
Ճոճկանում նոր անասնագողություն է գրանցվել. անասնատերերը պահանջում են պարզել, թե գողության ժամանակ ինչու են անջատված եղել սահմանապահ ուղեկալի տեսախցիկները
Հուլիսի 13-ին Ճոճկան գյուղի «Իշխանի աղբյուր» հանդամասից 9 կով են գողացել: Էմին Մարտիրոսյանի ասելով՝ վերջին տարիներին Ճոճկանում կովերի 48-րդ գողությունն է արդեն, որից ոչ մեկը ոստիկանությունը չի բացահայտել:
Գողերը տարել են նաև Սասուն Դալլաքյանի երկու կովերը: «Շատ եմ խնդրում, Ճոճկանի ժողովրդի անունից տեղեկացրեք մեր վարչապետին, որ 10 տարի է՝ Ճոճկանում անասնագողություն է լինում: Մենք ամեն ինչի էլ պատրաստ ենք, ամբողջ ճոճկանցիներով մի մարդու նման գնալու ենք Երևան՝ Կառավարության շենքի առաջ կանգնենք: Ուզում ենք առերես հանդիպել վարչապետին և խնդրել, որ էս հարցին լուծում տան: Լոռու ոստիկանությունը մեր գյուղի անասնագողությունը չի բացահայտում»,- ասաց Սասուն Դալլաքյանը: Անասնատերերը պնդում են, որ ադրբեջանցի անասնագողին Ճոճկանից օգնում են: Մեր զրույցներում անասնատերերն ասում էին, որ գիտեն անասնագողերին, սակայն վախենում են բարձրաձայնել նրանց անունները:
Հուլիսի 13-ին Ճոճկանում հուղարկավորություն է եղել: Հովիվ Ալիկ Հակոբյանը պատմում է, որ ժամը 12:30-ին կովերին հանդում թողել, գնացել է թաղման: Հուղարկավորությունից հետո մասնակցել է հոգեհացին, եկել է տուն, շորերը փոխել ու հանդ է վերադարձել: Տեսել է անասունը չկա:
«Էս մարդը ժամը 16:00-ին է գնացել մեր «Իշխանի աղբյուր» հանդամաս, արդեն անասունը էնտեղ չի եղել, ժամը 13:00-ից հետո են էդ անասունը գողացել»,-ասաց Ժորա Վարդումյանը:
Գողերը գյուղից տարել են Խաչատուր և Սասուն Դալլաքյանների՝ 2, Ալիկ Հակոբյանի՝ 1, Արարատ Ղազարյանի՝ 1, Արտակ Լորսաբյանի՝ 2 և Գառնիկ Անդրեասյանի 3 կովերը:
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը տեղյակ էր իր հայրենի գյուղում կատարված անասնագողությունից:
«Նոր բան չունեմ հայտնելու, նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար: Ճոճկանի «Գոլի ղաշ» հանդամասը, որտեղից պարբերաբար գողանում են գյուղացիների անասունները, սահմանակից է Վրաստանին: Մենք անասնագողության հարցում դժվարությամբ ենք աշխատում հարևան վրացիների հետ»,- բացատրեց ոստիկանապետը:
Լ. Գիգոլյանը անտարբերության մեջ մեղադրեց Ճոճկանի անասնատերերին. «Եթե մի մարդ գիտի, որ սահմանային արոտավայրում գյուղի անասունները անտեր թողնելու դեպքում գողանալու են և շարունակում է թողնել, մենք ինչ կարող ենք անել»,- ասաց նա:
Հուլիսի 13-ի անասնագողությունը Լեռնիկ Գիգոլյանը նույնպես համարեց Վրաստանի Մառնեուլի շրջանի Բուրմա գյուղի ադրբեջանցի բնակիչ Թահիբ Մահմեդովի (անձնագրով՝ Տախիբ Մախմեդով) ձեռքի գործը: Ճոճկանի անասնատերերը գյուղի վարչական տարածքում իրենց անասունների ապահով արոտի համար նախ Կառավարությունից պահանջում են ուժեղացված սահմանային ուղեկալ: Ի հեճուկս ոստիկանապետի՝ անասնատերեր Խաչատուր Դալլաքյանը և Արարատ Ղազարյանն ասում են, որ գողության ժամանակ ադրբեջանցին ոչ թե մտնում է գյուղ, այլ գյուղի դիմացի արոտավայրում կանգնած է լինում: Արարատի ասելով՝ կովերը գողանալու գործում Ճոճկանում ադրբեջանցուն օգնող մարդիկ են իրենց գործն անում: Ժորա Վարդումյանը ոստիկանապետից պահանջում է Ճոճկանի ժողովրդին ապացուցել, որ ադրբեջանցին անցնում է սահմանն ու Ճոճկանի կովերը տանում:
«Էսօրվա դրությամբ կովեր կան, Շփրթան ենք ասում, է՜, անտառնումն է: Գիշեր- ցերեկ այնտեղ են: Շփրթանից անասուն չեն տանում: Հլա ասեք խի՞ չեն տանում: Էդ անասնատերը մի անգամ ուրիշի կովեր տանելիս, գյուղի անասնագողերի վրա դուրս է եկել: Ասել է՝ այ խելոքներ, եթե իմ կովի մազը ծռվեց, դուք եք պատասխան տալու, ու մինչև էսօր, էն մարդու ապրանքին մատով կպչող չի լինում»,- պատմեց Ժորան: Նրա ասելով՝ Ճոճկանում անասնագողություն չի եղել միայն հանգուցյալ գյուղապետ Սամվել Գիգոլյանի պաշտոնավարման 5 տարիներին: Սամվել Գիգոլյանը ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանի հայրն է: «Հենց Սամվել Գիգոլյանը պաշտոնաթող եղավ, սկսվեց անասնագողությունը»,- հայտնեց Ժորան: Նրա բացատրությամբ Ս. Գիգոլյանը տեղյակ է եղել կովերի գողերի մասին: Կանչել է դրանց և ասել, որ իր գյուղապետ եղած ժամանակ էդ բանը Ճոճկանում պետք է չլինի:
Ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանը հեռախոսով մեզ ասաց, որ տեղյակ չէ նման պատմության մասին: Զարմացավ, որ ճոճկանցիները այդ մասին իրեն չեն պատմել: Անասնատերերը կասկած չունեն, որ իրենց կովերը Ճոճկանի սահմանապահ ուղեկալի տարածքով է անցնում Վրաստան: Ժորան պատմեց, որ իր 5 կովերը տարել են անցյալ տարվա նոյեմբերին: Այդ ժամանակ Լեռնիկ Գիգոլյանը մարդ է տվել, գնացել, կովերը բռնել են Վրաստանի Մառնեուլի շուկայում:
«Մեր Արմենը նույնիսկ իր կովի հետ նկարվել է: Իսկ մեր 4 կովերը ավտոյի բեռնատարում են եղել: Մինչև Արմենը խաբար է արել, որ գյուղից օգնության հասնեն, կովերը փախցրել են»,- պատմեց Ժ. Վարդումյանը:
«Լավ, ենթադրենք թուրքն է տանում մեր կովերը, բայց թուրքն ումից իմացավ մեր գյուղում թաղում կա, որ եկավ»,- հարցրեց Էմին Մարտիրոսյանը:
Ադրբեջանցու Ճոճկան մտնելու ոստիկանության վարկածը մտահոգեց Էմինին: Գյուղի վերևը մեծ՝ 500 տ տարողությամբ, ջրամբար կա: Էմինի ասելով, եթե ադրբեջանցին կարողանում է մտնել Ճոճկան, ապա կարող է գյուղի ժողովրդին ջրամբարի ջրով թունավորել:
«Թուրքը մեր գյուղը խի՞ մտնի, բա էդ սահմանապահ զորքն ու՞մ համար է էստեղ»,- ասաց Էմինը: Արարատ Ղազարյանը պատմեց, որ հուլիսի 13-ին տարել են նաև իր մեկ կովը: Արարատը հիշեց, որ այս տարի մի 3 անգամ մոտեցել է հայ-վրացական սահմանին: Երեք անգամն էլ հայ սահմանապահները հայտնվել են կողքին: Հարցրել են՝ ինչ գործ ունի սահմանին: «Բա 9 հատ կովը էդ գողերի հետ միասին սահմանն անց են կացել, դա մեր սահմանապահ ուղեկալում չե՞ն նկատել: Զինվորականների մատը էս գործում խառն ա»,- եզրակացրեց Արարատը:
Գողերը տարել են Գառնիկ Անդրեասյանի 3 կովերը:
«Էդ երեք կովն էլ թող իրենց լինի, մենակ ինձ ասեն՝ էս մարդն է մեր կովերը տվել թուրքին: Մեր գյուղացի գողը էստեղից կովերը տալիս է, թուրքն էլ սահմանի վրա ընդունում ու տանում է: Վերջ: Էլ ավելացնելու չունեմ, թուրքը չի գալիս Ճոճկան»,- պնդեց Գառնիկը:
Կարինե Երիցյանը պատմեց, որ անասնագողությունից ամենաշատը իր ընտանիքն է տուժել: Կարինեի ընտանիքից 12 կով են տարել: Նրա վերջին 5 կովերը երկու տարի առաջ են գողացել: Կարինեն ասում է՝ Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանը լավ գիտեն՝ ովքեր են իր կովերը տարել:
«Ոստիկանապետն ասում է՝ թուրքը փորիսող գալիս է, կովը Լղոզնի հանդամասից տանում: Ինչ գիտի փորիսող է գալիս: Թող ապացուցի, որ փորիսող է գալիս, և ոչ թե մեր գեղից 3 լավ մարդ կովերը քշում, տանում են սահմանով անցկացնում: Ու ինչքան ապրանք կա, էդ նույն երեք մարդն են տարել: Նույնիսկ ես կոշիկի հետքով գնացել եմ ադրբեջանական Բուրմա գյուղի գլխին նրանցից մեկի կոշիկի հետքը լրիվ ապացուցել: Բուրման դիմացի մեր Պոպլոզ սարի հետևին է»,- ասում է Կարինեն: Խաչատուր Դալլաքյանը ծանր է տանում իր ապրուստի միջոց երկու կովերի գողությունը: Ասում է գիշեր, ցերեկ հսկում է Վրաստանի հետ գյուղի սահմանը: Պատմեց, որ հուլիսի 18-ի գիշերը գյուղի սահմանային հատվածով անցնող մի հատ «Վիլիս» է նկատել: Խաչատուրը սկզբում թաքնվել է, հետո մոտեցել, «Վիլիսը» կանգնեցրել է:
«Տեսա սահմանային ուղեկալի կամանդիրն է: Ասի, էս ինչ կա, թե բա՝ սահմանը հսկում եմ: Ասի, որ հսկում եք, ոնց իմ ապրանքը անցկացավ վրացական կողմը՝ կամերաներն էլ դա ֆիքսել չեն»,- պատմեց Խաչատուրը:
Ուղեկալի հրամանատարն էլ Խաչատուրին ու մյուս անասնատերերին բացատրել է, թե կարկուտը վնասել է տեսախցիկը, այդ պատճառով չի նկարել անասունների տեղափոխելը:
«Բայց ոչ, մեր անասունը կարկուտից առաջ են գողերը տարել, շատ շուտ: Կամերան էլ կարկուտից խարաբ չի լինում: Էդ էլ գիտենք: Սահմանապահ ուղեկալի պետը հենց այնպես է ասում չի ֆիքսել կամերան: Բայց խի չի ֆիքսել: Սա պետք է պարզել»,- պահանջում է Խաչատուր Դալլաքյանը: Նրան են միանում Արարատ Ղազարյանը, Ալիկ Հակոբյանը, Գառնիկ Անդրեասյանը, Արտակ Լորսաբյանը, Ժորա Վարդումյանը, Էմին Մարտիրոսյանը և Ճոճկանի մյուս անասնատերերը:
Վերջերս Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանը Ճոճկանի անասնատերերին նամակ է գրել, թե գողին չբացահայտելու պատճառով կովերի գողության գործը պետք է կարճվի:
«Իմ 5 անասունի գործը դու ոնց ես փակում, մարդիկ դեպքի վայրում մի հատ ակուրկա են գտնում, էդ ակուրկով գործ են հարուցում, իսկ մեր քննիչը, իր կաբինետում նստած, մի հատ սիրուն էնենց նամակ է գրել, նա երևի դպրոցում շարադրությունից 5-ից պակաս գնահատական չի ստացել»,- քննիչին ծաղրեց Ժորա Վարդումյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել