
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին
Հուլիսի 24-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկեց արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումով։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Ըստ հաղորդագրության՝ նախարար Մնացականյանը կարևորեց Վրաստանի արտգործնախարարի հետ երկկողմ ձևաչափով առաջին պաշտոնական հանդիպման անցկացումը, ինչը ևս մեկ քայլ է՝ ուղղված հայ-վրացական բազմադարյա պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին անդրադարձան հայ-վրացական համագործակցության մի շարք հարցերի: Երկուստեք բարձր գնահատվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա սերտ համագործակցությունը և ընդգծվեց ոլորտային պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
Երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի կիրառման համատեքստում առանձնահատուկ կարևորվեցին հունիս ամսին Երևանում և Դիլիջանում անցկացված Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի և հայ-վրացական գործարար համաժողովի արդյունքները՝ միաժամանակ ընդգծելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարներն ընդգծեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և այդ ոլորտում առկա ձեռքբերումների պահպանումը, կարևորվեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախաձեռնումը:
Նախարար Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Զալկալիանին արժևորեցին նաև միջազգային կառույցներում համագործակցությունը և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցության և փոխադարձ աջակցության ամրապնդումը:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Երկուստեք ընդգծվեց, որ տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպման ավարտին՝ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:
Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին:
Մեկնաբանել