HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿԽԸ. մարդասիրական օգնություն կտրամադրվի Շիրակի մարզի կարկուտից առավել տուժած ընտանիքներին

Հուլիսի 23-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում, որտեղ նրան ընդունեցին նախագահ Մխիթար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետը տեղեկացվեց, որ Շիրակի մարզում այս տարի հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4300 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։

Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 35 215 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 151 424 500 ՀՀ դրամ)։ Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու ամենախոցելի՝  բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքները։ Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտելու և հստակեցնելու է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ սերտ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մարզում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող գործունեության ընթացքը և արդյունքները, Շիրակի մարզպետարանի հետ ներկա համագործակցությունն ու ապագա ծրագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter