
Սանտոշ. 17-րդ դարի հայուհին
«Այ ասա ինձ, եթե մեկը բանանը կերել, կեղեւը շպրտել է գետնին, ես անցա, տեսա եւ շրջանցեցի, չվերցրեցի, հաջորդ անցորդն էլ չտեսավ, սայթաքեց ու ոտքը կոտրեց, ո՞վ է դրանում մեղավորը' նա, ով գցե՞ց կեղեւը, ե՞ս, որ չվերցրեցի, թե՞ նա, ով չտեսավ...»:
Սա Սանտոշի սիրելի հանելուկներից է: Պատասխանն է՝ երեքս էլ մեղավոր ենք: Որովհետեւ ամեն ինչ կապակցված է աշխարհում, եւ բոլորս մի երկար շղթայի օղակներն ենք, եւ յուրաքանչյուր օղակի գործողություն ազդում է ողջ շղթայի վրա: Այդպես է սովորեցնում հնդկական փիլիսոփայությունը:
Սանտոշի տանը վառվում է ագառբատի' սանդալի փայտիկը. սանդալի բույրը Շիվ Կումար Շարմայի սանտուրի նվագի հետ զուգակցված' կարծես անջատում է նյարդային համակարգդ եւ մշուշում գիտակցությունդ: Սա Հնդկաստանի ազդեցությունն է:
Սանտոշ Կումարին հնդկուհի է: Նրա անունը թարգմանաբար նշանակում է վայելքների արքայադուստր: Ու թեպետ արդեն երկար տարիներ ապրում է Հայաստանում ու սիրում է Հայաստանն այնպես, ինչպես կարող ես սիրել միայն քո երկիրը, սակայն կրում է միմիայն հնդկական ազգային տարազը եւ, թեպետ ամուսնացած հնդկուհու համար պարտադիր տիկան ( կարմիր ներկ գլխին ) բացակայում է, բայց բինդին միշտ ճակատին է եւ հնդկուհու համար ամուսնական մատանուն փոխարինող մնգլ սուտրը՝ պարանոցին:
Ինչպե՞ս Սանտոշը հայտնվեց Հայաստանում: Նա ռուսաց լեզու եւ գրականություն էր ուսումնասիրում Սանկտ Պետերբուրգում, այն ժամանակ' Լենինգրադում:
Մի անգամ համերգի ժամանակ մի երիտասարդ, որ առաջին անգամ էր տեսնում Սանտոշին, մոտեցավ նրա ընկերուհուն ու ասաց. «Ասա հնդկուհի ընկերուհուդ, որ ես ուզում եմ ամուսնանալ հետը»:
Երիտասարդը հայ ուսանող, ապագա նկարիչ Էդվարդ Սասունն էր:
Բնականաբար, նա Սանտոշից «այո, հնազանդ եմ» բառերը միանգամից չլսեց:
Սկզբում հնդկուհին ուսումնասիրեց պոտենցիալ ամուսնուն, հետո սկսեց սովորել հայերեն, կարդաց հայոց պատմությունը:
«Մեր պատմությունները շատ նման են,-ասում է Սանտոշը:-Ե՛վ հայերը, եւ՛ հնդիկները միշտ տառապել են օտար զավթիչների ձեռքին, միշտ եղել են պաշտպանվողի դերում: Պատմության միջոցով ես սիրահարվեցի հայ ժողովրդին»:
Երիտասարդներն ամուսնանալու մտադրության մասին գրեցին ծնողներին: Իր մորն ուղղված նամակում Էդվարդը գրեց. «Ես Լենինգրադում իսկական հայուհի եմ գտել, բայց' 17-րդ դարի»:
Հնդկական հասարակության մեջ աղջիկն ամուսնանալիս պետք է ընդունի իր ամուսնու կրոնն ու ազգանունը: Հինդուիզմը պարզապես կրոն չէ, այլ' ապրելակերպ: Հինդու չեն դառնում, հինդու ծնվում են: Հինդուիզմից հեշտությամբ չեն հրաժարվում: Այնպես որ, հնդիկ ծնողների մտահոգությունը հասկանալի էր:
Էդվարդի ծնողների համար էլ Սանտոշն օտարերկրացի էր, ինչն այն ժամանակ նույնացվում էր գրեթե այլմոլորակայինի հետ:
Էդվարդի ծնողները հարազատների ուղեկցությամբ գնում են Լենինգրադ՝ ծանոթանալու ապագա հարսի հետ:
«Ապագա տալիս ամուսինն ինձ ասաց. «Մեզ մոտ' Շղարշիկում ( Էդվարդի պապերը սասունցի են), ավանդույթ կա. հարսը պետք է լվանա սկեսրայրի ոտքերը»: Ասաց այնպես, կարծես փորձում էր՝ արդյոք օտարերկրացին կդիմանա՞: Բայց Հնդկաստանում մենք ամեն օր ենք խոնարհվում մեր մեծերի առջեւ ու լվանում նրանց ոտքերը: Դա, բացի հարգանքի նշան լինելուց, խորն իմաստ ունի: Երբ ձախ ձեռքդ դիպչում է մեծի աջ ոտքին եւ աջ ձեռքդ' նրա ձախ ոտքին, կատարվում է էներգիաների միաձուլում, ինչն առողջարար ազդեցություն ունի:
Այնպես որ, գնացի տաշտով ջուրը բերեցի ու լվացի: Իմ փոխարեն իրենք ընկան շոկի մեջ»,-ծիծաղում է Սանտոշը:
Ռուսաստանում ամուսնանալուց հետո որոշեցին հարսանիք անել նաեւ Հայաստանում ու Հնդկաստանում:
Հայաստան գալուն Սանտոշը սպասում էր սրտի տրոփյունով. «Ամուսինս ինձ գայթակղում էր Հայաստանի եւ հատկապես իր ծննդավայրի աննկարագրելի գեղեցկությամբ, բնությամբ, որի նման կատարյալն էլ ոչ մի տեղ չես տեսնի»:
«Այդ գեղեցիկ բնությունից առաջին տպավորությունս հիասթափությունն էր: Հնդիկի համար գեղեցիկ բնություն նշանակում է վիթխարի կանաչ ծառեր, բազում տեսակի գույնզգույն ծաղիկներ, կանաչ հարթավայրեր: Գյուղ տանող ճանապարհին միայն քարեր էին, քարեր, քարեր: «Սա՞ է ձեր սիրունությունը»,-զարմացա ես»:
Դա առաջին տպավորությունն էր: Մի քանի ամիս Շղարշիկ գյուղում ապրելուց հետո Սանտոշը սիրահարվում է անվերջ լեռներին եւ չորս ամսում կատարյալ սովորում է հայերեն:
Իսկ երբ մի անգամ առավոտյան արթնանում է ու իսկական հայ գյուղացի կնոջ նման սկսում է հաց թխել թոնիրում, վերջնականապես շահում է ամուսնու ընտանիքի եւ գյուղացիների սիրտը: Շուտով շատերը Շղարշիկն անվանում են հնդիկի գյուղ:
Հայաստանում Սանտոշին սպասվում էր մեկ այլ փորձություն' ավագ դստերը եկեղեցում կնքելիս:
- Հայրը եւ մայրը կնքվա՞ծ են,-հարցնում է քահանան:
- Մայրը' ոչ,-պատասխանում է Էդվարդը:
Պարզվում է' սկզբում մորը պետք է կնքեն, հետո' երեխային: Կնքվել նշանակում է ընդունել տվյալ կրոնը, մի կրոն, որի մասին Սանտոշը գրեթե ոչինչ չգիտեր: Նա փորձում է առարկել, սակայն ոչ ամուսինը, ոչ քահանան, ոչ էլ կնքահայրը օգնության չեն հասնում: Այդպես Սանտոշին կնքում են:
«Ստիպված սկսեցի խորությամբ ուսումնասիրել նոր կրոնս,-ծիծաղում է Սանտոշը:-Հիմա երեւի ավելի լավ քրիստոնյա եմ, քան շատ ու շատ ի ծնե քրիստոնյաներ: Բոլոր կրոններն, ի վերջո, նույնն են ասում, պարզապես տարբեր խոսքերով»:
Սանտոշն ու Էդվարդն ունեն հինգ երեխա: Սանտոշի կարծիքով' այդ թիվը նվազագույնը պիտի լինի յուրաքանչյուր կնոջ, եւ հատկապես հայուհու համար: Նրանցից չորսը կրում են հայկական անուններ, եւ բոլորն իրենց համարում են ոչ թե «կես հնդիկ, կես հայ», այլ «100 տոկոսանոց հայ»: Երկու տղաները' Հայկը եւ Դավիթը, պատրաստվում են դպրոցն ավարտելուց հետո ծառայել Հայոց բանակում:
«Նրանք պարզապես ապրում են բանակում ծառայելու երազանքով: Հուսով եմ' Հայոց բանակը չի հիասթափեցնի իրենց: Հնդկաստանում բանակը պրոֆեսիոնալ է. այստեղ բանակից խուսափելն է դժվար, այնտեղ' բանակում ծառայության անցնելը»,-ծիծաղում է Սանտոշը:
Է՞լ ինչ իրական տարբերություններ կան հայկական ու հնդկական հասարակությունում:
«Երբ տեղափոխվեցինք Հայաստան, թերեւս առաջին բանը, որն ապշեցրեց ինձ, վերաբերմունքն էր կնոջ հանդեպ: Շղարշիկում, ինչպես եւ Հնդկաստանում, կինը չի նստում սեղանի մոտ: Հնդկաստանում կինը պետք է անընդհատ աք ռոտի ( հնդկական կլոր, բարակ հաց ) մատուցի ճաշին եւ հետեւի, որ սեղանին պակաս բան չլինի»,-ասում է Սանտոշը:
Չնայած որոշ նմանություններին' հնդկուհին շատ ավելի արտոնյալ վիճակում է:
Հնդկաստանում կնոջը նույնացնում են Լակշմի աստվածուհու հետ: Լակշմին «բարաքյատի» աստվածուհին է: Տան բոլոր աշխատողները փողը տալիս են կնոջը. նա գիտի' ինչքան պետք է ծախսի, որ մինչեւ հաջորդ աշխատավարձ բավականացնի:
Իսկ հայ կինը ճնշված ու նսեմացված է հասարակությունում: Ընտանեկան հոգսերի մեծ մասը կնոջ ուսին է. նա եւ՛ աշխատում է, եւ՛ երեխաներին է պահում, եւ՛ ճաշ է պատրաստում, եւ՛ մաքրություն է անում:
Հնդկաստանում ամեն ընտանիքում կա հատուկ մարդ, ով մաքրում է միայն զուգարանը, աման լվացողն առանձին է, ճաշ եփողը' առանձին: Այդ մարդիկ ցածր կաստաներից են: Ամենաաղքատ ընտանիքներն էլ կարող են իրենց թույլ տալ նման մարդիկ ունենալ, որովհետեւ նրանց աշխատանքը Հնդկաստանում շատ էժան է գնահատվում:
«Ես բանասիրական գիտությունների թեկնածու եմ, ունեմ մի քանի դիպլոմներ, ռեյկիի վարպետ եմ, այուրվեդիկ մասաժի վարպետ եմ, գալիս եմ Հայաստան եւ ինձ ասում են' պիտի տան գործ անես, որն, ի դեպ, խլում է ժամանակիդ մեծ մասը: Այ դա ինձ համար իսկական շոկ էր: Բայց, ընդհանուր առմամբ, մեր մշակույթները շատ նման են, երկու ազգն էլ արիացիներ են, չէ՞: Նույնիսկ մեր լեզուները ( Սանտոշը ԵՊՀ պրոֆեսոր է, դասավանդում է հինդի ) նույն արմատներն ունեն:
Արիացիներից առաջ Հնդկաստանում դրավիտներ էին ապրում: Երբ արիացիները եկան Հնդկաստան, դրավիտները ձուլվեցին նրանց հետ, առաջացավ արիա-դրավիտական քաղաքակրթություն: Այդ ժամանակ գրվեցին հնդկական հանրահայտ էպոսներ «Ռամայան» ու «Մահաբհարատը»:
Այդ էպոսներում կանայք իրենց զավակներին կոչում են «արի պուտր», այսինքն' «արի զավակ», «սուրի վնչի»' արեւի ցեղից եկած մարդիկ:
Վեդաները (հինդուների սուրբ տեքստեր) արիացիներն են բերել Հնդկաստան: Իսկ առաջին արիացիները հայերն են եղել, դա գրքերում էլ կա:
Սանսկրիտի 80 տոկոսը նման է գրաբարին: Սանսկրիտն էլ են արիացիները տարել Հնդկաստան: Միգուցե հիմա բառերի հնչողությունը փոխվել է, բայց արմատը նույնն է, Աճառյանի մոտ շատ արմատային նմանություններ կարելի է գտնել: Օրինակ՝ հայերենում երաշխիք, սանսկրիտում' առախշըք:
անըմ-նամ
պանիր-պնիր
նարինջ-նառնգի
ճակընդեղ-ճկունդռ
գազար-գազր
ամբոխ-ամբոհ
մարդ-մռդ
թագ-տաջ
թավա-տվա
թոնիր-տնդուռ
ակնթարթ-ակ
շուշա-շիշա
Այժմ Սանտոշն աշխատում է հայ-հնդկական բառարանի վրա: Նրա ուսանողներից մեկը «Մահաբհարատը» թարգմանում է հայերեն:
Սանտոշն ինքը հնդկերեն է թարգմանել «Ադանան» եւ «Ախթամարը»: Հիմա թարգմանում է «Սասնա ծռերը», չէ՞ որ Սասունցու հարս է:
«Հույս ունեմ' այդ թարգմանություններս մի օր կտպվեն: Նաեւ մեծ ցանկություն ունեմ, որ հնդիկ կինոռեժիսորները մի օր «Սասունցի Դավիթն» էլ բեմականացնեն, ինչպես «Մահաբհարատը» եւ «Ռամայանը»»,-ասում Սանտոշը:
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել