HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն մերժում է տեղեկություններ տրամադրել, թե առողջական խնդրով քանի քաղաքացի է զորակոչվել և քանիսը՝ վաղաժամ զորացրվել

Պարտադիր զինվորական ծառայությունից վերջին 5 տարիներին առողջական խնդիրների պատճառով ամենաշատն ազատվել են սիրտանոթային, նյարդաբանական, ակնաբուժական, հոգեբուժական և ուրոլոգիական հիվանդությունների առկայության դեպքում:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից սակայն չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հիվանդությունների առկայության դեպքում են քաղաքացիները նշված ժամանակահատվածում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Չնայած մենք հարցրել էինք նաև, թե օրենքով սահմանված որ հիվանդությունների դեպքում են քաղաքացիներն ազատվել պարտադիր զինծառայությունից, սակայն նախարարությունից միայն հայտնել են, որ հիվանդությունների ցանկը սահմանված է պաշտպանության նախարարի 410 հրամանով ու 404 որոշմամբ՝ այդպես էլ չներկայացնելով հիվանդությունների վիճակագրություն:

Հիշեցնենք նաև, որ մի շարք հիվանդությունների առկայությամբ զինակոչիկներ, որոնք, ըստ 410 հրամանի համարվում էին ծառայության համար ոչ պիտանի, այժմ համարվում են սահմանափակումներով պիտանի:

Մենք հարցրել էինք նաև, թե վերոնշյալ ժամանակահատվածում քանի քաղաքացի է առողջական խնդրով տարկետում ստացել և հետագայում զորակոչվել, ինչպես նաև առողջական խնդիր ունեցող զորակոչված քանի քաղաքացի է վաղաժամ զորացրվել առողջական խնդրի պատճառով, սակայն նախարարությունից մերժել են տրամադրել այդ անձանց թվաքանակը՝ նկատելով, որ այն պետական ու ծառայողական գաղտնիք է: Նախարարությունը վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ըստ որի՝ տեղեկության տիրապետողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

Նախարարությունից հղում են արել նաև «Պետական ու ծառայողական գաղտնիքի» մասին օրենքի 2-րդ հոդվածին, ըստ որի՝ պետական ու ծառայողական գաղտնիք է համարվում ռազմական բնագավառին վերաբերող այն տեղեկությունները, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Նախարարության համար մերժման հիմք է հանդիսացել նաև 1997 թվականին ընդունված N 173 որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:

Ըստ այդ որոշման, պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ են՝

  • Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին տեղեկությունները:
  • Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի պատրաստականության օպերատիվ (մարտական) վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը բացահայտող տեղեկությունները:
  • Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները:

Նախարարությունից վկայակոչել են նաև պաշտպանության նախարարի 2015 թվականին ընդունված N 9 հրամանի (գաղտնագրման ենթակա տեղեկությունների մասին - հեղ.) 10-րդ գլխի պահանջները, իսկ այն վերաբերում է անձնակազմի համալրման և կադրային հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter