HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեկ տարում շուրջ կես միլիոն հատ բջջային հեռախոս է ներմուծվել Հայաստան

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ հայաստանցիները սկսել են ավելի շատ բջջային հեռախոսներ գնել ու ավելի բարձր գներով։ Վերջին տարիների ներմուծման տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է հեռախոսների քանակն ու գինը. հին սերնդի հեռախոսներին փոխարինելու են եկել ավելի թանկ «խելացի» հեռախոսները։

2018 թվականին Հայաստան է ներմուծվել 497.5 հազար հատ բջջային հեռախոս, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 84 մլն դոլար։ Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ) «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2017 թվականի համեմատ ներմուծված բջջային հեռախոսների քանակն աճել է 47.2 հազար հատով կամ 10.5 %-ով, իսկ ընդհանուր գինը 25.1 մլն դոլարով կամ մոտ 43 %-ով։

Ներկայացված երկու ինֆոգրաֆիկաներում վերջին տարիներին Հայաստան ներմուծված բջջային հեռախոսների քանակն է ու ընդհանուր մաքսային արժեքը։ Նախորդ տարիների տվյալները վերցված են ՄԱԿ-ի՝ արտաքին առևտրի վերաբերյալ բազայից (UN Comtrade Database)։ Դրանք ցույց են տալիս, որ թեև տարբեր տարիների ներմուծված հեռախոսների քանակը փոփոխվել է, սակայն դրանց ընդհանուր գինը հիմնականում աճի միտում ունի։ Ինչպես նշեցինք վերևում, դա պայմանավորված է նոր սերնդի հեռախոսների արժեքով, որոնք ավելի թանկ են։

Եթե տասը տարի առաջ՝ 2009  թվականին, ներմուծված մեկ բջջային հեռախոսի միջին արժեքը կազմել է մոտ 70 դոլար կամ այդ տարվա միջին փոխարժեքով մոտ 25 հազար դրամ, ապա 2018 թվականին՝ մոտ 170 դոլար կամ 81 հազար դրամ։ 

Վերջին երկու-երեք տարիներին բջջային հեռախոսների արտադրության համաշխարհային շուկայում հսկաներ համարվող Apple-ի և Samsung-ի գերիշխանությունը թուլացրին Huawei-ը, Xiaomi-ն ու OPPO-ն։ Բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող երևանյան մի քանի խանութներում մեր փոքրիկ հարցման ժամանակ վաճառքի մասնագետները հաստատեցին, որ այդ տենդենցը գրանցվել է նաև Հայաստանում։ Մասնավորապես, նախորդ տարվանից սկսած՝ Huawei-ի և Xiaomi-ի պահանջարկը կտրուկ աճել է։ Մեծ է հատկապես 100-200 հազար դրամի սահմաններում գտնվող մոդելների պահանջարկը։ Դրանք դիտարկվում են որպես այլընտրանք առավել թանկ գին ունեցող Apple-ի և Samsung-ի մոդելներին։ Մեզ նաև հավաստիացրին, որ չնայած Huawei-ի և Xiaomi-ի պահանջարկի աճին, հատկապես՝ Apple-ի պարագայում, «երկրպագուների» կայուն բանակ կա, որ շարունակում է օգտվել միայն այդ ընկերության արտադրանքից։

Մեր գրավոր հարցմանը Պետական եկամուտների կոմիտեից պատասխանել են, որ Հայաստանը բջջային հեռախոսներ է ներմուծում հիմնականում Ռուսաստանից, Վիետնամից, Չինաստանից, Չեխիայից, Հոնկոնգից և ԱՄԷ-ից։ ՄԱԿ-ի առևտրի վերաբերյալ բազայում (UN Comtrade Database) եղած ցուցանիշները վկայում են, որ Հայաստանին բջջային հեռախոսներ են մատակարարում մեծ մասամբ Չինաստանն ու Վիետնամը։ Մյուս երկրների կշիռը անհամեմատ ավելի փոքր է։

2018 թվականին Չինաստանից Հայաստան է ներմուծվել 46.5 մլն դոլարի 261 հազար հատ հեռախոս։ Այսինքն՝ չինական մեկ հեռախոսի միջին գինը՝ մաքսային արժեքը, կազմել է 178 դոլար։

Իսկ Վիետնամից ներմուծվել է 29.3 մլն դոլարի մոտ 214 հազար հատ հեռախոս։ Մեկ հեռախոսի միջին գինը կազմել է 137 դոլար։

Հայաստան բջջային հեռախոսների ներմուծմամբ զբաղվում են ինչպես մի շարք հայտնի խանութներ, որոնք կազմակերպում են նաև դրանց վաճառքը, այնպես էլ՝ ոչ փոքր թվով անհատ ձեռնարկատերեր։ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկությունների հանաձայն՝ ներմուծողների շարքում են բջջային երեք օպերատորները՝ «Յուքոմ»-ը (ապրանքանիշը՝ Ucom), «ՄՏՍ Հայաստան»-ն (ապրանքանիշը՝ VivaCell-MTS) ու «ՎԵՈՆ Արմենիա»-ն (ապրանքանիշը՝ Beeline): Այս շարքում են տեխնիկայի վաճառքով զբաղվող հայտնի առևտրային ցանցեր ունեցող «Մոբայլ սենթր արթ», «Զիգզագ», «Վեգա ուորլդ», «Վիէլվի սենթր», «Արայ» և մի շարք այլ ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ նախորդ տարի Հայաստան բջջային հեռախոս է ներմուծել 66 տնտեսվարող սուբյեկտ։

Թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերվում

Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն տարածեց, որ թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերվել։ Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում: Սրանք բջջային հեռախոսների, այսպես կոչված, ստվերային շուկայի մի մասն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter