HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Ես կանգնեցնում եմ քայլերն իմ կյանքի

Պետական պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը փակման եզրին է: Երևանից հրահանգել են վերադարձնել մարզային պատկերասրահին հատկացված նկարները: Սա նշանակում է, որ մշակութային օջախը տեղի է տալիս օլիգարխիայի ճնշումներին, այսինքն՝ Հայէկոնոմբանկին, այսինքն՝ Սուքիասյանների ընտանիքին: Սուտ է, երբ ասում են չկա օլիգարխիա… Որտեղ օլիգարխիան է, այնտեղ անելիք չունի օխլոկրատիան: Այսօր, ալավերդցին ապրուստի չնչին միջոց անգամ չունի, ուր մնաց մշակութային օջախ ունենա: Փողի առաջ ամեն ինչ ոչինչ է, հեղափոխության թավիշն անգամ նրա առաջ ոտնատակի փալաս է: Ի՞նչ է այդ մասին մտածում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ի՞նչ է մտածում մարզպետը և վերջապես ի՞նչ է մտածում վարչապետը… Հարցը խիստ վիճահարույց է: Անհերքելի փաստեր կան, որ Հայէկոնոմբանկը պատկերասրահի տարածքը ձեռք է բերել ապօրինի գործարքի շնորհիվ: Այդ մասին շատ է գրվել: Վերջնական պատասխանը կտա դատարանը: Քանի դեռ հեղափոխության թավիշը Ալավերդի չէր հասել, Սուքիասյանները, երկնչելով հասարակական աղմուկից, սիրահոժար, բանկի մի փոքրիկ պուճախ տրամադրել էին մասնաճյուղի գործունեությանը: Իսկ հիմա՝ գոտեպնդված հեղափոխության ձեռքբերումներով և հատկապես՝ բարձրյալի հովանավորությամբ, մշակույթի վերջին ծվենն անգամ՝ որպես անցյալի բորբոս, դուրս են մղում ետնամարզից: Մենք շատ ենք լսել բարեգործությունների մասին: Իսկ ո՞վ է լսել Սուքիասյան ընտանիքի բարեգործության մասին: Կարծես թե նման բան եղել է: Հեղափոխական ցուցարարներին նա խաչապուրի ու պիցա է բաժանել: Բարեգործությու՞ն, թե՞ չարագործություն…  Քանզի, հետին գնացող մտքեր են հետապնդվել: Էլ ո՞վ պիտի ձեռք մեկներ հաղթանակի պտուղներին: Այնուամենայնիվ, ու՞ր մնաց նրա գթասրտությունը: Մի՞թե հարուստ ընտանիքը չնչին մակերեսով այդ տարածքի հույսին է… Կարո՞ղ է, չէ՞, առանց դատ ու դատաստանի շնորհ անի ու համակերպվի բանկին կից տարածքում մշակութային օջախի գոյությանը...  Կյանքն իր Մանթաշովին է պահանջում…

S’est la vie… Այն յոթ մղոնանոց քայլերով առաջ է գնում: «Ես կանգնեցնում եմ քայլերն իմ կյանքի»,- բանաստեղծում է Հենրիկ Էդոյանը: Այո, «Աշխարհն իր շավիղից դուրս է եկել»… Ժամանակներն են փոխվել: Կար ժամանակ, երբ բոլոր ճանապարհները Հռոմ էին տանում… իսկ հիմա՞,  ուր ասես… Մենք քայլում ենք  բանաստեղծի հանգով,  մենք կանգնեցրել ենք քայլերը մեր կյանքի… Միակ ուղին, թերևս Եղիշ դային գիտի… Էն էլ՝ չի ասում… Էշին թարս նստած գնում էր: Գյուղի ջահելները հարցրել էին.

-Եղիշ դայի, ինչի՞ ես էշին թարս նստել:

Ասել էր.

-Դուք ի՞նչ գիտեք, թե ես ուր եմ գնում…

Ու՞ր, ու՞ր… Ինքն էլ չգիտի… Ով տանում է, նա էլ կիմանա: Էշի իմացածն ի՞նչ պիտի լինի… Մեր երազանքները ճամփա չունեն: Թարս նստած՝ մինչև ու՞ր կարելի է հասնել… «Մե՞նք կանգնեցրել ենք մեր կյանքի ճամփան»: Մեր խոսքը մի առվով չի գնում: Մեր ճամփան դժվար է ու խրթին. թարս նստած, թե շիտակ, տակինդ էշ լինի, թե հրեղեն ձի, միևնույնն է, սարի տակ ենք մնալու… Մոթալանց Գարեգինը իր կնիկ Լուսիկի հետ սար էր բարձրանում: Որ շատ գնում  են, գնում, հասնում են Բազի քթի տակ: Էդտեղ ճամփեն ծառս է լինում ու կտրկան ճլորթու պես վեր կարկառվում: Էդ հեյվարա վերելքը, որ Լուսիկը տեսնում է, ծնկները թուլանում են : Շուռ է գալիս մարդու կողմը.

-Ադա, Գարեգին,- ասում է,- հմի էս դիբն ի դուս՝ գնա՞լ տինք…

-Բա ի՞նչ տինք անի,- հուսադրող ոչինչ չի ասում Գարեգինը…

-Ադա,- բողմա է գալիս Լուսիկ մայրիկը,- էն ա ասա՝ գնանք ոռիվոռ աճարքուն վերըլնինք, էլի՛…

Մոթալանց Գարեգինը ոչ սարի թրքումն էր, ոչ էլ գեղի մրքումը: Բազի քթի տակ էր: Թումանյանի ասած՝ կծոխուր կերած իծի պես աչքերը ճպճպացնում էր: Մարդու կնիկն էլ՝ ոռիվոռ ծառ բարձրանա՞… Ոնց որ մենք, կարծես թե՝ ոռիվոռ ենք բարձրանում: Նիկոլը որոշել է տնտեսական հեղափոխություն կատարի: Դսեղում, Թումանյանի հանգած սրտի մոտ կանգնած՝ բողազը պատռելով կանչում էր՝ ժողովու՜րդ…  Հայ ժողովու՛րդ՝ վեր կա՛ց, վեր կա՛ց քայլ արա՛… Հանուն սուրբ ցանկության դիմում էր բոլոր հիշատակներին, առաջին հերթին, իհարկե, Հովհաննես Թումանյանին… Գոռում էր, բարձր էր կանչում, թվում էր, թե գոռգոռոցից  Թումանյանի սիրտը կշանթահարվի, բայց նա մեծ Թումանյանն էր,  մեռած Ղազարոսը չէր, որ ձայնի վրա կենդանանար, նամանավանդ, որ Ղազարոսը մեր տնտեսական զարգացման համար քայլ անողը չէր… Աստծո իսկական կանչը Թումանյանի գրքերում է: Իսկ Նիկոլը Աստված չէր, այլ ընդամենը՝ վարչապետ… Փո՛ղ, փո՛ղ, դրսի ու ներսի փողերը, ահա այն աստվածը, որ կհագեցներ տնտեսության ծարավը… Իսկ փողը, գող կատվի պես, պախկվել էր՝ խուսափելով պետանվտանգության սև դիմակներից, պատեպատ զարկող, ասֆալտին պառկեցնող գորշ ոստիկանությունից, վարչապետական կատաղի սպառնալիքներից: Փողը ամենավախկոտ կենդանին է: Տնտեսական վերելքը օդից չէր գալու: Չկային մեծամեծ փողերով ծանրաբեռն ինքնաթիռներ, որոնցից տեղատարափ անձրևի պես դրամական դրոշմանիշներ ու միջազգային արժույթներ կտեղային՝ ոռոգելով, նորովի շունչ տալով  չարացած արդյունաբերությունը, թառամող գյուղատնտեսությունն, առևտուրն ու բիզնեսը… Շարժ չկա, փոփոխություն՝ տակավին… Նույնիսկ էն ժամանակ, երբ կար կոռուպցիա, կաշառակերություն, ատկատ ու պատկատ, նույնիսկ այն ժամանակ տեղաշարժը նկատելի էր: Հիմա ոչ վերցնում են, ոչ էլ տալիս, դատ ու դատաստանից են երկնչում, ավելի շատ վախենում են, քան աշխատում՝  գործը մտցնում փակուղի: Գործի դրդապատճառը շահն է: Կա՛ շահ, կա՛ գործ, գործ չկա՛, շա՛րժ էլ չկա:  Եվ կրկին ու կրկին, Հենրիկ Էդոյանը, վարչապետը, ես ու դու՝ «կանգնեցնում ենք քայլերը մեր կյանքի» … Բա մեր երազանքների երկի՞րը… Ո՞վ պիտի արարի…  Ով հանձնառու է, նա էլ պիտի արարի: Եղիշ դային կասեր՝ էշին նստիլը մի այիբ ա, վեր գալը՝ էրկուս…

-Բա, ո՞նց անենք…

Ամեն ինչին ձև կա, որ մեր գեղում ղայդա են ասում: Օղորմածիկ մերս ասում էր՝ բիջն էլ իր կնունքն ուզում ա… Հիմա մեր ուզածն ի՞նչ ա… Նորահարսի պես մի բան. շինել ու շինվել… Առանց կառույցի երկիր չի զարգանա: Եթե ավանակից վայր չես ուզում ընկնել, պիտի քշելու ձևը իմանաս: էշն էլ հո զոքանչ չու՞նի, որ գնան բողոքի: էշի փեսայությանը ո՞վ կդիմանա… Որտեղ փեսա՝ էնտեղ զոքանչ: Չոլախ Քալին իր աղջկան մարդու էր տվել: Մի շաբաթ էր անցել, էրկու շաբաթ, խաբար չկար՝ ոչ կարմիր խնձորն էին բերում, ոչ էլ աղջկան: Ճարը կտրած՝ ինքն էր գնացել: Աղջկան ասել էր՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա: Աղջիկը թե՝ ա՛յ մեր՝ մոտ ա գալիս, որ մի բան ըլնի: Քալին ձեռը ճակատին ա դնում, աչքերը թախտի ծալքերի վրայով տանում-բերում ու ասում՝ մարդուդ վիր կունիս ու րիգունը դբա մեր տուն կգաք…  Աղջիկը երեկոյան կողմ, գլուխը կախ, մարդուն թևանցուկ, գալիս է հերանց: Քալին փեսու համար յոթ ձվի ձվածեղ ա անում, դնում առաջը, մի գինու շիշ էլ հարմարացնում սեղանի մեջտեղը, բաժակները շարում ու գինին էդ բաժակների վրայով մի շրջան պտտում: Որ իրեք բաժակ խմում են, Չոլախ Քալին պատիֆոնը միացնում է: Կեռ չալիկը մի կողմ ա գցում, ձեռները բարձրացնում ու պար բռնում: Ես պար եմ ասում, դուք երգ լսեք: Ռիթմի հետ կաղ ոտի վրա իջնում էր՝ կոնքերով դուրթմա տալիս՝ առաջ ընկնում ու էլի ու էլի մի կողմի վրա թեքվելով՝ կոնքերը առաջ գցում, իր երգի, պարի հետ շորորում.

 -Աղա՛ փեսա, ղայդեն՝ է՛ս ա… Աղա՛ փեսա, ղայդեն՝ է՛ս ա…

Ու քանի որ մի ոտից կաղ էր, թեքվելիս կոնքերն առավել կտրուկ էին շարժի մեջ ընկնում, ընկալելի լեզվով՝ փեսուն հասկանալի դառնում: Պլաստինկեն խզխզալով պտտվում էր ու պտտվում, Քալին էլ, ձեռքերը բարձրացրած, իր օթախումն էր պտտվում: Կրքով ու եռանդով պարի հետ շաղախված երգը շարունակվում էր:

-Աղա՛ փեսա,- կտրուկ իջնում էր ու կոնքերը առաջ նետելով՝ օդում հուպ տալիս,- ղայդեն՝ է՛ս ա… Աղա՛ փեսա,- էլի ու էլի էր օդում խրում,- ղայդեն՝  է՛ս ա… Աղա՛ փեսա, ղայդեն՝ է՛ս ա:

Կուժ ասում եմ՝ կուլա հասկացեք…Կառավարումը արվեստ է, դա էլ հո փեսու անելիք չի, որ «ղայդեն» գլխի գցեն…  Վայրէջքի մեջ ենք: Էյֆորիան աստիճանաբար տեղի է տալիս դիսֆորիային: Երբ մարդը գտնվում է պոզիտիվ հուզական վիճակում, նրա արյան մեջ գերակշռում են երջանկության հորմոնները…Հիմա, հիասթափության ֆոնին վերստին գլուխ է բարձրացնում ագրեսիան: Հեղափոխությունը նման է եռացող կաթսայի, որ ամեն պահի կարող է իր վրայի կափարիչը դեն նետել: Ապրիլյան իշխանափոխությունն այդ հուժկու ուժի շնորհիվ էր: Շարժիչ ուժը ատելությունն է: Հեղափոխության գոլորշին միանգամից չի անհետանում: Վերահաս աղետից խուսափելու համար, հարկ է, որ կափարիչը կիսաբաց թողնել… Ժողովրդական ցասումը տարերք է, երբեմն անկառավարելի: Սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը այն լիցքն է, որը որոշ ժամանակ կյանքը կպահի եռքի մեջ: Երկիրը նման է թթու դրած տակառի, բազմաթիվ ճեղքերից ջուր է ծիկլակում: Վարչապետը որ ծակը փակի: Այն վարար ջուր է ընդդիմության ջրաղացին: Քաղաքական ընդդիմությունը, բերանը փրփուր առած, խոսում է ու խոսում՝ թարս ու շիտակ, տեղին ու անտեղի, կոշտ ու կոպիտ, խոցող ու շամփրող… խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի խնդիրներից, գեշից ու վատից, սխալներից ու թերություններից, անկարողությունից ու անճարությունից, բռնություններից ու կամայականություններից…, բայց թքած ունեն նրանց դարդ ու ցավի վրա, տառապանքի վրա, կիսաքաղց վիճակի վրա… Նրանց փորացավը  քաղաքական շահն է, նորից բարձրագահ իշխանությունը…Միայն թե կրկին պտտվի կարուսելը, իրենք վեր բարձրանան, որ իշխանության ծանր ջաղացաքարի տակից հարստություն մաղվի ու գանձեր դիզվեն, անթիվ, անհամար գանձեր…Այնինչ ժողովուրդը ներքևում է, պետք է այնպես անել, որ ժողովուրդը բարձրանա… Իսկ ժողովուրդն անգործունյա է, սպասում է, սպասում… Միևնույն է, երկրորդ Նիկոլը չի գալու, երկնքից էլ մանանա չի թափվելու, ու՞մ է սպասում… Այսպես, կարելի է նաև Հիսուսի հազարամյա գալուստին սպասել: Փայփայված հույսեր, իզուր վատնված օրեր, ամիսներ…  Անցյալը հիշում ենք՝ ներկան մոռանում, կոմունիստներին գովում ենք, անկախությունը՝ փնովում, օտարին հաճոյանում ենք, յուրայինին՝ ատում, իշխանություններին քննադատում ենք, մեր ապաշնորհությունը՝ գովաբանում, շատ խոսում ենք՝ քիչ աշխատում, բոլորի թերացումները թելիկ-թելիկ նկատում ենք, մեկիկ-մեկիկ՝ այպանում, բայց երբ հարցը վերաբերում է մեզ, չքմեղանում ենք, դառնում կատարյալ ապուշ, թերուս ենք, պոռոտախոս, ծույլ, ամբարտավան, նախանձ, խոսքով մարդ կճղենք, միայն թե՝ գործի մեջ չերևանք… Յուրաքանչյուր մարդու մեջ Աստված է ապրում՝ իրական Փրկիչ: Գիտե՞նք…Վերջ ի վերջո ամեն ոք ինքն է հոգում իր հոգսը… Նիկոլը հո իրենց ընտանիքը չի՞ պահելու.. Էլ ու՞մ սպասել…  Փանջունին ասում է՝ ազգովի փրկված ենք, մնում է ամեն մարդ իր գլուխը պրծացնի… Հային մնում է այս ֆորմուլան սահմանադրական գլխագիր դարձնել: Դարերի խորքից եկել, եկել ու հայտնվել է երկու քարի արանքում: Անբուժելի սոցիալական վերքերը, գործազրկությունը, վարչական ապարատից օգտվելու անկարողությունը, փորձի ու հմտության պակասը դարձել են ավելի քան սպառնալից: Որոշ մարդկանց թվում է, որ եթե մորուք ունեն, ապա խելք էլ ունեն:  Մնում է սափրել նրանց հույսերը: Իջևանի դեպքերը դրա ցավալի վկայությունն են. մի կողմից կացնահարվող բնություն, էկոլոգիական աղետ, մյուս կողմից էլ քաղցի ու չքավորության ճիրաններում հայտված մարդիկ:

-Սոված ենք, սոված,- մորմոքվում է մանկահասակ երեխայի մայրը,- երեխուն ցերեկը քնացնում եմ, որ մի անգամ պակաս հաց ուտի…

Իսկ անտա՞ռը՝ թեղին, թխկին, բոխին, լորենին, կեչին, բարդին, սոսին, կաղնին, հաճարենին… Ծառերն էլ են ուզում ապրել…  Վարչապետը գլուխը ո՞ր քարովը տա… Ի՞նչ է, նա սի՞րտ չունի, խի՞ղճ չունի, հոգի՞ չունի… Մեջքին ստացած դաշույնի հարված՝ էն էլ իր ծննդավայրում՝ Իջևանում… Դե արի ու վարչապետ, մի խենթանա… Սա ծննդավայր չի, երկիր չի, հայրենիք չի՝ համատարած ավգյան ախոռներ են, որտեղ առասպելական Հերկուլեսն անգամ անզոր է, ուր մնաց՝ Նիկոլը… Դե, արի ու էշը ցեխից հանի, առավել ևս, երբ փալանին թարս ես նստած… Ու ոչ դու գիտես ճամփեն, ոչ էլ՝ էշը…Գնում ենք…Աշխարհն ի՞նչ իմանա, թե ու՞ր ենք գնում, կամ թե մենք ի՞նչ գիտենք, թե աշխարհն ուր է գնում… Ընթացքը դանդաղում է.

            «Ես կանգնեցնում եմ քայլերն իմ կյանքի» …

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter