
Շուրջ 50 փաստաբան պատրաստ է ներկայացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը. նրանց ցանկը համալրվում է
Շուրջ 50 փաստաբան պատրաստակամություն է հայտնել ստանձնել դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Վերջինս նշեց, որ փաստաբանների շարքը համալրվում է:
Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակած դատավորն է:
Նրա վերաբերյալ 2019 թվականի փետրվարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ: Հաղորդման հիման վրա, սակայն, քրեական գործ չի հարուցվել: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Գրիգորյանի կայացրած դատական ակտից որոշ ժամանակ անց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը:
Հուլիսի 26-ին գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԲԴԽ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով միջնորդությունը, որոշել է այն երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Թե ինչ դրվագների մասին է խոսքն, այս պահին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել: Դատավորի լիազորություններն այս պահին կասեցված են:
Նշենք, որ դատավորի աշխատասենյակը հուլիսի 16-ին խուզարկվել է, այնտեղից առգրավվել են մի շարք փաստաթղթեր և կրիչներ, դուռը կնքվել է։
Մեկնաբանել