HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլոր ռազբոռկեքին թա՛րգ տվեք… Ռ-ի հետ էլ եթե լավ չեք, վատ էլ մի՛ եղեք»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սկիզբը

Վերջին նամակիս պատմության ավարտին շատ սպասեցիք. կանգ էի առել այնտեղ, երբ բոլորս քսիֆներ գրեցինք՝ նկարագրելով ստեղծված իրավիճակը: 2 օր անց պատասխան եկավ` շատ հակիրճ, հիշում եմ այս բառերը. «…փակի տակ եք, հնարավորություն չկա կամեռից կամեռ գնալ-գալու, մահապատժի տակ եք… բոլոր ռազբոռկեքին թա՛րգ տվեք… Ռ-ի հետ էլ եթե լավ չեք, վատ էլ մի՛ եղեք»: Այս վերջին նախադասությունը հաջորդ 24 ժամվա բանավեճի առարկան դարձավ: Քրեական աշխարհի տղերքն այն կարծիքին էին, որ եթե Ռ-ն Գող լիներ, ապա ուղղակի կգրեին՝ օրենքով գող ա, ու վերջ: Ռ-ն էլ ոգևորված ասում էր. «Հը՛, հիմա հասկացաք, որ ճիշտ էի ասում: Ուղղակի ախպերներս չեն ուզում, որ մահապատժի տակ նստած ձեր հարցերի ու կասկածների համար աչոտ տաք հիմա…»:

Ա՛յ այսպիսի իրավիճակ ստեղծվեց, ու արդեն խնդիրը մեր խցից դուրս եկավ. շատ խցերում գիտեին, նաև բանտի աշխատակիցներից ոմանք սկսեցին ասել, որ ВМ-ում օրենքով գող կա (ВМ-ն ռուսերեն Высшая мера արտահայտության հապավումն է, թարգմանաբար՝ պատժի առավելագույն չափ, այդպես կոչում են մահապատժի դատապարտվածներիս հարկաբաժինը):

Ու նորից քսիֆներ գնացին: Վերջը բանը բանից անցավ, ու մի օրենքով գող գրեց. «Էտի հացի գող ա… տեղը ցույց տվեք: Հետն էլ իմացեք, որ իսկական վառավսկոյ Ֆռաեռը պետք ա ընդունի` հակառակը չասի, մինչև պարզվի ճիշտը: Իսկ Ռ-ի ասած մարդիկ, հա՛, քերոփներ են էղել, բայց իրա նշած թվին արդեն պռաշլյակներ էին…»:

Ամեն բան հանդարտվեց: Հիմա այդ երկու վիճողներից ոչ մեկը չկա: 90-ականներից ի վեր շատ-շատ բան փոխվեց այսպես կոչված ВМ-ի բաժնում: Ավելի ճիշտ` անճանաչելի է գրեթե ամեն բան: Հաջողվեց, այնուամենայնիվ, ուսումը, աշխատանքը… դարձնել ընդունելի, ավելին` հիմա գրեթե բոլոր ցմահականները ձգտում են աշխատանք ունենալ, ինչն, իհարկե, բարդ խնդիր է: Հայաստանի դատապարտյալներից 6-7 ուսանողներ ունենք, ու բոլորն էլ ցմահներից են: Հայհոյանք, դռներին խփել, կարելի է ասել, վաղուց չկա: Բանտի աշխատակիցները` հսկիչներից սկսած մինչև ամենավերևները, շատ լավ գիտեն և ասում են` ամենահանգիստ բաժինը ցմահների բաժինն է:

Միանշանակ ողջունելի է, որ ներկայիս իշխանություններն ընդունեցին ռեժիմների փոփոխման մասին դրույթը` հեղափոխական մոտեցմամբ հնարավորություն տալով տեղափոխվել նաև բաց ռեժիմային գոտի, այսինքն՝ աշխատել ազատություն մեջ, լինել ընտանիքի հետ և երեկոյան վերադառնալ մեկուսարան: Մնում է, որ այս օրենքը սկսի պրակտիկ գործել`առանց անօրինությունների, առանց կոռուպցիոն ռիսկերի և օբյեկտիվ, իրավաչափ գնահատականի վրա:

Գաղութային, այն է` կիսաբաց ռեժիմը, կարծում եմ, դեռ չի կարող ապահովել պատժի իրական նպատակը՝ վերասոցիալականացումը, քանի որ այնտեղ իրականում իշխում են ենթամշակույթին կանոնները` նիստ ու կացը, բարքերը և միայն բաց ռեժիմն է, որ իրապես կնպաստի դատապարտյալների՝ հասարակություն լիարժեք վերադարձի ճանապարհին, նախ և առաջ` հենց աշխատանքի և ընտանիքի, հասարակության հետ ակտիվ շփման միջոցով:

Միանշանակ ողջունելի է ՀՀ արդարադատության նախարարության այն հեղափոխական մոտեցումը, համաձայն որի՝ ներդրվեց բալային համակարգ ցմահ ազատազրկվածներիս պայմանական վաղաժամկետ ազատման հարցի վերաբերյալ: Մինչ այս դատապարտյալի բնութագիրը կախված էր բազմաթիվ սուբյեկտիվ գործոններից: Ներկայում հնարավորինս օբյեկտիվ դարձավ այս գործընթացը շնորհիվ ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարարի հրամանի: Այսուհետ քրեակատարողական հիմնարկը, սահմանված չափորոշիչների համաձայն, նշանակելու է համապատասխան բալեր: Օրինակ, եթե դատապարտյալը աշխատում է, ապա նա վաստակում է 2 բալ (միավոր), եթե մուծել է քաղաքացիական հայցը պատճառված վնասի համար, ապա 2 բալ և այլն: Ամենաբարձր 5 բալը նշանակվում է այն դեպքում, եթե դատապարտյալը չի առաջնորդվում քրեական ենթամշակույթով և երբ 2 և ավելի անգամ խրախուսվել է: Առավելագույն բալերի քանակը 48-ն է, իսկ դրական է համարվում և ներկայացվում պայմանական վաղաժամկետ ազատման, երբ հավաքում է առնվազն 28 բալ: Բայց, միևնույն է, վերջնական որոշումը դատարանն է կայացնելու: Իսկ արդյոք դատարանը չի՞ լինի սուբյեկտիվ կամ կոռուպցիոն ազդեցության տակ:

Ներկայում անհրաժեշտ է և տրամաբանական նմանատիպ բալային համակարգ, բայց ավելի ցածր անցողիկության շեմով (օրինակ՝ կիսափակի համար՝ 15, կիսաբացի՝ 18 և բացի՝ 20 անցողիկ միավորով) ներդնել դատապարտյալների պահման ռեժիմների փոփոխման կիրառման նպատակով: Միայն այս կերպ սուբյեկտիվությունը գրեթե կբացառվի:

Բնականաբար, բալային համակարգն այս խնդիրների լուծման լավ տարբերակ է, սակայն անհրաժեշտ են որոշ հիմնավորված խմբագրումներ: Օրինակ` դատապարտյալի աշխատանքը ներկայում մեկ սանդղակի վրա է գնահատվում, այսինքն` 3 ամիս աշխատող և երկար տարիներ աշխատող դատապարտյալները գնահատվում են ստանդարտ 2 բալով: Ակնհայտ է, որ ինչպես խրախուսանքների պարագայում, այդպես էլ այս հարցում պետք է, օրինակ` 2 և ավելի տարիներ աշխատող դատապարտյալը ավելի բարձր բալերով գնահատվի, ինչը նաև աշխատանքի հանդեպ ձգտում կառաջացնի: Նույն կերպ հարկավոր է գնահատել այս կամ այն միջոցառումներին մասնակցությունը և սոցիալական վերականգնման աստիճանը: Այնուամենայնիվ, 20 տարի բանտում փակված դատապարտյալին շատ դժվար է ուսում ստանալ ու աշխատանք գտնել՝ հաշվի առնելով, որ ուսումը միայն վճարովի է, իսկ աշխատանքի համար էլ նոր հմտություններ են պետք: Ուստի, պետությունը նախ պիտի աջակցի դատապարտյալներին ուսանելու և աշխատելու հարցում, նոր նման բարձր շեմ սահմանի: Առաջարկում եմ խմբագրել նաև տարիքով պայմանավորված բալերը: Օրինակ՝ 28 տարեկանից բարձր տարիքում դատապարտվածներին տրվում է հավելյալ միավոր, այն դեպքում, երբ եվրոպական մի շարք երկրներում երիտասարդ չափահասներն են 18- 21, որոշ դեպքերում մինչև 25 տարեկաններին են վերաբերում անչափահասներին բնորոշ մեղմ դրույթներով՝ տալով այս տարիքային խմբին ավելի շուտ պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք և այլ իրավունքներ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter