HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչ հիմքերով են զինծառայությունից ազատվել դեսպանների որդիները

«Հետքը» շարունակում է անդրադառնալ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման խնդրին: Այս անգամ կներկայացնենք նախկին ու ներկա դեսպանների որդիների զինծառայությունից ազատման հիմքերը: Տեղեկացնենք, որ դեսպանների որդիները հիմնականում կամ այլ երկրի քաղաքացիություն ունեն, կամ էլ հաշվառված չեն ընտրողների ռեգիստրում:

Բացի ընտրողների ռեգիստրից գոյություն ունի բնակչության պետական ռեգիստր, որը սակայն հանրային չէ, և քաղաքացու հաշվառման հասցեն հնարավոր չէ իմանալ առանց վերջինիս իմացության ու համաձայնության: Դեսպանների որդիների մեջ կան նաև այնպիսիք, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում կամ հաշվառված են այլ երկրում՝ ունենալով ՀՀ անձնագիր (օրենքը նման հնարավորություն ընձեռում է), ինչը թույլ չի տալիս բաց աղբյուրների շնորհիվ գտնել նրանց մասին տեղեկատվություն և դիմել Պաշտպանության նախարարություն:

Ներկայացնենք այն դեսպանների՝ զինծառայությունից ազատված որդիների տվյալները, որոնք բաց աղբյուրների շնորհիվ գտել ենք:

Պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատվել է արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի որդին՝ 31-ամյա Նարեկ Ադոնցը: Ավետ Ադոնցը փոխնախարար է նշանակվել այս տարվա փետրվարին, 2014-2019 թվականներին եղել է Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Ինչպես մեզ հայտնեց փոխնախարար Ադոնցը՝ որդին զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով: Ուսումնառության ընթացքում տարկետումներ է ստացել, տնտեսական գիտությունների թեկնածու է:

ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ, Եգիպտոսի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մելքոնյանի որդին՝ 37-ամյա Աշոտ Մելքոնյանը, զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով:

«Որդիս բակալավրիատն ու մագիստրատուրան սովորել է արաբագիտության բաժնում, ապա ընդունվել ասպիրանտուրա՝ սկզբում Դամասկոսում, հետո տեղափոխվել Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա: Ասպիրանտուրան ավարտելիս պաշտպանել է գիտական թեզ, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և օրենքին համապատասխան ազատվել զինվորական ծառայությունից: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել մինչև իմ դեսպան դառնալը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանը:

Զինծառայությունից ազատվել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հատուկ հանձնարարություններով նախկին երկարամյա դեսպան լևոն Սարգսյանի որդին՝ 31-ամյա Նարեկ Սարգսյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով: 

Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: 

Ըստ ՊՆ պատասխանի՝ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 2 որդիներն էլ անցել են պարտադիր զինվորական ծառայություն: ՊՆ-ն, սակայն, մերժել է տրամադրել տեղեկություն, թե որտեղ է անցել Նարեկ Ալեքսանդրի  և Հայկ Ալեքսանդրի Սարգսյանների զինծառայությունները:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի որդին՝ 28-ամյա Ալֆրեդ Սադոյանը, ևս ուսումնառության հիմքով է ազատվել զինծառայությունից:

«Որդիս միջնակարգ դպրոցն ավարտել է 2007 թվականին, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 2011 թվականին: Նույն թվականին ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա  «Իրավագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտել է 2013 թվականին: Նույն թվականին ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ սովորել է մինչև 2016 թվականը: 2016-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, և Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) նրան շնորհել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,- ասված է դեսպան Ռուբեն Սադոյանից ստացված հարցման պատասխանում:

Վրաստանում ՀՀ դեսպանատնից ուղարկել են նաև Ալֆրեդ Սադոյանի ավարտական բոլոր փաստաթղթերը և գիտությունների թեկնածուի վկայագիրը:

Ռուբեն Սադոյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2017 թվականին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Երկուսն էլ՝ գիտական աստիճան ունենալու հիմքով: Ավագ որդին՝ Կառլեն Գալոյանը, տնտեսագիտության թեկնածու է, կրտսեր որդին՝ Կարեն Գալոյանը՝ քաղաքական գիտությունների թեկնածու:

Աշոտ Գալոյանը Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2014 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի որդին՝ Տիգրան Պողոսյանը, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակում վճարել է սահմանված տուգանքը և ազատվել քրեական պատասխանատվությունից: Դեսպան Պողոսյանը հարցման պատասխանում հայտնել է, որ որդին դեռ մանկության տարիներից ապրել է Ճապոնիայում, միջնակարգ կրթությունը ստացել է Ճապոնիայում, սովորել է նաև ԱՄՆ-ում, իսկ բարձրագույն կրթություն ստացել է եվրոպական համալսարաններից մեկում:

«Երբ լրացել էր Տիգրանի զորակոչային տարիքը, և նա արդեն սովորում էր Ֆրանկլին քոլեջ-համալսարանում, նա Կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 706 որոշմամբ ստացավ 3 տարով տարկետում: Մինչև նշված տարկետման ավարտը ՀՀ օրենսդրությունում փոփոխվեց օտարերկրյա պետությունների բուհերում ՀՀ քաղաքացիներին զորակոչից տարկետում տալու կարգը, ապա ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը: Իր 27-ամյա տարեդարձը նշելուց անմիջապես հետո Տիգրանը մեկնեց Հայաստան, և համաձայն վերոնշյալ օրենքի՝ մուծելով համապատասխան վճար՝ ստացավ իր զինվորական գրքույկը և մինչ օրս հաշվառված է պահեստազորում»,- ասված է դեսպան Պողոսյանից ստացված հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սահմանում է, որ հայտարարված զորակոչից խուսափած անձը, վճարելով օրենքով նախատեսված համապատասխան տույժը, իրավունք ունի հետ վերադառնալ Հայաստան՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Դեսպան Պողոսյանն իր պարզաբանման մեջ նշել է, որ որդին տարկետման իրավունք է ստացել, սակայն հետագայում օրենսդրության մեջ փոփոխություն է եղել, ինչի պատճառով էլ, ըստ էության, որդին հայտարարված զորակոչ(երին) չի ներկայացել:

Հրանտ Պողոսյանը նախ 2012 թվականին նշանակվել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ապա 2014-ին՝ Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ Իսրայելի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան), Արմեն Սմբատյանի 2 որդիներն էլ՝ Ալեքսանդր և Սերգեյ Սմբատյանները, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

Դեսպան Սմբատյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ երկու որդիներն էլ գիտությունների թեկնածուներ են՝ առանց այլ մանրամասների:

Սմբատյանի կրտսեր որդին՝ Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավարն է: Ըստ կենսագրական տվյալների՝ 2009 թվականին Սերգեյ Սմբատյանը ստացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի արվեստագիտության թեկնածուի կոչում: 2012 թվականի մայիսին ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան։

Արմեն Սմբատյանը 2014 թվականից մինչ 2018 թվականը եղել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականը՝ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով: 2018-ին նշանակվել է դեսպանի պաշտոնում:

Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի որդին՝ Մանվել Մովսիսյանը, առողջական հիմքով է ազատվել զինծառայությունից:

Ջիվան Մովսիսյանը Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է 2016 թվականից:

Հնդկաստանի Հանրապետությունում և համատեղության կարգով Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի որդի Դավիթ Մարտիրոսյանը ևս զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանի Հանրապետությունում դեսպան է նշանակվել 2015 թվականին, իսկ 2016-ին համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում:

Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի որդին՝ Տիգրան Մկրտչյանը, մինչ 2019-ի ձմեռային զորակոչ տարկետման իրավունք է ստացել: Մեր հարցմանն ի պատասխան դեսպան Մկրտչյանը հայտնել է, որ որդին տարկետման իրավունք է ստացել ուսումնառության և գիտությամբ զբաղվելու համար:

«Նա սովորում է Ա. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի (Ֆիզիկայի ինստիտուտ) անվճար ասպիրանտուրայում և միաժամանակ աշխատում: Տիգրանը 2018-ին արժանացել է ՏՏ ոլորտում վարչապետի կողմից շնորհվող լավագույն մագիստրոս մրցանակի: Նա մասնակցում է միջազգային «Ատլաս» գիտափորձին և ներկայացնում Հայաստանը Ժնևում տեղակայված «Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում»,-ասված է դեսպան Սամվել Մկրտչյանից ստացված մեր հարցման պատասխանում:

Սամվել Մկրտչյանը Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել նախորդ տարի նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի որդին ուսումնառության նպատակով տարկետում է ստացել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը:

«Արշակ Փոլադյանը միջպետական համաձայնագրի շրջանակներում 2015 թվականից ուսանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Պեկինի մայրաքաղաքային բժշկական համալսարանում, որի շրջանակներում օգտվում է տվյալ միջպետական համաձայնագրից բխող և օրենքով սահմանված տարկետման իրավունքից, որն ավարտվում է 2021 թվականի հուլիսի 16-ին: Ուսումն ավարտելուց անմիջապես հետո կզորակոչվի ԶՈՒ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Միաժամանակ, որպես հավելյալ տեղեկատվություն, ուզում եմ հայտնել, որ իմ կրտսեր որդին՝ Արամ Փոլադյանը 2019 թվականի հունվար ամսից ծառայում է ԶՈՒ-ում՝ մինչ զորակոչվելը ուսանելով Երևանի Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում (առանց տարկետման իրավունքի)»,- ասված է դեսպան Փոլադյանից ստացված նամակում:

Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի որդին՝ Կիմ Ղալաչյանը, մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք է ստացել: Դեսպան Ղալաչյանը մեր հարցմանը չի արձագանքել:

Գագիկ Ղալաչյանն այս երկու պետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2018 թվականին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: 2009-ից սկսած՝ տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոն է զբաղեցրել:

Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետություններում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանի 2 որդիներն էլ՝ Դավիթ և Պողոս Սահակյանները, ազատվել են զինծառայությունից:

Սահակյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի նոյեմբերին: Նախկին դեսպանի հաշվառման հասցեով ուղարկված մեր նամակն անպատասխան է մնացել:

Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի որդին՝ Գոռ Պապիկյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք է ստացել: Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատնից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դեսպան Պապիկյանն արձակուրդում է, արձակուրդից վերադառնալուց հետո գրությունը կփոխանցվի իրեն:

Այս հրապարակմամբ զինծառայությունից ազատված նախկին ու ներկա ոչ բոլոր դեսպանների որդիներին ենք անդրադարձել: Պաշտոնյաները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրեր են ներկայացնում՝ նշելով միայն իրենց հետ բնակվող զավակների մասին, ուստի դեսպանների՝ այլ երկրում հաշվառված որդիների մասին շատ դեպքերում մամուլում հրապարակումներ չեն լինում: Եթե արտերկրում բնակվող մեր ընթերցողները ունեն որևէ տեղեկություն այս կամ այն դեսպանի որդու՝ զինծառայությունից ապօրինի ազատման մասին, կարող են մեզ այդ մասին հայտնել:

 

Լրացում. Օգոստոսի 2-ին Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանից նամակ ստացանք այն մասին, որ իր որդին՝ Գոռ Պապիկյանը, հրաժարվել է տարկետման իրավունքից և զորակոչվել զինված ուժեր։

Մեկնաբանություններ (1)

Hakob Darbinyan
Զարմանալի է՝ դեսպանների որդիները եղել են կամ գիտնական, կամ հիվանդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter