HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր մերժել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով անցնող Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի բողոքը:
Այս մասին «Հետքին» ասաց Արման Արզումանյանը: Վերջինս դիմել էր դատարան` պահանջելով վերացնել առանձնատանը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված գործի շրջանակներում Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշումը:
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակումը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, անձամբ են վնասազերծել իրենց բակ մուտք գործած անձանց: Վերջիններս գործով տուժողի կարգավիճակ ունեն:
Պաշտպան Արման Արզումանյանը, սակայն, կարծում է, որ դեպքի օրը Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության շրջանակներից:
Պաշտպանի խոսքով` Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում, որոնք գործում առկա են, երևում է, թե ինչպես է Մկրտումյանն արդեն դիմադրություն ցույց չտվող Ռիժենկոյի գլխին ատրճանակի բռնակով մի քանի հարված  հասցնում: Ըստ պաշտպանի` տեսանյութի այդ դրվագից ակնհայտ է դառնում, որ բռնության են ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանները, այլ Հովհաննես Ռիժենկոն:
Ըստ Արզումանյանի՝ ատրճանակի մետաղական բռնակով բազմաթիվ հարվածներ գլխին հասցնելը կարող էր հանգեցնել մահվան: Պաշտպանի տպավորությամբ՝ Արման Մկրտումյանի հարվածներն անմիջականորեն ուղղված են եղել Ռիժենկոյին կյանքից զրկելուն, և հանցանքն ավարտին չի հասցվել անձի կամքին հակառակ հանգամանքներով, այն է՝ ատրճանակը ձեռքից ընկնելու հետևանքով:
Դատարանը պաշտպանի բողոքը քննել և որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել հուլիսի 4-ին:
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակման բուն գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter