
«Գյումրվա ջինսը» մեկ շաբաթից հասանելի կլինի հայկական եւ ռուսական շուկաներում
«Made in Armenia» ջինսե արտադրանքով հայկական եւ օտարերկրյա շուկաները գրավելու ծրագիրը «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանի մտապատկերում գծագրվել էր դեռեւս 2014թ-ին: «Ես եւ ամուսինս որոշեցինք մի փոքր շեղվել ընտանեկան ավանդույթներից եւ մտնել մեզ ոչ բնորոշ ոլորտ՝ անցում կատարել գուլպա-նասկեղենի արտադրությունից ջինսե հագուստի արտադրության,- ասում է մասնագիտությամբ տնտեսագետ Լիլիթ Զաքարյանը,- մեր ընկերությունը ստեղծվել է 1926թ.-ից Լենինականում գործող գուլպա-նասկեղենի «Արշալույս» ԲԲԸ հիմքի վրա: Մենք հիմա էլ ենք գուլպա-նասկեղեն արտադրում, բայց քիչ քանակով: Շուկայում առավել խոշոր խաղացողներ կան, որոնք, ժամանակին խոշոր ներդրում անելով, միանգամից գրավեցին այն: Ոլորտում նույնիսկ գերհագեցվածություն է նկատվում, դրա համար էլ որոշեցինք փորձել այլ ուղղությամբ»:
Երկու տարի ծախսվեց նոր ոլորտի ուսումնասիրության եւ եվրոպական երկրներ՝ ջինսի արտադրությամբ հայտնի ձեռնարկություններ այցելելով. թիրախը Իտալիան էր: Մեկ տարի ծախսել են մեքենասարքավորումների գծով ապահով մատակարարի ընտրության վրա: 2017թ.-ի հոկտեմբերից սկսել են աշխատակիցների հավաքագրման եւ ուսուցման գործընթացը: Ուսուցումն ու աշխատանքի ողջ պրոցեսը մինչեւ օրս վերահսկվում է իտալացի մասնագետների կողմից: Ներկայում ունեն 90 աշխատակից եւ հետագա ընդլայնման դեպքում՝ ցուցակագրված եւս 200 հոգի: Կարող բանվորների աշխատավարձը 80 հազար դրամ է (ներառյալ հարկը), վարպետներն ավելի բարձր են վարձատրվում: Միակ պահանջը որակյալ արտադրանք տալն է:
Իտալացի մասնագետները գերադասում են ուսուցանել կարուձեւից ընդհանրապես գաղափար չունեցող կանանց ու աղջիկներին: Լիլիթ Զաքարյանի փոխանցմամբ, նախկին գիտելիքներն ու փորձը շատ դեպքերում խանգարում են՝ որոշ չափով դժվարացնելով նորի յուրացումը: «Մեր սարքավորումները բոլորն ավտոմատացված են, նախնական փորձի հարկ չկա: Օրինակ ավտոմատացված ձեւվածքի սարքը աշխատացնելու համար բավարար է համակարգչով տալ ձեւը՝ սարքը կտրում-հանում է»,- նկատում է զրուցակիցս: Նորաբաց ձեռնարկությունն աշխատում է ամսական 20 հազար միավոր հզորությամբ:
Ջինսե երազանքն իրականություն դարձնելու համար Զաքարյան ամուսինները ներդրել են 2 մլն դոլար: 2018թ-ին Կառավարությունը ընկերությանը երեք տարի ժամկետով ազատել է ներմուծվող ապրանքների մաքսատուրքերից, նաեւ տրամադրել որոշակի այլ հարկային արտոնություններ: Կառավարությանը ներկայացրած ներդրումային ծրագրի համաձայն՝ ընկերությունը պատրաստվում է կատարել շուրջ 1,4 մլրդ դրամի չափով ներդրում: «Կառավարության տված արտոնությունը նպաստեց, որ լրացուցիչ վարկային միջոցներ չներգրավենք,- ասում է Լիլիթ Զաքարյանը,- որոշ հումքի տեսակի ներմուծման դեպքում սահմանին ավելացված արժեքի հարկը 3 տարով հետաձգվել է: Դա այս պահին մեծ աջակցություն է: Մենք հետագայում այդ կուտակված հարկը վճարելու ենք»:
«Զաքարյան» անվան տակ թողարկվող բրենդային ջինսե տաբատները Գյումրիում հասանելի կլինեն մեկ շաբաթից՝ ընկերության նորաբաց ֆիրմային խանութում: Մեկ ամսից հայկական ջինսեր կարող են գնել նաեւ Երեւանում: Գները մատչելի են լինելու՝ սկսած 5 հազար դրամից: Կլինեն նաեւ ավելի թանկ՝ լյուքս դասի ջինսեր՝ կախված կտորի արժեքից: Մեկ շաբաթից հայկական արտադրանքը կարտահանվի նաեւ Ռուսաստանի Դաշնություն: Լիլիթ Զաքարյանի փոխանցմամբ, առայժմ կաշխատեն կայանալ ռուսական շուկայում, հաջորդ ուղղությունը՝ Եվրոպան է եւ մրցակցությունը իտալական ջինսերի հետ, որոնք համարվում են լավագույնն աշխարհում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել