
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը կընգրկվի զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում
Առողջապահության նախարարի առաջադրած ներկայացուցիչը ևս կներգրավվի զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) կազմում: Որոշումն այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը՝ Առողջապահության նախարարության առաջարկով։
Նշենք, որ ԿԲՀ-ն զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ վերջնական եզրակացություն տվող մարմինն է:
«Առողջապահության նախարարի կողմից առաջադրված թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում հնարավորություն կտա նաև ուսումնասիրել և վեր հանել զորակոչի գործընթացում առողջապահության ոլորտին վերաբերելի խնդիրները, օպերատիվ կարգով լուծումներ առաջադրել այդ խնդիրներին և արդյունավետ կերպով համակարգել ԿԲՀ-ի կողմից բժշկական հաստատություններ ուղարկված զորակոչիկների բժշկական հետազոտման և բուժման գործընթացը»,- հայտնել է նախարարությունը։
Ըստ Առողջապահության նախարարության՝ իրենց ներկայացուցչի ներգրավվածությունը թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների տված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կբարձրացնի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի տված եզրակացությունների որակը, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը:
Հիշեցնենք, որ նախարարությունն այս նախագիծը դեռևս մայիսի 18-ին քննարկման էր ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Մեկնաբանել