HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը բերվել էր դատարան՝ իր գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքի քննությանը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքի քննությունը: Քոչարյանը բերվել էր դատարան, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ դատախազությունից ներկայացուցիչ չէր եկել: Դատախազ Վահե Դոլմազյանը դատարանին հայտնել էր, որ այսօր նախապես նշանակված մեկ այլ դատական նիստ ունի:

Քոչարյանն այս ամենում դատական նիստերը ձգձգելու միտում տեսավ:

Նրա պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը դիրքորոշում հայտնեցին, որ նիստը կարող է շարունակվել առանց դատախազության ներկայացուցիչների, սակայն դատարանը նպատակահարմար գտավ հետաձգել գործի քննությունը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը, գտել է, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Քոչարյանի իրավունքները:

Դատախազությունը, սակայն, համարում է, որ գույքի վրա կալանք դնելու օրինական հիմքեր են եղել, ուստի բողոքարկել է Դանիբեկյանի որոշումը:

Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter