HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի պոչամբարի անվտանգությունը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չէ

Շրջակա միջավայրի նախարարությունը Թեղուտի պոչամբարի հարցում անելիքներ չունի: Այսպիսի եզրակացության կարելի է հանգել` կարդալով Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված մեր գրավոր հարցման պատասխանները:

«Հետքը» Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին գրավոր հարցում էր ուղարկել` նշելով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանը «Հետք»-ին տված 2018թ.-ի օգոստոսի 20-ի հարցազրույցում հայտնել էր, որ  Թեղուտի պոչամբարի  տեխնիկական անվտանգության ցուցանիշները չեն համապատասխանում  ՀՀ օրենսդրական և  միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այժմ Թեղուտի հանքավայրը կրկին շահագործման է պատրաստվում:

Նախարար Գրիգորյանին խնդրել էինք հայտնել, թե`

  • Շրջակա միջավայրի նախարարության կողմից գնահատվե՞լ է Թեղուտի պոչամբարի վիճակը վերջին շրջանում:
  • նախարարության մասնագետները կատարե՞լ են որևէ ուսումնասիրություն` պարզելու, թե շահագործման պարագայում պոչամբարն արդյոք անվտանգ է լինելու, կամ կա՞ն ռիսկային գործոններ, որոնք կարող են սպառնալ շրջակա միջավայրին: Եթե կատարվել էին մասնագիտական ուսումնասիրություններ, ապա խնդրել էինք տրամադրել եզրակացությունների կրկնօրինակները:

«Վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի N 745-L որոշմամբ, Շրջակա միջավայրի նախարարությանը պոչամբարի տեխնիկական անվտնագության ցուցանիշների (վիճակի) գնահատում և շահագործման անվտանգությունը պարզելու իրավասություններ վերապահված չեն:  Արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը վերապահված է արտակարգ իրավիճակների նախարարությանը»,- նախարար Գրիգորյանին ուղղված հարցմանը պատասխանել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

Վարչապետը նշված որոշմամբ ընդամենը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության (նախկին` ԲՆ) կանոնադրությունը, որի որևէ կետով, ըստ նախարարության, իրենք պարտավորություններ չունեն:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բրիտանական «In Situ Site Investigation Services», ամերիկյան Global Resource Engineering, ավստրիական «ATC Williams» և ռուսական «Механобр инжиниринг» ընկերությունները Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինտի պոչամբարի ուսումնասիրություններով պարզել էին, որ առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման և դրա սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման, Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի հանքաքարի արդյունահանման ու հարստացման գործընթացների վերագործարկումը անխուսափելիորեն կառաջացնի պոչամբարի պատվարի մարմնում ջրի մակարդակի բարձրացման ու ջրիկացման ռիսկ՝ ստեղծելով պոչամբարի ինքնափլուզման իրական վտանգ: Պոչամբարի անվտանգության նկատմամբ հետագա վերահսկողություն ապահովելու համար «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանը 2018թ.-ի հուլիսի 18-ի  գրությամբ նախարարությանն էր ներկայացրել վերոհիշյալ կազմակերպությունների կազմած` Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի պատվարի կայունության գնահատման հաշվետվությունները: Հուլիսի 1-ին սեյսմիկ եւ ստատիկ ռիսկեր պարունակող Թեղուտի պոչամբարը շահագործվել է ՎՏԲ բանկին պատկանող «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից:

Շրջակա միջավայրի նախարարությունից խնդրել էինք հայտնել` անվտանգության ի՞նչ երաշխիքներով Է Շրջակա միջավայրի նախարարությունը թույլատրել փլուզման մեծ ռիսկեր ունեցող Թեղուտի պոչամբարի շահագործումը:

Մեր գրավոր այս հարցմանն ի պատասխան նախարարությունը հայտնել է հետևյալը. «Ձեր գրության մեջ նշված կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվել են լիազոր մարմնին: Շրջակա միջավայրի նախարարությանը պոչամբարի շահագործման տրամադրման թույլտվության իրավասություններ վերապահված չեն: Պոչամբարների պատվարների անվտանգության հարցերով լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային պետական կոմիտեն է»,-պատասխանել է Վահե Ջիլավյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter