HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական պարը` որպես սենդվիչ

Ամեն ինչ սկսվեց պարզ հետաքրքրասիրությունից եւ հետագայում վերածվեց ապրելակերպի: Ժողովրդական պարերի պարուսույց, հոլանդուհի Տինեկե Վան Խեյլը երեսուն տարի առաջ Հոլանդիայում հայկական պարի իր առաջին դասերն առավ երկու հայ ուսուցչից, իսկ այժմ արդեն ինքն է ուսուցանում հայկական պարերը ամբողջ աշխարհում, ավելին' կազմակերպում է պարային շրջագայություններ դեպի Հայաստան:

Սկիզբը

Ես ժողովրդական պարերի պրոֆեսիոնալ պարուսույց էի: Դասավանդում էի տարբեր ժողովուրդների պարեր՝ ռուսական, հարավսլավական, իսրայելական եւ այլն: 70-ականների վերջերին Հոլանդիայում հանդիպեցի Կանադայից եւ Ֆրանսիայից եկած երկու հայ պարուսույցի, ովքեր ինձ ցույց տվեցին մի քանի պարեր: Հայկական երաժշտությունը եւ պարերը հետաքրքրեցին ինձ, սակայն չէի առանձնացնում դրանք մյուս պարերից:

Հետո սկսեցի հաճախել «Աբովյան» հայկական ակումբ, որը հիմնել էին Հաագա քաղաքում ապրող մի խումբ հայեր: Նրանք ինձ սովորեցնում էին հայոց պատմությունը եւ լեզուն, իսկ ես նրանց' այն սակավաթիվ հայկական պարերը, որոնք գիտեի այն ժամանակ:

Հետզհետե համակրանքս հայկական պարերի եւ մշակույթի հանդեպ վերածվեց իսկական սիրո, եւ սկսեցի մտածել Հայաստան այցելելու եւ պարերը տեղացիներից սովորելու մասին:

Խորհրդային Հայաստան գալու միակ ճանապարհը պաշտոնական ճանապարհն էր: Դիմեցի Հոլանդիայի կառավարությանը' կրթական ծրագրի մասնակցելու համար, եւ 1985 թվականին եկա Հայաստան:

Հետո արդեն օրենքները փոխվեցին, եւ Հայաստան գալ կարող էի ընկերներիս հրավերով: Գալիս էի յուրաքանչյուր տարի:

Այստեղ հաճախում էի բոլոր ցերեկային եւ երեկոյան դասընթացներին, որ կարողացա գտնել:

Ընդ որում, ընտրում էի տարբեր տարիքային խմբեր' տեսնելու համար, թե ինչպես է աստիճանաբար զարգանում պարը:

Ես միշտ ամենաբարձրահասակն էի խմբերում: Հայերի նոր սերունդը բավականին բարձրահասակ է հիմա, այն ժամանակ այդպես չէր: Ինձ միշտ կանգնեցնում էին շարքի ամենասկզբում, իսկ ես չգիտեի' ո՞ր կողմ գնալ, ի՞նչ անել, կամ էլ' երկու մարդկանց արանքում, ովքեր փորձում էին բացատրել ինձ իրենց քայլերը եւ թռիչքները՝ ինձ ամուր սեղմելով իրենց արանքում:

Եթե հայկական պար սովորելու ցանկություն ունեցող արտերկրացին արտասովոր երեւույթ էր մեծահասակների համար, ապա փոքրերի մասին պետք չէ անգամ խոսել: Մի անգամ փոքրերի խմբում մի աղջիկ հարցրեց, թե քանի տարեկան եմ: Այդ ժամանակ երեսուներկու տարեկան էի: «Ի~նչ զվարճալի է, մորս տարիքին ես»,-զարմացավ նա:

Խորհրդային Հայաստանը եվրոպացու աչքերով

1988 թվականին ես դարձյալ կրթական ծրագրով չորսուկես ամսով եկա Հայաստան: Այդ տարին դժվարագույններից էր Հայաստանի համար: Ոչինչ չէր ճարվում, ինչ էլ ճարվում էր, կտրոններով էր: Կտրոն էի ստանում կարագի, շաքարի, սուրճի համար: Երբ առաջին անգամ ստացա սուրճս, պարզվեց, որ ինքս պիտի բովեմ հատիկները, մի գործողություն, որ լրիվ նոր էր ինձ համար. Նորքի զանգվածի ուսանողական ամբողջ հանրակացարանը դրանից հետո վայելում էր սարսափելի վառածի հոտը խոհանոցից:

Մի անգամ ամուսինս զանգահարեց ինձ ու հարցրեց, թե ինչպես եմ: Ես երջանիկ ճչացի՝ ես հավ եմ գտել:

Տաք ջրի բացակայության խնդիրը լուծեցի՝ գնելով էլեկտրական սպիրալ. այն իջեցնում էի դույլով ջրի մեջ, եւ տասը րոպեից ջուրը տաք էր:

Սկզբում ինձ համար իրոք դժվար էր գտնել տեղս հայկական հասարակությունում: Այն տարիներին Հայաստանում օտարերկրացի տեսնելը շատ տարօրինակ էր: Բոլորը վրաս էին պլշում, կնոջ համար գրեթե անհնարին էր միայնակ ռեստորան գնալ: Ես շատ տղամարդ ընկերներ ունեի. դա մի կերպ ներվում էր արտասահմանցուն, բայց հայուհու համար գրեթե անհնարին էր:

Շատ հայեր ինձ նմանեցնում էին լիտվացու կամ էստոնացու եւ համոզված էին, որ ես այստեղ եմ առնական, թխամաշկ հայ ամուսնու փնտրտուքներով:

Երբ իմանում էին, որ ամուսնացած եմ, մի շոկը փոխվում էր մյուսով. ինչպե՞ս է ամուսինս ինձ չորսուկես ամսով թողել միայնակ գամ օտար երկիր: Այն ժամանակ երեսուներկու տարեկան էի եւ երեխաներ դեռ չունեի ( դուստրս ծնվեց մեկ տարի անց): Ի վերջո, նման հարցերը կանխելու համար ասացի, որ ունեմ երկու երեխա. նրանց տատիկն ու պապիկն են պահում: Դա շատ նորմալ էր Հայաստանում, բայց երբեք՝ Հոլանդիայում:

Հայաստանում էի, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը: Ես տեսա բազում տառապանքներ, սարսափելի տառապանքներ: Հոլանդական Կարմիր Խաչի հետ շրջեցի աղետի գոտիներով, նաեւ օգնում էի հիվանդանոցում Երեւանում: Այնտեղ այն ժամանակ բերում էին նաեւ փախստականների եւ վիրավորների Ղարաբաղից: Դա իրոք ծանր ժամանակ էր: Ու տառապանքը, որ կիսեցի հայերի հետ, մերձեցրեց ինձ այս ժողովրդին:

Հայերը

Բացի երաժշտությունից եւ պարերից, Հայաստանում ինձ միշտ գրավել են մարդիկ: Ես սովորում էի Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտում եւ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում: Մի անգամ ինստիտուտի դեկանն ինձ ասաց, որ մշակույթի նախարարն ուզում է տեսնել ինձ: Տեսակցության ժամանակ նախարարն ինձ հարցրեց, թե ինչպիսին են պայմանները հանրակացարանում, ուր ապրում էի, չունե՞մ, արդյոք, բողոքներ: Նման բան երբեք տեղի չէր ունենա Հոլանդիայում:

Իմ լավագույն ընկերները Հայաստանից են: Մինչեւ հիմա էլ, երբ գալիս եմ Հայաստան, անպայման պետք է տեսնենք միմյանց, որքան էլ զբաղված լինեմ:

1993 թվականին, երբ Հայաստանում չկար էլեկտրականություն, ես իմ մի քանի հայ ընկերներին տարա Հոլանդիա, եւ նրանք ապրեցին իմ տանը որոշ ժամանակ, նաեւ' հաջորդ տարի: Նրանք իմ հայ եղբայրն ու քույրն են, նրանց երեխաներին վերաբերվում եմ ինչպես հարազատներին:

Հայկական մշակույթի «տարածում»

«1989 թվականին հրատարակեցի գիրք Հայաստանի մասին: Այնտեղ ներառեցի Հայաստանի պատմությունը, կրոնը, սփյուռքը, լեզուն՝ հիմնականում շեշտադրելով հայկական տարազը, հայկական պարը, ազգային երաժշտական գործիքները: Գիրքը գրելիս օգտվել եմ հոլանդերեն, անգլերեն եւ գերմաներեն լեզուներով քսաներեք գրքից: Այն ժամանակ ինտերնետը դեռ սաղմնային վիճակում էր:

Ես գիրքն առանձնապես չէի գովազդել, այն չի թարգմանվել ուրիշ լեզուներով, սակայն այն օգտագործեցին Հոլանդիայի պարային ակադեմիայում՝ ժողովրդական պարեր ուսումնասիրող ուսանողների համար: Գրքի հրատարակման պահին հայկական պարերը եւ Հայաստանը գործնականորեն անհայտ էին Հոլանդիայում: Կարծում եմ՝ գիրքը նպաստեց հոլանդացիների գիտելիքների զարգացմանն այս ասպարեզում:

Հայաստանում աշխատում էի տարբեր սիրողական եւ պրոֆեսիոնալ երաժշտական խմբերի հետ: Ես պատրաստվում էի հետագայում դասավանդել այն պարերը, որոնք սովորում էի այստեղ: Բայց այն երաժշտության մեծ մասը, որի ներքո պարում էինք, երբեք չէր ձայնագրվել: Այդ խնդիրը լուծվեց այսպես. ես հիմնեցի Վան Խեյլ երաժշտական ընկերությունը եւ ձայնագրվելու համար հայ երաժիշտներին տարա Հոլանդիա:

Մենք ձայնագրեցինք յոթ ձայնասկավառակ պրոֆեսիոնալ հայ երաժիշտների հետ: Այդպես ես նաեւ կարծես արխիվացրեցի հայկական ժողովրդական եւ պարային երաժշտության նմուշներ, որոնք, կրկնում եմ, երբեք չեն ձայնագրվել:

Զավեշտալին այն է, որ այս այցելությանս ընթացքում գնացի երաժշտական խանութ եւ խնդրեցի հայկական ժողովրդական երաժշտության իրենց լավագույն սկավառակը: Ինձ մեկնեցին սկավառակ, որի տուփի ներսում գրված էր' Van Geel Records : Ասացի' Վան Խեյլը ե՛ս եմ: Ցանկացած այլ երկրում խանութը մեծ խնդիրներ կունենար ձայնասկավառակների անօրինական պատճենները վաճառելու համար, բայց ոչ Հայաստանում: Վաճառողը լայն ժպտաց, սկսեց սեղմել ձեռքս, բացականչել, որ ուրախ է հետս ծանոթանալու համար, եւ որ սկավառակս լավագույնն է իր ունեցածների մեջ:

Սենդվիչ

Հիմա ես հայկական պար եմ դասավանդում ամբողջ աշխարհում: Ինձ համար հայկական պարի մեջ ամենացնցողը կոնտրաստն է՝ կանացի լիրիկական, նազանքով պարերից մինչեւ շատ աշխույժ տղամարդկանց պարերը: Բացի պարը դասավանդելուց, ես միշտ պատմում եմ հայկական մշակույթի, մարդկանց, պատմության, իմ անձնական փորձի մասին այստեղ:

Եվրոպացիները դժվարությամբ են ընկալում հայկական պարը: Հայկական պարի շարժումները խորթ են մեր մշակույթին: Օրինակ՝ ճապոնացիների, թայվանցիների, թայերի համար շատ հեշտ է սովորել հայկական պարը. այդ շարժումները, որոնց մեջ ներառվում է ողջ մարմինը, հարազատ են նրանց:

Եվրոպացիներին հայկական պարը սովորեցնում եմ այնպես, կարծես սենդվիչ եմ տալիս նրանց: Սկզբում հացն եմ տալիս, որը ծանոթ է իրենց, վերցնում են, հետո կարագն եմ քսում, դարձյալ ծանոթ է, հետո ապխտած միսն եմ դնում եւ այդպես շարունակ: Շատերն ասում են, որ յուրահատկությունս եւ դասընթացներիս հաջողությունը հենց նրանում է, որ շարժումները բաժանում եմ պարզ տարրերի եւ դրանք մատուցում աստիճանաբար:

Պարային շրջագայություններ

Այդպես ծնվեց դեպի Հայաստան մեկշաբաթյա պարային շրջագայություններ կազմակերպելու գաղափարը: Շրջագայության մի մասը լինելու էր պարեր սովորելը, մյուս մասը' մշակույթին ծանոթանալը, տեսարժան վայրեր այցելելը: Իմ հին ընկեր Սաթիկ Ավետիսյանը, ով ապրում է Հայաստանում եւ ամուսնացած է հոլանդացու հետ, օգնեց ինձ կազմակերպչական գործում:

Իմ կարծիքով, մարդիկ հայկական պարեր պետք է սովորեին հայ ուսուցչից, այնպես որ ես հրավիրեցի Փայլակ Սարգսյանին. ժամանակին նա իմ ուսուցիչն էր:

Կարծում եմ' նման շրջագայությունները շատ կարեւոր են նաեւ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարիք ունի արտասահմանյան ուշադրության: Շատ մարդիկ գաղափար անգամ չունեն այս չափազանց հետաքրքիր երկրի գոյության մասին:

Իրականում պարը իմ միջանկյալ լեզուն է մարդկանց Հայաստանին ծանոթացնելու:

Առաջին խումբը բերեցի անցյալ տարի: Մտահղացումս հաջողություն ունեցավ. այս տարվա երկրորդ խմբում ընդգրկվելու համար ավելի շատ դիմորդներ կային:

Հաջորդ տարի ես միանգամից երկու շրջագայություն եմ կազմակերպելու Հայաստան, մեկը' միայն ասիացիների համար, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական պարի հանդեպ:

Այս խումբս բաղկացած էր քառասունյոթ հոգուց՝ քառասունմեկ կին եւ վեց տղամարդ: Մեծամասնությունը սիրողական պարողներ էին, պարուսույցներն ընդամենը մի քանիսն էին: Այս խմբում կային մարդիկ, ովքեր ոչ միայն երբեք չէին պարել հայկական պարեր, այլեւ ոչինչ չգիտեին Հայաստանի մասին:

Նաեւ կային մարդիկ, ովքեր երկրորդ անգամ էին գալիս: Հայկական պարը հիմա մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այս շրջագայության որոշ մասնակիցներ ստիպված են եղել շրջագայության համար գրանցվել դեռ անցյալ տարի:

Մենք պարեցինք այստեղ' Երեւանում, գնացինք Եղեգնաձոր եւ տեսանք նրանց պարը, համեմատեցինք հայերի կյանքը Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

Մենք սովորեցինք հինգ նոր պարեր' եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց:

«Կիլիկիա» ռեստորանում մեր խումբը սկսեց պարել հայկական պարեր: Սեղանների մոտ նստած տեղացիների ապշանքն աննկարագրելի է. 47 արտասահմանցիներ աշխարհի ամենատարբեր երկրներից պարում են իրենց պարերը: Հետո նրանք միացան մեզ:

Ես Հայաստան եմ գալիս արդեն երկար տարիներ: Ու ամեն անգամ հասկանում եմ, որ տեսնելու, ապրելու, սովորելու բաներ դեռ շատ ունեմ, ու հայկական պարն ուսումնասիրելու պրոցեսը երբեք չի դադարի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter