HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն մերժել է ԼՀԿ-ի առաջարկը՝ փոխհատուցել նաև ոչ մարտական գործողությունների ժամանակ զինծառա­յող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առող­ջու­թյանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժա­մանակ ստացած վնասը:

Որոշման մասին տեղեկանում ենք Կառավարության վաղվա նիստի օրակարգից։ Հարցն այս պահին չզեկուցվող է։

Հիշեցնենք, որ գործող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» կամ հանրության շրջանում առավել հայտնի «1000 դրամների» օրենքը նախատեսում է փոխհատուցում միայն մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամներին։

ԼՀԿ-ն առաջարկում էր նաև օրենքի կարգավորման առարկան սահմանել մարտական գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ներառյալ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա­յող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:

Բացի այդ, որպես օրենքի կիրառման դեպք համարել նաև առողջական վիճակի վատթա­րա­ցումը:

Պաշտպանության նախարարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված «Հայաստանի Հանրապետության պաշտպանու­թյան ժամանակ» եզրույթն իր մեջ ներառում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանու­թյան ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը, և այդ կապակցությամբ օրենքում հատուկ նշումը ճիշտ չէ ու անընդունելի է:

Ինչ վերաբերում է առողջական վիճակի վատթարացումը որպես հասցված վնասի հանգամանք սահմանելու առաջարկությանը, ապա դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենքը վնասների հատուցում է նախատեսում 1-ին կամ 2-րդ խմբի հաշման­դա­մություն ստանալու դեպքում, որոնք առաջացել են վնասվածքի կամ խեղման հետևանքով՝ առանց տարանջատում դնելու, թե ժամանակային առումով երբ կամ ինչ պատճառով է առաջացել այդ վնասվածքը կամ խեղումը:

Նախագծի համահեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բացասական եզրակացության մասին իմանալուց հետո հանդիպել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին, վերջինս ավելի մանրամասն է ներկայացրել մերժման պատճառները։

«Պաշտպանության նախարարության մոտեցումն այն է՝ քանի դեռ 90-ականներից սկսած մարտական գործողություններից բոլոր տուժածները չեն դարձել հիմնադրամի շահառու և չեն ստանում տարբեր տեսակի դրամական օգնություն՝ այլ խմբի մարդկանց չեն ներառելու։ Դա է պատճառը, որ մերժել են մեր նախաձեռնությունը»,-«Հետք»-ի հետ զրույցում ասաց Գորգիսյանը։

Պատգամավորը ողջունում է նախարարության այն մոտեցումը, որ մտադիր են օրենքի շահառուների շրջանակը մեծացնել՝ ընդհուպ հասցելով մինչև 90-ական թվականներին մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցելը, սակայն պատգամավորը չի կարող չխոսել նախարարության խտրական մոտեցման մասին։

«Արդարության ու խտրականության տեսանկյունից վատ է, որ օրինակ՝ եթե հենց հիմա բանակում երկու տուժած ունենք, մեկը դժբախտ պատահարից, մյուսը՝ հակառակորդի կրակոցից, իրենք տարբեր կարգավորումների տակ են ընկնում, բայց մյուս կողմից հաշվի առնելով պետության սահմանափակ ռեսուրսները և առաջնություն տալով մարտական գործողությունների ժամանակ տուժածներին՝ սա է ՊՆ-ի մոտեցումը։ Քննարկելի է այս հարցը, ինձ համար միանշանակ չէ, բայց հույս ունեմ, որ փոխհատուցման շրջանակում հետ կգնանք մինչև 90-ականներ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ երկրորդ նստաշրջանի սկզբում էլ Կառավարությունը մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որով նախագծի համահեղինակ Տարոն Սիմոնյանն առաջարկում էր զորացրվող զինծառայողներին համալիր փորձաքննության ենթարկել այնպես, ինչպես ենթարկում են զորակոչելիս, և եթե պարզվի, որ զինծառայողի առողջական խնդիրներն առաջացել են ծառայության ժամանակ կամ հետևանքով, ապա պետությունը պարտավոր է հոգալ բուժծախսերը։ Մեր հարցին, թե որքանո՞վ է արդարացի ՊՆ-ի այս մոտեցումը, քանի որ ստացվում է՝ երկու դեպքում էլ նախարարությունը հրաժարվում է հոգալ զինծառայողի բուժման ծախսերը, եթե խնդիրները ոչ մարտական գործողությունների ժամանակ են առաջացել, Գևորգ Գորգիսյանն արձագանքեց.

«Մեր մոտեցումը կարող եմ միանշանակ ասել, որ ավելի արդար ու ոչ խտրական է, բայց ՊՆ-ն պնդում է, որ այդքան ռեսուրսներ չկան, ուստի առաջնահերթությունը մարտական գործողությունների ժամանակ տուժածներն են։ Ես գտնում եմ, որ խտրականություն ամեն դեպքում կա, և սպասելու եմ մինչև իրենց խոստացածի համաձայն՝ ամեն տարի փոխհատուցումների շրջանակը հետ գնա, հետևելու եմ դրան։ Հենց հասնենք 90-ականներ, այս նախաձեռնությունը կրկին բերելու եմ։ Ես պահանջելու եմ, որ ամեն տարի որոշակի ժամանակահատվածով հետ գնա փոխհատուցումների շրջանակը, և նոր շահառուներ ներգրավվեն»,- եզրափակեց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter