HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորը կոչ է անում Սևանա լիճը մաքրել «սուսիկ-փուսիկ». «Էդ որ ասում եք տոքսիններ կան, քա՞նի հոգի է մահացել»

Խորհրդարանում շարունակվում է «Սևանա լճի հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ-ի հրավիրած աշխատանքային քննարկումը։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հիշեցրեց նախարարության տարածած հայտարարությունը, որով կոչ էին անում Սևանում չլողալ։

«Ասեմ, որ կենտրոնը սեզոնին մշտապես ափամերձ տարածքներում ջրի որակի մշտադիտարկում է իրականացվում, էնտեղ, որտեղ մարդիկ հանգստանում են։ Ռիսկի դեպքում տեղեկատվություն է տրամադրվում, փորձարկումը ցույց է տալիս ջրի նմուշում ընդհանուր տոքսիկության ինդեքսը կենդանի օրգանիզմների համար։ Մեր հետազոտոթյունները, երբ ցույց են տվել, որ որոշակի հատվածներում ինդեքսի վտանգավորության աստիճան կա, տեղեկացրել ենք։ Մեր հաջորդ հետազոտություններում ցուցիչը նվազել է, ինչի մասին նախարարը նույնպես տեղեկացրել է»,- ասաց Բակունցը։

Վերջինս անդրադարձավ ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանի այն խոսքերին, որ երեկ էլ Սևանա լճից ջուր է խմել։

«Սևանա լճի ջուրը մաքուր է շատ տեղերից, բայց այնուամենայնիվ, խմելու ջուր չէ, և ուրիշ բան է, որ մեկ-երկու անձ, որ այդտեղ են ապրում, ֆլորային սովոր են, ունեն ուժեղ իմունիտետ, բայց խնդրում եմ կոչ մի՛ արեք, որ խմեն։ Կարող են ոչ պատրաստ մարդիկ գալ, օրինակ՝ տուրիստներ, ու հիվանդանալ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է լճում լողալուն Նունե Բակունցն ասաց, որ այս պահին կատարված իրենց հետազոտությունները փաստում են, որ «ջրի մեջ թունունակություն չկա»։

«Մենք հետազոտում ենք բոլոր լողափերը, այս պահին չկա վտանգ, ուղղակի պետք է հիշել, որ լիճը կենդանի օրգանիզմ է, ջրիմուռներն էլ են կենդանի օրգանիզմ, մենք պարբերաբար դիտարկում ենք անում»,- ասաց նա։

Հրանտ Մադաթյանն արձագանքեց՝ լճից ջուր խմելու քարոզչություն չի անում։

«Մենք էլ ենք մարդ, մեր արյունն էլ է կարմիր, մեր մասին չեք մտածում, տուրիստների մասին եք մտածում, ոչինչ, թող մեկ-մեկ էլ իրենք փորացավ զգան, իրենք լավ երկրներում հանգիստ ապրում եմ, թող գան մեր հալը իմանան»,- ասաց Մադաթյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ որևէ բիզնես շահ չունի Սևանա լճի հետ կապված։

«Հողատարածք ունեմ, բայց ոչ մի աշխատանք չեմ տարել, մենակ վճարել եմ, որ մարդիկ մաքրեն, էդ հատվածը մաքուր լինի, ուրիշ աշխատանք չեմ տարել, որևէ շահ չունեմ»,- ասաց նա։

Պատգամավորը կոչ արեց ջրի մաքրման աշխատանքներն իրականացնել «սուսիկ-փուսիկ» և ոչ թե աղմուկ բարձրացնել այնպես, որ Սևանում հանգստացող չլինի։

«Էդ որ ասում եք տոքսիններ կան, քա՞նի հոգի է մահացել, եթե մարդ չի մահացել, ինչի՞ համար եք նախօրոք ամպագոռգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը միլիոնները տանում են ուրիշ երկրներ»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով Կառավարությանը, որ ջուրը մաքրեն անաղմուկ։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը զարմացավ՝ իսկ ինչո՞ւ պետք է նախարարությունն արձագանքեր այն ժամանակ, երբ արդեն զոհ կա, և բացի դա, պարտադիր չէ, որ թունավորումից մահացություն գրանցվի։ Այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, օրինակ՝ արտահայտվել մաշկային ալերգիայի տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter