HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսայինի աշխատողները գումար են վերցնում Մեղրիի սահմանին քաղաքացիների ու բեռների փոխադրումն իրականացնելու համար

Հայ-իրանական սահմանին` Մեղրիի մաքսային ծառայության էլեկտրամոբիլի աշխատակիցները յուրաքանչյուր տեղափոխման համար 1000 դրամ են վերցնում քաղաքացիներից: Էլեկտրամոբիլի վրա փակցված է ՀՀ մաքսային ծառայություն գրությունը, իսկ դրա վարորդը մաքսային ծառայողի արտահագուստ է կրում:

Քանի դեռ սահմանագծին սպասում էինք էլեկտրամոբիլին, իրանական սահմանից առևտուր անող հայ երիտասարդները, որոնք պարբերաբար գալիս են Իրան, գնումներ կատարում և վերադառնում Հայաստան, պատմում էին, որ ամեն անգամ էլեկտրամոբիլի վարորդին 1000 դրամ են վճարում իրենց և իրերը չեզոք գոտուց սահման հասցնելու համար: Այդ տարածությունը մոտ 1 կմ է: Որպեսզի մեծ ծանրոցներով այդքան ճանապարհը չքայլեն, քաղաքացիները էլեկտրամոբիլով են տեղաշարժվում, որի դիմաց վճարում են 1000 դրամ:

Մեր հարցադրմանը, թե արդյոք վարորդը կտրոն է տրամադրում 1000 դրամի դիմաց, պատմեցին, որ ոչ մի կտրոն չի տրամադրվում:

Մենք նույնպես այդ երիտասարդների հետ օգտվեցինք էլեկտրամոբիլից, որի դիմաց երիտասարդը մեր ներկայությամբ վճարեց 1000 դրամը: Վարորդից հետաքրքրվեցինք, թե ինչու է մաքսային ծառայության էլեկտրամոբիլը և վարորդը քաղաքացիներից գումար վերցնում, և արդյոք այդ ծառայությունը վճարովի է, վարորդը պատասխանեց. «Տալիս են, վերցնում եմ»: ՄԵր հարցին, թե ինչու դրա դիմաց քաղաքացիներին կտրոն չի տրամադրվում, մաքսային ծառայողի արտահագուստով երիտասարդը զարմանքով արձագանքեց՝ ի՞նչ կտրոն:

Մաքսային ծառայության էլեկտրամոբիլը ողջ օրն է աշխատում, տեղափոխում հիմնականում առևտրի նպատակներով իրանական սահմանը հատող քաղաքացիներին: Սահանից այն կողմ առևտրի կետեր կան, ինչպես նաև մեծաքանակ առևտրի համար ՀՀ քաղաքացիներն օգտվում են մոտակա քաղաքներից: Բեռներով վերադառնում ՀՀ սահման: Հետևաբար, մեծաքանակ բեռների դեպքում մշտապես օգտվում են այդ էլեկտրամոբիլներից:

Քանի դեռ մենք սպասում էինք անձնագրային ստուգման մեր հերթին, երիտասարդը երկրորդ պտույտը կատարեց, և ականատես եղանք նաև այդ ուղևորներից գումար ստանալուն:

Պետեկամուտների կոմիտեն, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ՀՀ պետական սահմանից մինչև Մեղրի մաքսային կետ-բաժնի անձնագրային ստուգման կետ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների և նրանց իրերի տեղափոխումն իրականացվում է ՀՀ ՊԵԿ Մեղրի մաքսային կետ- բաժնին պատկանող էլեկտրամոբիլներով: ՀՀ ՊԵԿ-ի կողմից նշված ծառայությունը մատուցվում է բացառապես անվճար հիմունքներով՝ Մեղրի մաքսային կետ-բաժնի ղեկավարության ամենօրյա վերահսկողության ներքո: 

«Ձեր գրության մեջ նշված գումարներ վերցնելու վերաբերյալ կոնկրետ փաստեր ներկայացվելու պարագայում ՀՀ ՊԵԿ կողմից օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ Շուշանիկ Ներսիսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter