HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մնաց մի մարդ, ում վրա կարող եմ ազդեցություն գործել, և դա ես եմ». կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի խոսքը դատարանում

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը կշարունակվի մնալ կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր մերժեց դատավորի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նրա պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը:

Նշենք, որ կաշառք ստանալու առթիվ հարուցված քրեական գործով, որը քննում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, արդեն ավարտվել է ապացույցների հետազոտումը: Այսօր ավարտվեցին նաև դատակոչում առկա անձանց հարցաքննությունները: Միակ անձը, որը պետք է ցուցմունք տա, Գագիկ Հեբոյանն է, ուստի նրա պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ այլևս առկա չէ գործով անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկ: Նշենք, որ կաշառքի գործով անցնող անձինք Կոտայքի մարզի Աբովյանի նստավայրի աշխատակիցներ են, այսինքն՝ նույն դատարանի, որտեղ աշխատել է Գագիկ Հեբոյանը: Ըստ պաշտպան Արմեն Նադիրյանի՝ առկա չէ նաև ռիսկ, որ Հեբոյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Պաշտպանի խոսքով՝ միայն հանցանքի ծանրությունն ու պատժի խստությունը բավարար չեն՝ համարելու համար, որ անձը կարող է փախուստի դիմել:

Պաշտպանը համոզված է, որ Հեբոյանի նկատմամբ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելը երաշխիք է, որ նա չի լքի երկիրը: Նադիրյանը միջնորդեց նաև Հեբոյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել, եթե, այնուամենայնիվ, դատավորը կվճռի, որ առկա են կալանքի հիմքեր: Փաստաբան Վահագն Դանիելյանի պաշտպանները միացան միջնորդությանը:

Դատախազ Արթուր Չախոյանն առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ առկա են ինչպես քննությանը խոչընդոտելու, այնպես էլ քննությունից թաքնվելու հիմքեր: Ըստ Չախոյանի՝ գործը դեռևս գտնվում է այն փուլում, երբ հարցաքննվել են միայն դատակոչի ցուցակում առկա անձինք, սակայն կարող են կողմերի միջնորդությամբ հարցաքննվել նաև նոր վկաներ: Բացի այդ, ըստ դատախազի, չի բացառվում, որ կարող է առաջանալ արդեն հարցաքննված վկաներին նորից դատարան հրավիրելու և լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն: Արթուր Չախոյանը նաև կարծիք հայտնեց, որ Հեբոյանի՝ փախուստի դիմելու հավանականությունն էլ ավելի է մեծանում դատաքննության ներկա փուլում, քանի որ դատավճռի հրապարակման և պատիժ կրելու հավանական պահն, այսպես ասած, մոտ է:

Դատավոր Գագիկ Հեբոյանը հակադարձեց դատախազին: «Մնաց մի մարդ, ում վրա ես կարող եմ ազդեցություն գործել, և դա ես եմ»,- ասաց Հեբոյանը:

Դատարանն, այնուամենայիվ, վճռեց, որ կալանքի հիմքեր առկա են, սակայն թե ինչ հիմնավորումներ է նշել միջնորդությունը մերժելիս, պարզ չէ, քանի որ կողմերը դեռևս ծանոթ չեն որոշման բովանդակությանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Գործի նախաքննության ավարտի մասին հաղորդագրության մեջ Հատուկ քննչական ծառայությունը նշել էր, որ դատավորն ըստ մեղադրանքի քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1 224 400 դրամին համարժեք 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

«Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին»,- գրված է հաղորդագրության մեջ: Հեբոյանը ձերբակալվել էր մարտի 27-ին, դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որը բավարարվել էր:

Դրանից հետո դատավորին մեղադրանք է առաջադրվել, և նա դատարանի որոշմամբ կալանավորվել էր:

Այս պահին դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Գագիկ Հեբոյանը գտնվում է կալանքի տակ, իսկ Վահագն Դանիելյանի նկատմամբ գրավ է կիրառվել:

Լուսանկարում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter