HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Կինը քայլում է փողոցով մենակ

էսսե՝  ամառային գիշերներում քայլելու ու փոփոխվող քաղաքի մասին

Մեկ շաբաթվա մեջ արդեն որերորդ անգամ փողոցային դայաղվողի ագրեսիային բախվելուց ու ընկերներիցս նմանատիպ դեպքերի մասին լսելուց հետո, հասկացա, որ քաղաքն անդարձելիորեն փոխվում է ու սկսում գործել ուրիշ մեխանիզմով: Կենտրոնն արդեն դառնում է իսկականից կենտրոն՝ լցված, ժխորոտ, խիտ ու անհասկանալի:

Էս  արդեն էն քաղաքը չէ, որտեղ ընտանիքներն ամռանը դուրսը բալկոնում էին քնում, ու փոքրիկներն էլ մինչև մթնելն առանց վախենալու խաղում էին, քանի հով էր: Սա այն քաղաքն է, որտեղ մեկը մյուսի կողքին կաֆեներ են բուծվում, բիզնես ֆռռում, տուրիզմի զարգացման փորձ արվում, որպեսզի մեզ լավ լինի, մեզ մոտ էլ փող գա, մարդ գա, մի բան փոխվի:

Մի 5 տարում էս քաղաքը ոչ մի բանով չի տարբերվի աշխարհի մնացած բոլոր քաղաքներից՝ նույն լույսերը, ապրանքներն ու դեմքերը: Սա անխուսափելի է:

Քաղաքը կկորցնի իր հին մեխանիզմը, որը հեչ քաղաքային չէր, փոքր քաղաքիկի ավելի շատ կսազեր... Բայց սա մեզ բոլորիս համար է արվում, որ երկրում գոնե մի քաղաք լինի, որն իր ֆունկցիաներով կբավարարի 90-ականների կիսաավերված տնտեսության ուրվականի վրա նոր բաներ կառուցող բնակչությանը:

Ու այսպես քաղաք կսկսեն մտնել տուրիստները` մարդիկ, որոնք, աշխարհում 3-րդ տեղն իր էթնիկ համասեռությամբ զբաղեցրած մոնոէթնիկ երկրի համար ՈՒՐԻՇ են: Նրանք սկզբից խորթ են լինելու ու տեղացիների կողմից ընկալվելու են իբրև էկզոտիկ, բայց խանգարող ատրիբուտ: Հետո կգան սփյուռքի հայերը, որոնք էլ ավելի խորթ են նայվելու տեղացիների համար, որովհետև ՈՒՐԻՇ են՝ ծանոթի դիմակի տակ... կառաջանան բախումներ ու բախումների հետևանքով հարցադրումներ՝ թե՛ սեփական արժեհամակարգի վերաբերյալ, թե՛ սեփական ինքնության:

Ո՞վ ես դու` հյուրասեր ու հյուրընկալ, մարդամոտ ՀԱՅ, որն ապրում է արևային Հայաստանո՞ւմ: Բա իսկ եթե Հրազդանում ապրող ինտրովերտ ես, ուրեմն հայ չե՞ս: Հրազդանում ցուրտ է ու արևոտ չէ…

Ո՞վ ես դու: Համաշխարհային արվեստն ու մշակույթը քո տաղանդավոր փախստականներով սնած պետությո՞ւն:

Ո՞վ ես՝ սովետը դեռ չմարսած ու սեփական մենտալիտետի վրա մուսուլմանական ազդեցությունը թաքցնող նորանկախ պետությո՞ւն:

Ո՞վ ես, ու ո՞րն է քո նոր բնորոշումը: Ո՞վ է քեզ ձևակերպելու, էլի Ռուսաստանը, թե՞ էս անգամ ինքդ կզբաղվես էդ հարցով:

Քո՝ քուչում պպզելու արդյունքում գոյացած ճշտով, համաշխարհային ստեղ-էնտեղ պտտած ճշտի դեմ ի՞նչ կարող ես անել: Ո՞րն է քո 30 տարվա անկախության ձեռքբերումն էդ ճշտին կուրորեն հետևելուց բացի: Կարա՞ս, առանց քուչիդ անունը կիրառելու ու լավ ախպերներիդ հղելու, ասես, թե ով ես ու ինչ արժեք ունի քո ապրածը: Քեզ հիշելուց գոնե մեկը կա՞, որ բարի կժպտա, թե՞ սաղի համար ծանրություն ես, որը քաշ են տալիս: Ծանրություն ես, որը քարշ ա գալիս՝ ինքն էլ չգիտի, թե խի, բայց ունի ՃԻՇՏ, որի մի գրամն էլ նորմալ չի կարա բացատրի ու վերլուծի, զատո էդ ճշտի ռամկեքի մեջ ա ու երբեք դուս չի գա՝ մաքսիմում էդ ռամկեքը ավելի պնդացնի, որ տեղից կյանքում չշարժվի:

ԴՐՍԻ ու ԱՅԼ-ի հետ բախումների հետևանքով առաջացած նման հարցադրումներից կսկսեն ինքնաքայքայման ակտեր, ու, բնականաբար, օդում կառաջանա ագրեսիան, որը կարտահայտվի ամեն հարմար առիթով… կկպնի քեզ, նրան ու պտտվելով կմոտենա ինձ:

...բայց փողոցում, տան դռանս մոտ՝ բժշկականից ոչ հեռու ու դեռ հաճելի ջազ համերգի ձայները գլխումս, վրաերթի ենթարկվելու պահին ինձ բացատրություններ ու վերլուծություններ չէին հուզում: Ճիշտն ասած՝ դրանք գալիս ու կպնում էին մի տեղիս՝ ընկնելով գետնին ու փշրվելով...

  • Մո՞ւթ էր երբ դուրսն էիր, - հարցրեց բժիշկը, երբ հաջորդ առավոտ գնացի մոտը, որ նյարդերիս վիճակը հասկանամ ու դեմն առնեմ
  • Հա, ամառ ա, Երևանում, բոլորս ենք դուրսը երբ մութ ա
  • Դե...մենակ մի քայլի դրսում ուրեմն: Լավ է լուրջ բան չի եղել, ընդամենը կպել է քեզ, հասկանում եմ՝ տհաճ է, բայց մի մեծ բան չէ...
  • Դե, ես իրան ընդհատեցի, բրդեցի հետ...եթե սպասեի, գործողությունները կարող ա զարգացներ...վազեր գինու հետևից ու մոմերի, բայց չդիմացա…հա ես տենց առհասարակ անզուսպ եմ, ռոմանտիկայի կաթիլ էլ չկա մեջս...

Կոպիտ ընդհատեցի խոսակցությունը, որովհետև լոգիկան չհասկացա...էլ ինչ իմաստ ունի թավշյա փոփոխությունների հետևից ընկել, երբ տարրական մենթալիտետային խնդիրներ փոխելուն մարդիկ դեռ պատրաստ չեն:

ٱللهُ أَكْبَر  «ալլաաահհհուակբաաար» մտքերս կտրեց առավոտվա ազանը...

Առավոտվա ազանները՝ աղոթքի կանչերն, ամենասիրունն են: Կիսակարմիր երկնքում, դեռ նոր-նոր ծագած արևի շողերի հետ հնչում է աղոթքի կանչն, ու սիրտդ ինչ-որ առումով ծակվում է էն մտքից, որ մարդիկ ինչ-որ տեղ դեռ աղոթում են, էսքան բարձր, անզուսպ ու միգուցե իսկական:

...Չէ... ինձ թվաց, ազանի ձայն չէր... շտապօգնությունն անցավ կաբինետի կողքով, բայց էս մարդու ասածների հետ կբռներ ահավոր... չգիտեմ խի էս մարդու ասածի լոգիկան վերջում էդտեղ էր բերելու՝ մուսուլման: Եվրոպական կոշիկներ հագած, ապառիկով այֆոնի համար օրերով աշխատող ու համաշխարհային արժեքների մասին դեկորատիվ խոսող, թաքնված, բայց ռադիկալ մուսուլման, որն աջուձախ հարմար պահին կասի, որ ինքը մի երկրից է, որն առաջինն է քրիստոնեություն ընդունել ու որտեղ անվտանգ է….ես դեմ չեմ որևէ կրոնի, ոչ էլ ռասիստ եմ... բայց ուզում եմ իրերն իրենց անուններով կոչել…. եթե էդ տոնով կնոջն ասում ես, որ իր վրա տան դեմը հարձակվել են, որովհետև մթոտ էր, ուրեմն քո ուղեղում դա նորմալ է, քո արժեհամակարգի համար էլ դա ընդունելի, ու հլա մի բան էլ եղածը քիչ է երևում աչքիդ... մենակ դու էդքան՝ լիբանանցիների ասածի պես, դաշախ (ձու) չունես, որ դա ասես այդ կնոջ դեմքին… հետո դե մի ասա, որ մուսուլմաններն են կանանց հետ վատ վարվում կամ անազատ են... իսկ դու բարեպաշտ ու ազատամիտ քաղաքացի ես՝ եվրոպական արժեքների դեմ բաց:

Էս խոսակցությունից ես լարվում եմ ու սկսում եմ դողալ՝ զայրույթից, նրանից, որ հետս էղածը մի շատ ծանր բան չէ, բայց արդեն մի հարուր տեսակի հայացք ու պիտակ հասցրի վրաս զգալ՝ «գրգռի՞չ էիր հագած » , «շա՞տ ուշ էր», «խմա՞ծ էիր» ... պատասխաններս  էին՝ «չէ, լայն վերխով ու ջինսով էի», «չէ,11:30 էլ չկար», «չէ, ուղղակի հովին քայլում էի, խմած չէի», չէ չէ չէ...

Հա, բայց եթե հնչած հարցերի պատասխանը «ՀԱ» լիներ, ուրեմն նորմա՞լ էր, նորմալ ա համարվում կնոջը դռան մոտ, սեփական դռան դեմը սեղմել դռանն ու ձեռք տալ, եթե ինքը բոլոր երեք կետերով հա ա ասում՝ ինչ-որ մեկի կարծիքով գրգռիչ ա հագնվել, ուշ երեկոյան ա քայլում ու կարող ա անգամ խմած ա...էդ նորմա՞լ ա, ուրեմն էն կանայք,որոնք այս բոլոր հարցերին «ՀԱ» են ասելու արժանի՞ են դրան: Լավ, բա իմ դեպքում ի՞նչ էր, իմ փակ հագու՞ստն էր գրգռել հետաքրքրասիրությունը: էդ դեպքում հագածս ինչքա՞ն պետք ա փակ լիներ, որ վաներ:

حَيَّ عَلَى ٱلْفَلَاح «հաաայյիէալլալֆալլահ»

էլի ազանը...էս երեկոյան ժամերի ազանն ամենադաժան աղոթքի կանչն է...դաժանն ու ծանրը: Նենց տպավորություն է, որ գետինը ոտքիդ տակից սղում է ու գցում քեզ կրակի մեջ՝ մտքերիդ համար, զայրույթիդ, թուլությանդ...

Ոտքերիս տակից հողը սղում է... արդեն կես փողոց ա վազել եմ էս անասունի հետևից, ով էդքան դուխ ուներ ինձ սեղմելու դռանս ու ձեռ գցելու, բայց դուխ չունեցավ մնա ու ծեծ ուտի ու հիմա վազում ա... ես էլ ...ես էլ եմ վազում... դպրոցում էլ էի արագ վազում, հիմա արդեն էդքան չէ, 2 շաբաթից երեսունս է լրանում... դե մեկ-մեկ 23 տարեկանի տեղ են դնում, մեկ- մեկ՝ 18-ի, նայած թե մազերս ոնց եմ հարդարել...բայց դե ամեն դեպքում մեծ եմ ավելի, բայց լակոտի պես վախեցա, լակոտի պես վախեցած եմ: Բա որ բռնեմ, կամ ինքը կանգնի հետո ի՞նչ եմ անելու...բա որ էլ էդքան ուժեղ չլինեմ...ընկերներս ասում են գազի բալոնչիկ պահեմ, կարող ա ճիշտ են, բայց եթե էդքան ժամանակ ունենայի բալոնչիկ օգտագործելու, էն ա բանալին կմտցնեի աչքը, ուրեմն բալոնչիկն էլ չի փրկի, բա ինչը, շոկե՞ռ: Օրենքով կարծեմ արգելված ա, շոկեռը, պետ բյուջեն ուտելն ու էլի ինչ-որ մանր-մունր բաներ…

Բայց մի բան փոխվել ա, հին քաղաքային կիսակրիմինալ նստվածքի մնացորդը, ով ապրում էր բռնության ու վախի պետության մեջ հասկացել ա, որ ինքը հեսա կոտրվելու ա, փոխարինվի նոր մարդկանցով ու արժեքներով: Բիթի ա ընգել, որ ինքը հեսա կփոփոխվի, ու քաղաքն էլ չի լինի նենց, ոնց առաջ էր, ու հիմա փորձում ա վախով հետ բրդի՝ ինձ, իմ ընկերներին, նրանց, ով ձեռքի տակ կընգնի, նրանց, ով կհամարձակվի ուրիշ ձև ապրել, ուրիշ բան ուզել, փնտրել նոր ճանապարհներ,  չամաչել ինքն իրանից, չի ամաչի իրերն իրանց անունով կոչելուց: Լինի ԼԳԲՏ ներկայացուցիչ, ռադիկալ ֆեմինիստ, թե սրտանց հավատա սոցիալիստական դրախտի գոյությանը... կապ չունի՝ ով, բայց ամեն դեպքում մեկն, ով գիտի՝ ով է ինքն ու պատրաստ է դրա մասին բարձրաձայնել, վիզ վերցնել իր ինքնությունը... բայց արի ու տես, որ նրանց ներդաշնակությունը սեփական ինքնության հետ վնասում է ինչ-որ զանգվածի, ով դեռ փորձում է ՃՇՏԻ ռամկեքը հետ բերի ու կուրտիզանուհիների կորսետի պես էնքան ձգի, մինչև շնչելու օդ չթողնի:

Մենք բոլորս վնասում ենք խանգարում ենք էդ՝ ռուսական բրիգադայի արժեքների տնազի վրա կառուցված զանգվածին մեր՝ ավել-պակաս հարցադրումներով, որոնք քանդում են ամենահին ու կարծրացած  ՃՇՏԻ պատերը՝ տկլորացնելով դրա անտեղի դատարկությունը: Էդ կիսափուլ պատերից կարող ա նոր բան սարքենք, բայց կարող ա և տենց էլ թողնենք ու հեռանանք, որովհետև հին ավերակների վրա ինչ նոր բան էլ սարքես, ավերակի հետքը մեկ ա կմնա:

Էդ ավերակները պատմություն չեն, ավերակ են, որը ոչ մի բանի հիմք էլ չի կարող լինել, զուտ անցյալ է:

Անցյալը անցյալ ա, քեզ կազմավորում է, բայց չի կարող բնութագրել: Քո բնութագիրը դու ես տալիս... ես վախկոտ չեմ, դողում եմ, բայց վախկոտ չեմ, վախենում եմ, բայց վախկոտ չեմ…

...ազանի ձայնը կտրվեց ու ինձնից փախչողն իր լպրծուն, ժելեոտ մազերով՝ ընտանեկան ճաշկերույթին արված անհարմար ու անտեղի քաղաքական կատակի պես պլստաց՝ անհետանալով մթի մեջ:

Տես նաև՝  Բալկոնում Էլլա Կանեգարիանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter