HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի աղբատար ավտոմեքենայի վրայից աշխատակիցն ընկել է և ստացել գանգուղեղային ծանր վնասվածք

Հուլիսի 15-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության սանիտարական բաժնի աղբաթափությամբ զբաղվող աշխատակից 45-ամյա Սամվել Ավետիսյանը, քաղաքի Կամո փողոցում աղբահանության աշխատանքներ կատարելիս ընկել է կայանած աղբատար «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թափքից: Ընկնելու հետևանքով ստացել է լուրջ վնասվածք՝ գլխի շրջանում:

Կանչով ժամանած շտապօգնության ավտոմեքենան Սամվել Ավետիսյանին տեղափոխել է Վաղարշապատի հիվանդանոց: Հիվանդի մոտ ախտորոշվել է գանգուղեղային ծանր վնասվածք, գանգի հիմքի կոտրվածք, սուբարախնոիդալ արյունազեղում: Քանի որ Սամվելի վիճակը ծանր է եղել, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ նեյրովիրաբուժական կլինիկա, հետագա հետազոտման և բուժման նպատակով:

Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Մարտուն Դիլանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ աշխատակիցը աղբատար մեքենայից վայր է ընկել ոտքի սայթաքման հետևանքով: Վարչության պետն ասում է, որ իր իմանալով՝ այդ օրը ճառագայթման օր էր, եղանակն էլ՝ շոգ, և չի բացառվում, որ Սամվելի ինքնազգացողությունը վատացել է և չի կարողացել հավասարակշռությունը պահել ու վայր է ընկել: Նրա խոսքերով՝ այդ ժամանակ մեքենան եղել է կանգնած վիճակում:

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ անդրադարձել էին Էջմիածնի աղբատար մեքենաների վիճակին: Գրել էինք, որ Էջմիածին համայնքում աղբահանությունը կատարվում է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող բնակարանային կոմունալ վարչության կողմից: Աղբահանության կազմակերպման նպատակով օգտագործվում է 18 միավոր տեխնիկա, որոնց զգալի մասը ֆիզիկապես մաշված են: Աղբահան մեքենաներից ամենահինը «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենան է, որն արտադրվել է 41 տարի առաջ, իսկ ամենանորը՝ 3 տարի առաջ արտադրված «KAMAZ» մակնիշի ավտոմեքենան է: Աղբատար ավտոմեքենաներից միայն 5-ն է կառուցվածքով նախատեսված աղբահանության համար, մնացած 10-ը պարզապես ծածկվում են վրաններով:

Ստացվում է, որ աղբատարի բանվորներն աշխատում են կիզիչ արևի տակ և չկան պաշտպանիչ միջոցներ: Մարտուն Դիլանյանն ասում է, որ մեկ մեքենայի վրա աշխատում է երեք բանվոր՝ մեկը թափքի վրա է կանգնում, իսկ երկուսը՝ աղբը մոտեցնում են մեքենային: Վարչության պետի խոսքերով՝ եվրոպական երկրների մակարդակի աղբատար ավտոմեքենաներ ձեռք բերելը թանկ հաճույք է, քաղաքապետարանը նման ծախսեր կատարել չի կարող, սակայն նշեց, որ նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են:

Էջմիածնի քաղաքապետարանում կազմվել է արտադրական դժբախտ դեպքի մասին ակտ: Պարզվել է, որ տուժողը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել: Իսկ աշխատանքի անվտանգության և առողջության պահպանության պետական նորմատիվ պահանջների խախտում թույլ տված անձինք չկան:

Նշենք, որ բնակարանային կոմունալ վարչությունն ունի 111 աշխատակից, որոնցից ապահովագրություն ունի միայն 12-ը: Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը փոխանցեց, որ ապահովագրությունը կամավոր է: Ապահովագրության վճարի մի մասը փոխանցում է քաղաքապետարանը, մնացած մասը՝ աշխատակիցը: Աշխատակիցներն էլ հիմնականում չեն ցանկանում ապահովագրվել:

Մարտուն Դիլանյանն ասաց, որ Սամվել Ավետիսյանի ընտանիքի անդամներին հատկացվել է 100,000 դրամ օգնություն, բացի այդ, քաղաքապետարանն իր վրա է վերցրել հիվանդանոցային բոլոր ծախսերը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Սամվել Ավետիսյանի ընտանիքի անդամներից: Հորեղբոր որդին՝ Մաթևոսյանը, ասաց, որ Սամվելի վիճակը գնալով լավանում է, դրական դինամիկա կա:

«Ավելի լավ ա, դու գնացեք մի եկեղեցի, մոմ վառեք այդ տղու համար, մեծ լավություն արած կլինեք: Լրիվ նորմալ ա, քաղաքապետարանից օգնում են, այսօր դեղերի համար 100,000 դրամ տվել են, թղթերը հավաքում են հիվանդանոցից, որ վճարումներն անեն»,- ասաց տուժողի հորեղբոր որդին:

Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ նշված դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում կատարվում է հետաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter