HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մարզիկները բժշկական ապահովագրություն չունեն. այն թանկ հաճույք է պետության համար

Հայաստանում ոչ մի մարզիկ բժշկական ապահովագրություն չունի: Դա համարվում է ոչ միայն թանկ հաճույք, այլեւ ռիսկային գործարք: Փոխարենը ռիսկային չէ, օրինակ, օդանավակայանում տիտղոսով վերադարձած մարզիկներին զուռնա-դհոլով եւ դափնեպսակներով դիմավորելը:

Մարզիկները զրկված են բժշկական ապահովագրությունից

2017 թ. մայիսի 18-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել էր: Ըստ բժշկական փաստաթղթերի՝ մարզիկի մոտ գրանցվել է տարածուն արյունազեղում, գլխուղեղի աջ կիսագնդի հեմատոմա, երկրորդային թարախային մինինգիտ, խրոնիկական միջկիսագնդային հեմատոմա, թոքաբորբ՝ ուղեկցվող բարդություններով: Բժիշկները հաստատել են, որ արյան զեղումը եղել է ստացած հարվածների հետեւանք: Կոլյայի հայրը՝ Հրաչյա Կարապետյանը, հաստատում է, որ որդին արյան զեղում է ստացել մրցումների ժամանակ հարվածների հետեւանքով:

Կոլյան բժշկական ապահովագրություն չուներ: Հայրն ասում է, որ Հայաստանի կառավարությունը բացի խոստումներից ոչինչ չի արել որդու առողջացման համար:

Տարեկան 14 մլն դրամ՝ հավաքական թիմերի անդամների բուժմանը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին հարցում էինք ուղարկել մարզիկների բժշկական ապահովագրության վերաբերյալ: Հարցերին պատասխանել է փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը:

-Ի՞նչ մեխանիզմներ է կիրառում պետությունը՝ միջազգային կամ ներքին մրցաշարերում վնասվածք ստացած հայաստանցի մարզիկների բուժումը կազմակերպելու համար (օրինակ՝ ֆինանսական օգնություն, բուժում պետպատվերով եւ այլն):

-2017 թվականից սկսած՝ «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվում է 13.820.000 դրամ՝ «մասնագիտական ծառայություններ» հոդվածով, որը նախատեսված է դժվարամատչելի հետազոտություններ իրականացնելու համար (ռենտգեն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա եւ այլն):

-Պետությունն աջակցում է միայն մրցումների՞, թե՞ նաեւ մարզումների ժամանակ վնասվածք ստացածներին:

-Պետությունն աջակցում է ՀՀ հավաքական թիմերի վնասվածք ստացած բոլոր անդամներին:

-Ի՞նչ չափորոշիչներ են գործում ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը որոշելիս: Արդյո՞ք հաշվի են առնվում միայն միջազգային եւ ներքին տիտղոսները, թե՞ կան այլ գործոններ եւս:

-Հաշվի է առնվում ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու հանգամանքը:

-Արդյո՞ք մարզիկների բուժման համար պետբյուջեում ամեն տարի առանձնացվում է որոշակի գումար: Եթե այո, խնդրում եմ նշել գումարի չափը 2015-2019 թթ.՝ ըստ առանձին տարիների:

-Մարզիկների բուժմամբ (բացի վիրահատություններից եւ մի շարք նեղ մասնագիտական ծառայություններից) զբաղվում է ՊՈԱԿ-ը, որի տարեկան բյուջեն կազմում է 131.023.500 դրամ:

-Պաշտոնական վիճակագրություն ունե՞ք, թե 2015-2019 թթ. քանի մարզիկ է վնասվածք ստացել միջազգային եւ ներքին մրցաշարերում մրցումների ժամանակ, պաշտոնական վիճակագրություն ունե՞ք, թե 2015-2019 թթ. քանի մարզիկի բուժման համար է ֆինանսական օգնություն հատկացվել: Եթե այո, ապա խնդրում եմ ըստ առանձին տարիներին նշել նման մարզիկների քանակն ու օգնության չափը:

-ՀՀ հավաքականի թիմի անդամները վիրահատվել են 2017 թ.՝ 15 հոգի, 2018 թ.՝ 11, իսկ 2019 թ. հուլիսի դրությամբ՝ 10 հոգի:

Վերը նշվածից հետեւում է, որ պետությունը տարեկան մոտ 14 մլն դրամ է հատկացնում՝ ՀՀ հավաքական թիմերի անդամ մարզիկների բուժման ծախսերը հոգալու համար, ինչն իրականում չնչին գումար է, քանի որ սպորտն ինքնին ռիսկային ոլորտ է, եւ վնասվածքները կարող են սպառնալ յուրաքանչյուր մարզիկի թե՛ մարզումների, թե՛ մրցումների ժամանակ:

Ինչո՞ւ են մարզիկները զրկված բժշկական ապահովագրությունից

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական փոխչեմպիոն (2012 թ.), աշխարհի (2014 թ.) ու Եվրոպայի (2009 թ.) չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ասում է, որ Հայաստանում մարզիկները բժշկական ապահովագրություն չունեն ոչ մի մարզաձեւում: Օրինակ՝ շենգենյան գոտու երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար մեր մյուս քաղաքացիների պես հայաստանցի մարզիկները եւս ձեռք են բերում բժշկական ապահովագրություն, սակայն մնացած դեպքերում նրանց համար բժշկական ապահովագրություն նախատեսված չէ:

Արսեն Ջուլֆալակյանի բնորոշմամբ՝ իրականում մարզիկների համար ոչ թե ստանդարտ, այլ ամենառիսկային եւ ամենաթանկ ապահովագրությունն է պահանջվում: Ըստ նրա՝ երբ պատգամավոր դառնալուց հետո սկսել է ուսումնասիրել այս հարցը, պարզել է, որ ապահովագրական ընկերությունները տարեկան 500-550 հազար դրամ են պահանջում մեկ մարզիկի ամբողջական բժշկական ապահովագրության համար: «Առաջին հայացքից թվում է, թե մեծ չէ, բայց երբ ուսումնասիրում ես ու տեսնում, թե քանի մարզիկ ունես, մեծ թիվ է»,- ասում է պատգամավորը: Ամենաշահավետ առաջարկն, ըստ Ջուլֆալակյանի, արել է «Նաիրի Ինշուրանսը», որը համաձայնել է տարեկան 40 միլիոն դրամով ամբողջական ապահովագրություն տրամադրել 90 մարզիկի, գումարած՝ եւս 10 հոգու անվճար:

Այս տարվա փետրվարին, ապա ապրիլին հարցի վերաբերյալ պատգամավորը խոսել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Ջուլֆալակյանի ասելով՝ հաշվարկված 40 միլիոն դրամի կեսը պետք է տրամադրեր ԱՆ-ն, մյուս կեսը՝ այն ժամանակվա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (այժմ՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն):

Դրան հաջորդել էին քննարկումները սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: Մասնագետների մտահոգությունն էր առաջացրել այն, որ եթե 100 մարզիկի ապահովագրեն, սակայն, ենթադրենք, տարեկան 10 հոգին օգտվեն ապահովագրությունից, տարեվերջին 90 հոգու համար վճարած մեծ գումարները կորչելու էին: Նախարարությունն այսպիսի տարբերակ էր առաջարկել՝ ապահովագրական ընկերությանը գումարը վճարել մարզիկի վնասվածք ստանալու դեպքում, ինչը, սակայն, ապահովագրողն անմիջապես մերժել էր՝ պատասխանելով, որ նախարարությունն այս դեպքում 100-տոկոսանոց շահույթ է ակնկալում, իսկ իրենք 100-տոկոսանոց ռիսկի են դիմում, ապա նշել, թե այդ դեպքում իրենք առողջապահության նախարարություն կլինեն, այլ ոչ թե ապահովագրական ընկերություն: Արսեն Ջուլֆալակյանն ասում է, թե չնայած դա նոնսենս առաջարկ էր ապահովագրողին, բայց լավ տարբերակ էր պետության տեսակետից: Տարբերակներից մեկն էլ այն էր, որ մարզիկի վնասվածք ստանալու դեպքում սպորտի եւ երիտասարդության նախարարությունը դիմի ԱՆ-ին՝ ներկայացնելով խնդիրն ու օգնություն խնդրելով, ինչի պատասխանն արդեն ԱՆ-ի որոշելիքն էր:

Ջուլֆալակյանը նկատում է, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն իրեն խնդրել է 100 մարզիկի վրա չկենտրոնանալ, փոխարենն ավելի լավ է, ասենք, 40 մլն դրամի կեսի չափով ֆոնդ ունենալ, որը կծախսվի մարզիկների փաստացի բուժման համար: «Ես էլ մտածեցի, որ ճիշտ են ասում, որովհետեւ եթե այդ 100-ի համար փողը տանք, բայց 100-ի մեջ չընդգրկված մարզիկներից վնասվածք ստացած լինեն, ի՞նչ պատասխան պետք է տամ»,- նշում է պատգամավորը՝ ավելացնելով, որ, այդուհանդերձ, դա եւս լուծման տարբերակ չէ, քանի որ մեկ մարզիկի բուժումը կարող է կազմել այդ ամբողջ բյուջեն:

Խնդիրն առայժմ վերջնական լուծում չի ստացել, քանի որ երկու տարբերակներում էլ ռիսկեր կան: Արսեն Ջուլֆալակյանն ասում է, որ ապահովագրական ընկերությունների դեպքում, օրինակ, պետք է ուշադիր լինել, որպեսզի ապահովագրական փաթեթը ներառի բուժման ամբողջ ծախսը, այնինչ եթե գնման մրցույթ հայտարարվի, ապա այդ կետը գուցե հաշվի չառնվի, քանի որ օրենքով մրցույթը կշահի ամենացածր գին առաջարկողը, որը, հնարավոր է, ամբողջական փաթեթ չառաջարկի: «Հետքի» զրուցակիցը նշում է, թե վատագույն դեպքում պետք է սպասել մինչեւ 2022 թ., քանի որ նախարար Արսեն Թորոսյանն արդեն հայտարարել է ու իր հետ զրույցել էլ նշել է, որ մինչեւ այդ թվականը Հայաստանում լինելու է համատարած ապահովագրություն, ու մարզիկները նույնպես ընդգրկվելու են:

Մարզիչները չունեն սոցփաթեթ

Արսեն Ջուլֆալակյանը նշում է, որ չնայած մարզիչները նույնպես մանկավարժներ են, ի տարբերություն ուսուցիչների, նրանք չեն օգտվում սոցփաթեթներից: Այս հարցը եւս պատգամավորի օրակարգում է: Ասում է, որ երբ հարցը բարձրացրել էր, այն ժամանակվա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն ասել էր, թե առայժմ ի վիճակի չեն մտնելու այդ բեռի տակ, պատգամավորն էլ պատասխանել էր, որ այդ դեպքում կարելի է գոնե մասամբ լուծել հարցը՝ սկսել, օրինակ, հավաքականների գլխավոր եւ երկրորդ մարզիչներից: Դրանից հետո, Ա. Ջուլֆալակյանի փոխանցմամբ, ոմանք բողոքել էին նախարարությանը, թե իբր ինքը հոր՝ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի կարգավիճակից ելնելով է այդ առաջարկն արել: Սա ժպիտ է առաջացնում աշխարհի չեմպիոնի մոտ, ում խոսքով՝ սոցփաթեթը տարեկան 120 հազար դրամ է, ասում է՝ պատկերացնո՞ւմ եք՝ ամսական 10 հազար դրամի օգուտի էի անում, մենք այդ գումարը չէինք կարող վճարել:

ԿԳՄՍ-ին հարցրել էինք, թե ինչ ծրագրեր ունի նախարարությունը մարզիկների ապահովագրության եւ մարզիչների՝ սոցփաթեթի շահառու դառնալու հարցերը լուծելու վերաբերյալ: Փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը հայտնել է, որ «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը մարզիկների ապահովագրության հարցով բազմիցս դիմել է ապահովագրական կազմակերպությունների, սակայն մինչ օրս հարցին լուծում չի տրվել: Ինչ վերաբերում է մարզիչների սոցփաթեթներին, ապա, ըստ Լոռեցյանի, վերջին տարիներին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակաբար միջնաժամկետ ծախսերի ծրագրով առաջարկություն է ներկայացրել մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին սոցփաթեթի շահառուների ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

Առաջին լուսանկարում՝ ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը արմունկի վնասվածք է ստանում Ռիո-2016-ում (10.08.2016, Getty Images) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter