HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը կմերժի «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը

Կառավարությունը վաղվա՝ մարտի 29-ի նիստում բացասական եզրակացություն կտա «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից։

Փոփոխությունները վերաբերում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայող­նե­րի առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաս­տա­տելու մասին» օրենքի 8-րդ գլխում, որի պա­հանջ­ների հա­մաձայն՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլա­նա­յին բուժզննումներ:

«Խորացված բժշկական քննության են ենթարկվում սպայական, ենթասպայական կազմերի և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ինչ­պես նաև պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական ծառայող­ները` տա­րեկան 1 անգամ` զինվորական բուժհիմնարկներում, իսկ պլանային բուժզննման են են­թարկ­վում շարքային կազմի պարտադիր զինծառայողները` տարեկան 2 անգամ` ուսուցման ձմեռային և ամառային փուլերից առաջ: Շարքային կազմի պարտադիր զինծա­ռա­յող­ները խորացված բժշկական քննության կարող են ենթարկվել` ելնելով առողջական վիճա­կից»,- ասված է նախագծի արձանագրության մեջ։

Նշվում է նաև, որ մարտական գոր­ծողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հեր­թապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտա­կանու­թյուն­ներ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդու­թյուն ստացած զինծառայողներն օգտվում են պետական բյուջեի մի­ջոց­նե­րի հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից` Հայաս­տա­նի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նախարարությունից նաև հայտնել են, որ գործող օրենքի համաձայն՝ Զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծա­ռայու­թյան ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատ­ճա­ռական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժա­մա­նա­կա­հատ­վածից:

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկա­կան օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, որի 1-ին հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ բացի հաշմանդամություն ունեցող անձանցից, այդ­պիսիք են հանդիսանում նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնաս­ված­քի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փոր­ձա­քննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել»,- գրված է նախագծում։

Այս ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարությունը որոշել է մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վի­ճա­կի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշ­ման և առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:

«Բացի դրանից, առա­ջարկված ձևաչափով պարտադիր բժշկական հետազոտությունների և փորձաքննության իրա­կանացումն իրատեսական չէ, քանի որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորա­ցրվում են մի քանի հազար քաղաքացիներ, որի պարագայում, եթե նախագծի հեղինակների պատկերացմամբ այդ գործընթացն իրականացվելու է զինվորական կոմիսարիատների և Հա­յաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաս­­տա­տությունների ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից, ապա այն բավականին բացասական ազդեցություն է թողնելու նշված մարմնինների բնա­կանոն գործունեության վրա՝ հաշվի առնելով թե՛ բուժման գործընթացում գտնվող զին­ծա­ռայողների ծավալները, և թե՛ այն հանգամանքը, որ զինկոմիսարիատներն ամբողջ տար­վա ընթացքում իրականացնում են զինվորական հաշվառման (կցագրման) գործընթաց, իսկ յու­րաքանչյուր զորակոչի բժշկական ապահովման գործընթացը սկսվում է նախկին զորակոչի ավար­տից գրեթե անմիջապես հետո (համապատասխանաբար մարտ և սեպտեմբեր ամիս­նե­րից սկսած)»,- նշված է եզրակացության մեջ։

Նախարարությունը որպես մերժման պատճառ է դիտարկել նաև այն, որ զորացրված զինծառայողների առողջական վիճակի գնահատման համար կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 405-Ն որոշման համաձայն՝ զորակոչիկների ար­տահիվանդանոցային փորձաքննության համար հաստատված ծավալներով իրա­կա­նացնելու դեպքում միայն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով նախ­նա­կան հաշվարկներով կպահանջի շուրջ 150 մլն դրամի լրացուցիչ ծախս (չհաշված հի­վան­դանոցային փորձաքննությունները և բուժումը, որոնց քանակը հստակ կանխատեսելի չէ):

«Միաժամանակ, գտնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկա­կան օգնությունը և սպասարկումն առնչություն չունի «Հայաստանի Հանրապետության պաշտ­­­պանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս­ների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առար­­կայի հետ, քանի որ եթե պետության կողմից անվճար բժշկական օգնության և սպա­սարկ­ման գործընթացն իրականացվում է սահմանված կարգով համապատասխան բժշկա­կան հաստատություններում պետական պատվերի տեղադրման միջոցով, ապա նշված օրենքով սահմանված իրավահարաբերությունները կոչված են փոխարինելու պետության կող­մից կենսաթոշակային ապահովության շրջանակներում իրականացվող գործընթացը»,- գրված է նախագծում։

Ապա նշվում է, որ հետագայում, համալիր քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքով հնարավո­ր է անդրադառնալ նման մոտեց­ման կիրառման պետական քաղաքականությանը:

«Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զին­վո­րա­կան ծառայությունից արձակված և առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխա­վոր­ված բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա Հա­յաս­տանի Հան­րապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին հա­վել­վածի 25-րդ կետում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորա­կան ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ ար­ձակ­ված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկա­սո­ցիա­լական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրա­վունք կունենան անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնու­թյան և սպասարկման` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետա­կան մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակ­նե­րում»,- գրված է նախագծում։

Նախագծի համահեղինակ Տարոն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ պետությունը պարտավոր է ծառայության ընթացքում կամ պատճառով առաջացած առողջական խնդիրների բուժման գումարը փոխհատուցել։ Պատգամավորը նաև վիճակագրություն էր ներկայացրել, ըստ որի՝ վեց ամսվա կտրվածքով 500 քաղաքացիների 60 տոկոսը դժգոհել է, որ զինծառայության ընթացքում ձեռք է բերել առողջական խնդիրներ, կամ էլ առկա խնդիրներն են վատթարացել։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ մերժել էր տրամադրել տեղեկատվություն, թե վերջին հինգ տարիների ընթացքում քանի զինծառայող է առողջական խնդրի պատճառով վաղաժամ զորացրվել, ինչպես նաև՝ թե նույն ժամանակահատվածում քանիսը չի զորակոչվել ԶՈՒ՝ առողջական խնդրի պատճառով: Նախարարությունը մերժումը հիմնավորել է պետական ու ծառայողական գաղտնիք լինելու հանգամանքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter