
Ե՞րբ է վերջնականապես բարելավվելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կապի որակը
2011 թվականի աշնանը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բաժանորդներին հաղորդագրություն էր ուղարկել` տեղեկացնելով, որ հեռախոսազանգերի ընթացքում հնարավոր են կարճատև դժվարություններ` ցանցի բարելավմանն ու զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքների հետ կապված, և խոստացել, որ Ամանորից հետո կապը կբարելավվի: Սակայն Ամանորից հետո կապը ոչ միայն չի բարելավվել, այլև վատթարացել է: Ավելին, գրեթե հնարավոր չէ կապ հաստատել «ԱրմենՏելի» բաժանորդների հետ: Պարզաբանումների համար «Հետքը» դիմեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին:
Ինչո՞ւ է կապի որակը վատացել:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը վերազինվել է նորագույն սարքավորումներով: Վերազինման հիմնական աշխատանքներն ավարտված են և ընդհանուր առմամբ` ցանցը համապատասխանում է անհրաժեշտ որակական պահանջներին: Այժմ իրականացվում են ցանցի վերջնական համալրման աշխատանքներ, որի նպատակն է հայտնաբերել և շտկել առանձին կղզյակներում կամ գոտիներում առկա` կապի որակին առնչվող խնդիրները:
Գործընթացն արագացնելու նպատակով ակնկալում ենք ԶԼՄ-ների և բնակչության աջակցությունը այդպիսի գոտիներ հայտնաբերելու և մեզ տեղեկացնելու հարցում:
Ինչո՞ւ է գրեթե անհնարին դարձել «ՎիվաՍել- ՄՏՍ»-ից «ԱրմենՏել» զանգեր կատարելը:
Նման խնդիր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապատասխան ստորաբաժանումներում չի գրանցել: Բջջային օպերատորի ցանցից դեպի մեկ այլ օպերատորի ցանց զանգ կատարելու հետ կապված դժվարությունը չի կարող դիտարկվել որպես մեկ օպերատորի խնդիր, քանի որ բոլոր ցանցերը փոխկապակցված են: Առհասարակ, նման խնդիրները տևական բնույթ չեն կրում և շատ արագ լուծվում են օպերատորների կողմից:
Ե՞րբ է վերջնականապես բարելավվելու կապի որակը:
Կապի բարելավումը շարունակական գործընթաց է և կապված չէ բացառապես ցանցի վերազինման աշխատանքների հետ: Միշտ էլ հնարավոր է գտնվեն առանձին գոտիներ, որտեղ կապի որակը ոչ բավարար մակարդակի վրա է գտնվում: Խնդիրները լուծվում են ցանցի շարունակական համալրման և ծածկույթի ընդլայնման ճանապարհով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել