HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անուշավանը Արմավիր քաղաքում գյուղական տուրիզմ է զարգացնում

Արմավիրի մարզում քիչ է զարգացած տուրիզմը: Տուրիստական հիմնական երթուղին «Զվարթնոց» տաճարը, Էջմիածինն ու Սարդարապատի հուշահամալիրն են: Մարզում նույնիսկ դժվար է գտնել հայկական խոհանոց:

«Մեր մարզը մի քիչ հետ է մնացել տուրիզմից: Ցուցադրելու շատ բան չունենք: Այս տարածքում Սարդարապատն է, շատերը գալիս, զանգերը տեսնում, գնում են, նույնիսկ թանգարան չեն մտնում: Ունենք Մեծամորի թանգարանը, բայց վստահ եմ՝ հայերի 99 %-ը տեղյակ չի դրա մասին: Ունենք Երվանդաշատ, Բագարան գյուղերը, հրաշալի տեսարան ունենք, հին եկեղեցիներ, բայց նորմալ ճանապարհ չունենք, որ տուրիստը գնա այնտեղ: Հետո էլ տուրիստական կազմակերպությունները նախընտրում են մոտ տարածքներ տանել մարդկանց, որտեղ կոմունիկացիաները շատ թե քիչ լավ վիճակում են»,- ասում է Անուշավան Քալաշյանը:

Անուշավանը 16 տարի ծառայել է հայկական բանակում և սեփական դիմումով, մայորի կոչումով ազատվել է ծառայությունից: Մտքով չի անցել այլ գործով զբաղվել, բիզնես ունենալ: Կուրսանտ եղած տարիներին մեկ անգամ ընկերների հետ որոշել է գարեջրի վաճառքով զբաղվել: Կոտայքից գարեջուրը բերել են Արմավիր, որպեսզի վաճառեն, բայց ոչ թե վաճառել են, այլ խմել ու հյուրասիրել: Այդպես էլ չի հաջողվել բիզնես անել: Ավելի ուշ ունեցել է տնտեսական ոչ մեծ խանութ:

«2011թ., երբ ծառայությունից դուրս եկա, Արմավիր քաղաքում նորմալ որակի հաց չէի կարողանում գտնել, խանութից գնած հացը չէի կարողանում ուտել: Գնում Երևանից էի գնում: Մեր լավաշը, հացը թխել է տատս: Իրենից հետո արդեն չէի կարողանում հաց գնել: Քաղաքի փողոցով անցնելիս տեսա մի տարածքի վրա գրված է՝ «վաճառվում է», միտք առաջացավ հացի փուռ բացել: Վարկավորումը մի քիչ ուշացավ, այդ տարածքը վաճառեցին, բայց չհանձնվեցի: Քիչ վերև տեսա էլի տարածք է վաճառվում, գնեցի»,- պատմում է Քալաշյանը:

Հացի փուռ ունենալուց 3 տարի հետո որոշել է տարածքը դարձնել հացատուն և ընդունել արտասահմանցի տուրիստներին, հայ ընտանիքներին, ովքեր սիրում են գյուղն ու գյուղական միջավայրը: «Մեր հայաթ»-ում ամեն ինչ կառուցել է հայկական մոտիվներով և փորձում է ցույց տալ հայ գյուղացու կենցաղն ու մշակույթը: 

Անուշավանը տարածքը կառուցապատել է վարկային միջոցներով, սակայն ասում է՝ վարկերը մատչելի չեն: «Բոլոր գովազդները սուտ են, վարկերի տոկոսները շատ բարձր են ու երկարաժամկետ չեն: Իմ վարկը 13 % է, վերցրել եմ 2013թ-ին և դոլարով, դրամ չէին տալիս: Մինչև հիմա վարկը փակում եմ: Չեմ նեղվում, բայց արձակուրդ չեմ կարող գնալ, հանգստանալ չեմ կարող, քանի որ բարձր տոկոսով վարկ եմ փակում»,- նշում է Քալաշյանը:

Նա ունի ներդրումային ծրագիր և սպասում է մարզում աշնանը կայանալիք «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» բիզնես համաժողովին: Հույս ունի, որ իր ծրագիրը հավանության կարժանանա և կստանա ֆինանսական աջակցություն: Անուշավանը փնտրում է գործընկեր՝ տեղում գյուղական տուրիզմը զարգացնելու և արտադրություն հիմնելու համար, սակայն դեռ ցանկացողներ չկան:

«Մեր հայաթ»-ն ունի 8 աշխատակից: Ամենացածր աշխատավարձը՝ 120 000 դրամ, ստանում է հավաքարարը, սակայն ամսվա ընթացքում այն հասնում է մինչև 180 000 դրամի, քանի որ հյուրերի առկայության դեպքում աշխատակիցը երկար է մնում, որի դիմաց վճարվում է: Այս պահին 5 աշխատողի կարիք ունեն, սակայն չեն կարողանում գտնել: Նույնիսկ պատրաստ են տեղում սովորեցնել, բայց դիմող չկա:

«Եթե մեկը կասի, որ Հայաստանում աշխատանք չկա, ուրեմն սուտ է խոսում: Աշխատատեղ շատ կա, գուցե աշխատավարձը քիչ է, բայց օգնություն խնդրելուց լավ է: Հիմա նույնիսկ հարուստ մարդը նպաստ է ստանում, աշխատող մարդը նպաստ է ստանում: Եթե հարց դրվի՝ ավելի բարձր աշխատավարձով աշխատել, թե նպաստ ստանալ, կնախընտրեն նպաստը: Նպաստը պիտի տան հաշմանդամներին, անչափահասներին, ծերերին: «Ձրիակեր» բառը հային հարիր չի, բայց սկսել եմ այդ բառն օգտագործել, որովհետև շրջապատում ձրիակեր մարդկանց ճանաչում եմ»,- նշում է Անուշավանը՝ հավելելով, որ 3 տոննա ծիրան ունի, որը օղու հումք է, սակայն աշխատող չունի, որ կարողանան թորել:

Անուշավանը բիզնես սկսել ցանկացողներին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել ռեսուրսները և խելացի ու մտածված քայլեր անել, ինչպես նաև շատ շուտ հարստանալու ձգտում չունենալ: Ըստ նրան՝ պետք է համբերատար սպասել:

«Բիզնես սկսելուց առաջ պետք է ինքդ քո ռեսուրսները, ընտանիքիդ ռեսուրսները գնահատես, դա կապ չունի ֆինանսի հետ: Պետք է նայես՝ դու քո ընտանիքի հետ պատրա՞ստ ես այդ ամենին: Ես իմ ընտանիքի հետ եմ անում: Ես ու կինս այստեղ ենք, բանվորի, աշխատակցի հետ հավասար աշխատում ենք: Հայրս, եթե դաշտում չի լինում, մեզ օգնում է, նույնը՝ եղբայրս: Եթե ի վիճակի ես աշխատելու, ինքդ քո վրա զայրանալու, ուրեմն դիմիր ռիսկի: Եթե պիտի հեռվից նայես քո ներդրած գործին՝ ձեռքերդ գրպաններդ դրած, ուրեմն իմացիր, արդեն տակ ես տվել»,- նշում է գործարարը: 

Զրույցի ընթացքում Անուշավանը մի պահ քայլերն ուղղեց դեպի սենյակի անկյունը: Մի քանի վայրկյան լռությունից հետո միացրեց «պլաստինկան», և հնչեց կոմիտասյան երաժշտություն: Տարածքում հայկական երաժշտությունից բացի՝ այլ երգ-երաժշտություն չեն լսում: Ուտելիքները ևս հայկական են:

Անուշավանը պատմում է, որ խոհարարական շնորք չի ունեցել, սակայն նվիրվելով աշխատանքին՝ գնել է հայկական խոհանոցի բաղադրատոմսերը և այժմ ինքն է պատրաստում հայկական ուտելիքները: Ասում է, որ ամեն ինչ պատրաստվում է գյուղական տարբերակով: Այցելուները կարող են համտեսել ղաուրմա և դրանով պատրաստած ցանկացած ուտելիք՝ ղաուրմայով ձվածեղ, արիշտա, դդումով ճաշ, սեզոնին՝ խաշ, թոնրի մեջ ղարսի խորոված, աքլորի կամ գառան հարիսա և այլն:

Սարդարապատ գյուղում Քալաշյաններն ունեն մոտ 4 հա այգի, որի մշակությամբ զբաղվում է Անուշավանի հայրը: Անուշավանն ասում է, որ առաջիկայում ունենալու են «գինու բակ»: Սակայն այժմ էլ մատուցում են հենց իրենց այգու խաղողի օղին ու գինին: Տարին 12 ամիս կարող է օղի թորել և եթե հյուրերը ցանկանում են, կարող են ակտիվ մասնակցություն ունենալ:

«Մենք ունենք նաև թթի և այլ պտղատու ծառեր: Եթե մեր հյուրը ցանկանա, կարող է գնալ իր ձեռքով թութ թափ տալ, միրգ քաղել: Կարող են թութը բերել՝ մեր տարածքում դոշաբ պատրաստել կամ մասնակցել խաղողի հավաքին: Օրինակ՝ նախորդ տարի իսրայելցի զբոսաշրջիկներն ինձ հետ խաղող են քաղել, բերել ենք ու միասին էլ ճմռել»,- ասում է Քալաշյանը:

Լավաշը ևս տարածքում են թխում: Եթե այցելուն ցանկություն ունի, կարող է հենց ինքը լավաշը թխել: Երբ անցնում էինք թոնրատան կողքով, Անուշավանը ցույց տվեց պատուհանի ապակու վրայի նկարը և ասաց. «Սա տատիս նկարն է, 76 տարեկան հասակում դեռ լավաշ էր թխում»:

Տարածքում նաև կաթնամթերք են մշակում՝ խնոցու թան, կարագ, թթվասեր, յուղ: Կաթը գնում են աշխատակիցներից կամ վերջիններիս հարևաններից: Մթերում են համեմատաբար բարձր գնով՝ տարվա բոլոր սեզոններին 200 դրամով: Անուշավանը նշում է, թե չի ուզում գյուղացուն նեղացնել, էժան մթերել, փոխարենը իրեն լավ որակի կաթ են տալիս: Անուշավանի խոսքով՝ բացի այն, որ իր աշխատողները կայուն աշխատանք ունեն, կարողանում են զարգացնել իրենց տնտեսությունները: Օրինակ, այն մարդը, ումից մշտական կաթ է մթերում, մեծացրել է տնտեսությունը. 3 կով ուներ, այժմ  կովերի թիվը հասցրել է 7-ի, ձեռք է բերել նաև կով կթելու սարք, որպեսզի ավելի մաքուր լինի կաթը: Անուշավանը սկսել է մթերել այծի կաթ, որից պանիր են պատրաստում:

Անուշավանը նաև նախատեսում է հյուրատուն կառուցել, որի տակ կլինի գինու մառան: Որոշել է հյուրատունը կառուցել հայկական ճարտարապետական լուծումներով, օրինակ՝ զարդանախշ փայտե պատշգամբներով: Ասում է, որ արտասահմանցի զբոսաշրջիկները հոգնել են քաղաքային կյանքից և նախընտրում են տեսնել գյուղն ու գյուղական միջավայրը, ապրել ոչ թե թանկարժեք հյուրանոցներում, այլ պարզ ու հարմարավետ լուծումներով հյուրատներում, ապրել գյուղացու հետ, նույն միջավայրում:

Գյուղական միջավայր ներկայացնող «Մեր հայաթ»-ի հարևանությամբ գործում է նաև Անուշավանի արագ սննդի կետը: Ասում է, որ արմավիրցին չի սիրում ընտանիքով գնալ մի տեղ, օրինակ՝ գինի խմելու: Հիմնականում խմբերով գալիս են տղամարդիկ, իսկ ինքը նրանց առաջարկում է ոչ թե «Մեր հայաթը»-ը, այլ արագ սննդի կետը: «Թույլ չեմ տա, որ տարածքը վերածեն կերուխումի վայրի, սարքեն փաբ կամ նմանատիպ մի բան: Եթե ուզում են ուղղակի հաց ուտել ու խմել, արագ սննդի կետը հենց դրա համար է»,- նշում է Անուշավանը:

Մեկնաբանություններ (3)

Hetq
Thes restaurant is at the intersection of Givani and Abovyan streets. Tel: +374 41 280878
Hovsep Daghdigian
Exactly where is Kalashyan's restaurant?
HAGOP
GOOD LUCK!!!!! THIS IS WHAT ARMENIA IS ALL ABOUT!!! CREATE! INVEST! BUILD!!!! ARMENIA CAN BE STRONG AND RICH IF EVERY ARMENIAN PUTS THEIR BRAINS AND HEARTS INTO BUILDING THE COUNTRY!!!! TOGETHER!!!!!!! NO CORRUPTION!!!!!! HARD WORK AND HELPING EACH OTHER!!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter