
Կառավարությունը 13 միլիոն դրամի արտոնություն տվեց ընկերությանը, որտեղ պատգամավորը փոխտնօրեն է աշխատել
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 13 միլիոն դրամի մաքսային արտոնություն տրամադրել «Արտ գլոբալ» ընկերությանը՝ ազատելով ներմուծման մաքսատուրքից։
Ընկերությունը Չինաստանից ներմուծելու է 247 միլիոն դրամ արժողությամբ ստվարաթղթեր։
«Արտ գլոբալ» ՍՊԸ-ն Կառավարությանը հայտնել է, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակների, ափսեների և այլն) արտադրության մեջ: Խոստացել է ծրագրի շրջանակներում իրականացնել 250 մլն դրամի ներդրումներ, ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Արտ գլոբալ» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականից, դրա միակ բաժնետերը Ժիրայր Հարությունյանն է։ Ազգային ժողովի կայքում հրապարակված տվյալներով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը 2016-2019 թվականներին, որպես փոխտնօրեն, աշխատել է այս ընկերությունում:
Ընկերության փոխանցմամբ՝ արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 1 մլրդ դրամ, որից մոտ 700 մլն դրամը կիրացվի Հայաստանի տարածքում, մոտ 250 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 50 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Մեկնաբանել