HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԼՀԿ-ն առաջարկում է «1000 դրամների» օրենքի շրջանակում հատուցում տրամադրել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի շրջանակում հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։

Հիշեցնենք, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Նախագծի համահեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն է։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ:

«Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի եւ հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության, կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում սահմանել 35 միլիոն դրամ, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25 միլիոն դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15 միլիոն դրամ հատուցում։

Հիշեցնենք, որ գործող օրենքով հատուցման գումարները վճարվում են այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո։

Գևորգ Գորգիսյանն առաջարկել էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժա­մանակ ստացած վնասը, սակայն Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այդ նախագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter