-ին:  

Սա առաջին նման միջադեպը չէ, որի մեջ հայտնվում է այս օդանավը: 2017 թ. հուլիսի 2-ին հունական Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից դեպի Քիշնեւ ուղեւորվող EK-32002-ը թռիչքի մեկնարկից շատ չանցած վերադարձել էր կղզի: ՔԱԿ (նախկինում՝ ՔԱԳՎ) թռիչքային վարչության պետ Վահրամ Սայադյանն այն ժամանակ «Հետքին» հայտնել էր, որ Հերակլիոն վերադառնալու պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, մասնավորապես՝ դիմացի հենասարքի (շասսիի) դիրքի տվիչների համակարգի խափանումը: Այն ժամանակ «Atlantis European Airways»-ի օդանավի վարձակալը մեկ այլ մոլդովական ընկերություն էր՝ «Fly One»-ը:

1997-ին կառուցված այս «Airbus A320-211» ինքնաթիռը (գործարանային համարը՝ 726) դեռ 2003-2005 թթ. որպես EK-32007 գրանցված էր հայկական ռեգիստրում «Արմավիայի» անվամբ: Ընդ որում՝ սա հայկական երկնքի նախկին մոնոպոլիստի առաջին ոչ խորհրդային օդանավն էր: Տարբեր երկրներում դեգերելուց հետո ինքնաթիռը կրկին Հայաստան է վերադարձել 2017-ի մայիսին՝ գրանցվելով «Atlantis European Airways»-ի անվան տակ եւ օրեր անց հանձնվելով «Fly One»-ին:

«Atlantis European Airways»-ը, ինչպես բազմիցս գրել ենք, իր օդանավերը վարձակալությամբ հանձնում է այլ օպերատորների եւ սեփական չվերթներ չի կատարում: Վարձակալության ընթացքում հայկական գրանցում ունենալը նշանակում է, որ օդանավը հանձնվել է վարձակալության «թաց լիզինգի» պայմաններով, երբ ինքնաթիռը, անձնակազմը, տեխսպասարկումը, ապահովագրությունը մատակարարի պատասխանատվության ներքո են, սակայն թռիչքները գրանցվում, համարակալվում եւ իրականացվում են վարձակալող ավիաընկերության անունով:

«Fly One»-ից հետո EK-32002-ը ծառայել է հունական «Ellinair»-ին, որից հետո հանձնվել է Մոլդովայի ազգային ավիափոխադրող «Air Moldova»-ին: Հայկական ինքնաթիռը հիմնականում շահագործում է այս ընկերության Քիշնեւ-Մոսկվա-Քիշնեւ ուղեգիծը:    

Առաջին լուսանկարում՝ EK-32002-ը՝ Մոսկվայի երկնքում (05.06.2019, Վիտալի Ռեւյակին, jetphotos.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter