HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Եթե այնտեղ «Քոչարյան» ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին». փաստաբանը մանրամասնում է դատավորի աշխատասենյակում կատարվածը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում երեկ տեղի ունեցած խուզարկության թեմայով «Հետքը» զրուցել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, դատավոր Դավիթ Գրիգորյանը ե՞րբ է տեղեկացվել իր աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին:

-Դավիթ Գրիգորյանը չի տեղեկացվել` թեև օրենքով սահմանված կարգով նրան պարտավոր էին քննչական գործողություն իրականացնելու վայրի և ժամի մասին մեկ օր առաջ տեղեկացնել: Առանց համաձայնեցնելու եկել են, առգարվում արել և իրեն թույլ չեն տվել իր աշխատասենյակում մասնակցել այդ գործողությանը, կնքել են դռները:  Մենք երկուսով ներկայացրել ենք, որ վերացնենք նրա իրավունքի խախտումը, բայց ոստիկանները թույլ չեն տվել: Դատարանի որոշում չեն ունեցել, տեղի ունեցածն ապօրինի է եղել, այնուհետև քննիչը դատարանի որոշմամբ եկել է՝ խուզարկություն կատարելու:

-Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտնել է, որ իրազեկվել է Գրիգորյանի աշխատասենյակում խուզակության մասին: Ձեզ հայտնի՞ է, թե երբ է խորհուրդն իրազեկվել:

-Մինչև գործողությունն իրենք օրենքով պարտավոր էին տեղեկացնել ԲԴԽ-ին, և տեղեկացրել են, սակայն թե ինչ բովանդակությամբ և ինչ ձևակերպումներով են տեղեկացրել, չգիտեմ:

-Դատական օրենսգիրքը սահմանում է, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելիս պետք է առավելապես  ապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը, սակայն  խուզարկության հաջորդ օրը այդ գաղտնիության սկզբունքը խախտվեց:

-Իրենք ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատավորի նկատմամբ: Ի՞նչ է նշանակում աշխատասենյակ մտնել ու նրան թույլ չտալ մասնակցել առգրավման գործողությանը: Առգրավում կատարելիս նախ կոնկրետ անձից պահանջվում են այն գույքը, առարկան կամ փաստաթուղթը, որը ենթակա է վերցման, և եթե կամովին չի հանձնում, նոր հարկադրաբար են վերցնում: Այսինքն` տվյալ դեպքում առգրավում կարող էին կատարել դատավորից, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել աշխատասենյակ: Գնացել են, դատարանի աշխատակից բերել, որպեսզի դատավորի աշխատասենյակից հանձնի առգրավման ենթակա գույքը: Քննիչն ակնհայտորեն դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

-Երեկ հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել մի քաղաքացի: Մանրամասներ կհայտնե՞ք, թե ինչ գործով է անցնում այդ քաղաքացին:

-Մեր տրամադրության տակ նյութեր առկա չեն, տեղյակ եմ, որ այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է 2019 թվականի փետրվարի 18-ին, որոշման օրինականությունը հսկող դատախազը հաստատել է, այն մտել է օրինական ուժի մեջ, ապա գլխավոր դատախազն ապօրինի վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշումն ու քրեական գործ հարուցել: Մենք դատական կարգով վիճարկելու ենք այս հանգամանքը, քանի որ դատախազը  նման իրավունք չի ունեցել:

-Գլխավոր դատախազն ի՞նչ հիմնավորմամբ է վերացրել քրեական գործ չհարուցելու մասին որոշումը:

-Փաստաթղթերն իմ տրամադրության տակ չկան, որ ես հստակեցնեմ, չեմ ցանկանում վերացական հանգամանքներ նշել:

-Այս դեպքում ինչպե՞ս եք պնդում, որ որոշումն ապօրինի է:       

-Ապօրինի է դատավարական գործողության առումով:

-Ասել  եք, որ  Քոչարյանի գործով կրիչներ և փաստաթղթեր են առգրավվել:

-Այո, քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավում են արել և առգրավել այդ գործին ոչ վերաբերելի փաստաթղթեր և կրիչներ:

-Տեղյա՞կ եք՝ բացի Քոչարյանի գործից այլ գործով կրիչներ և փաստաթղթեր և՞ս վերցվել են:

-Վերցրել են այն ամենն,  ինչի վրա կարող էր լինել «Քոչարյան» կամ Քոչարյանի գործին վերաբերող փաստաթուղթ: Եթե այնտեղ «Քոչարյան»  ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին:

 -Դատավոր Դավիթ Գրիգորյանը կամ նրա աշխատակիցները հարցաքննվե՞լ են նախկինում կամ վերջին օրերի ընթացքում:

-Դավիթ Գրիգորյանը չի հարցաքննվել. նրա  հարցաքննության ռեժիմն այլ է, իսկ աշխատակիցները հարցաքննվել են, բայց ես իրավունք չունեմ այդ տեղեկությունները հայտնել:

-Դավիթ Գրիգորյանի աշխատակիցներն ի՞նչ կարգավիճակ ունեն գործով:

-Վկայի:

-Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կոնկրետ ե՞րբ է վերացվել:

-Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո` մայիսի  22-ին (դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել է 2019-ի մայիսի 18-ին-հեղ․) բողոքաբերը դիմել է գլխավոր դատախազին, բողոք ներկայացրել, և դրանից մեկ  ամիս անց գլխավոր դատախազը վերացրել է որոշումն ու քրեական գործ հարուցել:

-Քաղաքացին, որը Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, ի՞նչ կարգավիճակ ունի և կոնկրետ ի՞նչ հանգամանքներ է հայտնել Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ:

-Տեղյակ չեմ: Քրեական գործը հարուցված է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, բայց փաստական տվյալներին ծանոթ չեմ:

-Իր վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը դատավորը չի՞ ստացել:

-Այդ ինֆորմացիային չեմ տիրապետում:

-Ի՞նչ գործողություններ եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:

-Մենք տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ տեղյակ ենք պահել Բարձրագույն դատական խորհրդին, սպասում ենք  արձագանքի: Բացի այդ՝  արդեն հաղորդում ենք ներկայացրել քննիչի և ոստիկանության աշխատակիցների դեմ՝ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Կգա ժամանակը և օբյեկտիվ ճշմարտությունը կպարզվի, անձինք, որոնք շահագրգռված են և այս ապօրինի գործընթացը սկսել են, պատասխանատվության կենթարկվեն:

-Ո՞ր մարմնին եք ներկայացրել հանցագործության մասին հաղորդումը:

-1-02 հեռախոսահամարով ահազանգել ենք,  ներկայացել է ոստիկանության հետաքննության տեսուչը և հաղորդում ենք տվել:

-Դուք դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցած գործընթացը կապո՞ւմ եք  Քոչարյանի գործի հետ:

- Ես իրավունք չունեմ նման հարցերի պատասխանելու, ես միայն իրազեկում եմ, որ թիրախավորված առգրավել են այն ամենն, ինչը կարող է Քոչարյանին հիշեցնել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։