HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալիեւը օր առաջ կդիմի լայնածավալ ռազմական գործողությունների, եթե վստահ լինի, որ հաղթելու է»

«Հետքի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը

-Պարոն Վերանյան, հուլիսի 27-ին եւ 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածության աճ է դիտվել: Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հակառակորդի կրակոցից երկու զինծառայող է վիրավորվել, մեկ զինծառայող զոհվել է: Ինչո՞վ է պայմանավորված սահմանային այս ակտիվությունը: Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը նման սադրանքներով:

-Նախեւառաջ պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը չի փոխվել: Մեծ սպասումներ չպետք է ունենանք, որ Հայաստանի գործող ղեկավարության հնչեցրած` խաղաղության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարությունները խոշոր հաշվով ընկալելի են Ադրբեջանի ռազմաքաղաքական ոլորտի պատասխանատուների համար: Իհարկե, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո համեմատաբար նվազել է սահմանային լարվածությունը, նվազել են նաեւ միջադեպերը: Սա, անշուշտ, չափազանց կարեւոր ձեռքբերում է, սակայն, դժբախտաբար, դա դեռեւս իրավիճակային լուծում է եւ չի կարող ունենալ համակարգային բնույթ: Բաքվի այդ սպասողական կամ անցումային զսպվածության հետեւում տեսանելի են Հայաստանի հետհեղափոխական շրջանը հօգուտ իրենց օգտագործելու ակնկալիքները: Երբ հարեւան երկրում վերջապես հասկանան, որ այդ ակնկալիքները չեն արդարացվելու, իսկ դրանք չեն արդարացվելու, ապա Ալիեւը լիովին կվերադառնա նախկին գործելաոճին:

Մյուս կողմից՝ Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման միտումը պետք է պայմանավորել արտաքին գործոնով եւ, մասնավորապես, Թուրքիայի շուրջ ծավալվող զարգացումներով: Այսօր Թուրքիան խնդիրներ ունի Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ, շարունակվում են հակասությունները Իրաքում, Սիրիայում, Իսրայելի հետ հարաբերություններում: Անկարայի շահերին հակասում են Արեւելյան Միջերկրականում գործընթացները, որտեղ համընկնում են Իսրայելի շահերը Թուրքիայի հակառակորդ Հունաստանի ու Կիպրոսի հետ: Այդ համատեքստում Թուրքիան փորձում է սերտացնել գործակցությունը Մոսկվայի հետ: Նկատենք, որ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հակասությունների բերումով Հարավային Կովկասում կրկին մեծացել է Վաշինգտոնի ուշադրությունը` փորձելով նվազեցնել Անկարա-Մոսկվա գործակցության ազդեցությունն այստեղ: Կարծում եմ, որ սահմանային վերջին սրացումները պայմանավորված են առաջին հերթին Թուրքիայի անուղղակի միջամտությամբ եւ տեղավորվում են վերը նշված զարգացումների տրամաբանությունում: Նախիջեւանյան ուղղությամբ սահմանային վերջին խախտումների հետեւում կրկին Անկարան է կանգնած:

-Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով սահմանային իրավիճակին, նշել է, որ այդ գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Ի՞նչ ազդեցություն են ունենում նման հայտարարությունները: Արդյոք դրանք ուղղված են նաեւ միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հայկական կողմի պատասխանից հետո նրանք, ինչպես միշտ, հավասարության նշան չդնեն կողմերի միջեւ:

-Հայկական կողմը չպետք է սահմանափակվի զուտ հայտարարություններով:  Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որն ընդամենը մի քանի տարի առաջ` ապրիլյան գործողությունների ժամանակ, ոճրագործություններ իրականացրեց Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Հասկանալի է, որ ոչ այս եւ ոչ էլ նախկին հայտարարությունները, դժբախտաբար, չեն տալու անհրաժեշտ արձագանքներ: Այո, նման հայտարարությունները կոչ են նաեւ միջազգային հանրությանը եւ նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս իրենց հայտարարություններով եւ գործողություններով զսպեն Ալիեւի արկածախնդրությունը: Ցավոք սրտի, սակայն, նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները լավագույն դեպքում սահմանափակվում են չեզոք դատապարտող հայտարարություններով, որոնք չունեն իրավաքաղաքական գնահատական, չեն ենթադրում տնտեսական եւ այլ տեսակի պատժամիջոցների մեխանիզմներ: Կարծում եմ, որ այս հարցը պետք է բարձրացնել համանախագահների հետ բանակցություններում:

-ՀԱՊԿ-ի կողմից սահմանային այս միջադեպերն արձագանք չեն ստացել, ինչը, կարծես, սովորական է դարձել մեզ համար: Շատերի բնորոշմամբ էլ՝ ՀԱՊԿ-ն մեռելածին կառույց է: Ի՞նչ պետք է անի ՀԱՊԿ անդամ Հայաստանն այս պարագայում, եթե հաշվի առնենք նաեւ վարչապետ Փաշինյանի շարունակական հայտարարությունները ՀԱՊԿ-ում անդամ-երկրների ունեցած պարտավորությունների մասին:

-Նույնը կարող ենք ասել նաեւ ՀԱՊԿ-ի մասին: Ադրբեջանի կողմից այդ կառույցի անդամ երկրի` Հայաստանի սահմանային խախտումների միջադեպերի առիթով ՀԱՊԿ-ն նույնպես, որպես կանոն, հնչեցնում է անատամ եւ անհետեւանք հայտարարություններ եւ թերեւս ոչ ավելին. Իսկ վերջին դեպքերի մասով, այդ կառույցից որեւէ արձագանք չի հնչել: Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է բարձրացնի այս հարցում ՀԱՊԿ պատասխանատվության արդյունավետության հարցը, այլապես այդ կառույցում Հայաստանի պատասխանատվության աստիճանը կարող է իրավացիորեն լինել հայելային: Մինչեւ մենք հետամուտ չլինենք այդ խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ, իրավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու:

-Նախկինում կարծիքներ են հնչել Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ տարբեր ուղղություններով պատերազմ հրահրելու վերաբերյալ, մի կողմից՝ Նախիջեւանի ուղղությամբ, մյուս կողմից՝ Տավուշի ու Արցախի: Դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք այսօր: Եվ առհասարակ լայնամասշտաբ գործողությունների հավանականություն դիտվո՞ւմ է առաջիկայում:

-Անչափ կարեւոր է, որպեսզի չթերագնահատենք, ոչ էլ գերագնահատենք հակառակորդի ռազմական կարողությունները: Չեմ կարծում, որ այսօրվա Ադրբեջանը ի զորու է տարբեր ուղղություններով` ե՛ւ արցախյան, ե՛ւ հայ-ադրբեջանական, այդ թվում՝ նախիջեւանյան ճակատով նախաձեռնել, առավելեւս` վարել միաժամանակյա ռազմական գործողություններ, այն էլ` լայնածավալ: Նշյալ ուղղություններով սրացումներ, իհարկե, սպասելի են. եւ այսօր նույնպես ունենք նման իրավիճակ:

Ինչ վերաբերում է առաջիկայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա նշեմ, որ այդ հավանականությունը հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր գոյություն ունի: Դա լինելու է, քանի դեռ չունենք առարկայական ձեռքբերումներ բանակցություններում եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առհասարակ: Ի եպ, աշխարհի հեղինակավոր ուղեղային կենտրոններում տվյալ դեպքի մասով առաջ ենք քաշվում զարգացման տասնյակ, նույնիսկ հարյուրավոր սցենարներ: Մեզ չէր խանգարի մտածել եւ առաջնորդվել այդ տրամաբանությամբ:  

Հարցի մյուս կողմն այն է, որ Ալիեւը օր առաջ կդիմի լայնածավալ ռազմական գործողությունների, եթե վստահ լինի, որ հաղթելու է: Ես չգիտեմ՝ արդյոք վերջին տարիներին Բաքվում գնահատվել է այդ հաղթանակին հասնելու համար Ադրբեջանի քաղաքական, ռազմական ու տնտեսական, մարդկային ռեսուրսների բավարար լինելու հանգամանքը, թե ոչ, առհասարակ արվել կամ արվում են նման գնահատականներ, թե ոչ: Եթե այո, ապա ովքե՞ր են դրանք հաշվարկում: Միգուցե սխալվեմ իմ գնահատականներում, բայց առաջիկայում Ալիեւը չունի բավարար ռեսուրսներ՝ դիմելու նման քայլի: Թերեւս չեն երեւում դրա իրագործման ներքին ու արտաքին նախադրյալները կամ հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter