
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել, նախքան Ռոբերտ Քոչարյանի գործը նրան մակագրելը
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում երեկ իրականացված խուզարկությունը կապված է քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի հետ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց քաղաքացու փաստաբան Գարիկ Մալխասյանը: Վերջինս, սակայն, չցանկացավ հրապարակել քաղաքացու անունը, որի շահերը ներկայացնում է:
Մեր հարցին՝ արդոք հաղորդումը կապվա՞ծ է պաշտոնեական կեղծիք կատարելու հետ, Մալխասյանը չպատասխանեց՝ նշելով, որ պատասխանելու դեպքում պետք է մանրամասներ հայտնի: Փաստաբանը, սակայն, վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Ըստ Մալխասյանի՝ քաղաքացին Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախքան Մարտի 1-ի գործից անջատված մասով անցնող անձանց` Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործը դատավոր Գրիգորյանին մակագրելը:
Թե ինչու է քաղաքացու հաղորդում ներկայացնելուց միայն ամիսներ անց խուզարկություն իրականացվել դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում, պարզ չէ:
Խուզարկությունն իրականացրած Հատուկ քննչական ծառայությունն, ինչպես նաև քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող Դատախազությունն այլ մանրամասներ չեն հայտնում:
Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ-ն իրազեկվել է դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին: Խաչատրյանը, սակայն, այս պահին այլ մանրամասներ չի հայտնում, թե երբ և ինչ կարգով է ԲԴԽ-ն իրազեկվել:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ևս մանրամասներ չի հայտնում, մեզ հետ զրույցում միայն նշեց, որ խուզարկությունը կատարվել է օրենքով սահմանված կարգով:
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը գտնվում է ամենամյա արձակուրդում` թեև երեկ խուզարկության ժամանակ եղել է դատարանում: Դատարանից մեզ հայտնեցին, որ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող նիստերը հետաձգվել են նրա` արձակուրդում գտնվելու պատճառով:
Ավելի վաղ գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երեկ խուզարկություն է կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր` նշելով, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում:
Մեկնաբանել