
Դեսպանի որդին հրաժարվել է տարկետումից և զորակոչվել զինված ուժեր
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի որդին զորակոչվել է զինված ուժեր։
«Ինչ հիմքերով են զինծառայությունից ազատվել դեսպանների որդիները» հոդվածում, ի թիվս այլ դեսպանների, անդրադարձել էինք նաև դեսպան Արմեն Պապիկյանի որդուն՝ Գոռ Պապիկյանին, որը մինչև այս տարվա ձմեռային զորակոչ տարկետման իրավունք էր ստացել։ Ավստրիայում Հայաստանի դեսպանատնից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ դեսպան Պապիկյանն արձակուրդում է։ Պարզվում է, որ դեսպանի՝ արձակուրդում եղած ժամանակ էլ վերջինիս որդին զորակոչվել է։
Դեսպանն արդեն այսօր մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ որդին մասնակցել է 2019 թվականի ձմեռային զորակոչին, ստացել տարկետում՝ այդ պահին առկա, զինծառայության անցնելու հետ անհամատեղելի, առողջական խնդիրների պատճառով։
«Տեղեկացնում եմ նաև, որ Գոռ Պապիկյանն իր դիմումի համաձայն` հրաժարվել է իրեն տրված տարկետումից, մասնակցել է 2019թ.-ի ամառային զորակոչին և զորակոչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր»,-ասված է դեսպան Արմեն Պապիկյանից ստացված նամակում։
Հիշեցնենք, որ Արմեն Պապիկյանը Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։
2016-2018 թվականներին զբաղեցրել է արտգործնախարարի տեղակալի պաշտոնը։
Մեկնաբանել