HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Էլլա Կանեգարիանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Էլլա Կանեգարիանն է։

Էլլա Կանեգարիանը՝  երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքը կին է, ունի խուճուճ մազեր, համեղ բաներ է սարքում․․․ Մնացածի մասին այսքան պարզ խոսելը դժվար է։ Երբ հատկապես պետք է բոլորի նման ներկայանալ, ֆորմայի մեջ դնել իրեն ու բացի անունից այլ շեշտադրում մտցնել, ասել, թե ով է ինքը։ Դժվարանում է։

Ամեն օրվա տարբեր պահերի մասին պատմելն էլ արդեն դժվար է․ ինքն ուզում է կայունություն ձեռք բերել ու երջանիկ զգալ իրեն այդպես․․․ Բայց գիտի, որ այս ու այն կողմ պետք է գնալ այդ կայունությանը մի օր եզրահանգելու համար ու պատրաստ է գնալուն։

Միակ բանը, որ միշտ իր հետ է, գրելն է։ Ու այդպես էլ կլինի․․․Բայց անգամ գրելու մեջ ինքը դեռ կայուն չի․ նույն ֆորմային չի ձգտում, անընդհատ փորձարկումների մեջ է։

Ինքը կառուցված է բոլոր տեսակի վախերից։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ եթե իր վախերը հանես, ինքն էլ չի լինի։ Թվում է՝ ինքն ընկերներ չունի, մեկ-մեկ էլ ճիշտ հակառակն է՝ բոլորն իր ընկերներն են։ Իր դեպքում այն մարդկանց մասին է ասում, ում անչափ սիրում է ու թողնում մի կողմում։ Գուցե տարիներով չշփվի նրանց հետ, բայց նրանց համար պատրաստ լինի ամեն բան անելու։

Ինքը նաիվ է, ոչ կասկածամիտ։ Չեմ հասկանում, թե ոնց է կարողանում այդքան նաիվ մնալ ու դեռ համոզմունք ունենալ, որ դիմացինի վատ արարքը միայն դիմացինի խնդիրն է, ոչ իր։ Հնարավոր է՝ այսպես խուսափում է տրավմաներից, բայց հակառակն անել էլ չի կարող։

Այսքանն իր մասին։ Չեմ ուզում ավելին խոսել, կառիթավորվի։ Իր մասին ուրիշները բավականին խոսում են՝ չափազանցրած, ոչ չափազանցրած, տեղի-անտեղի, ու դա իրենց մոտ ավելի լավ է ստացվում։

Էլլա՛, դու էլ Արմենի պես հարցրեցիր՝ որպես ինչ ես գալիս բալկոն։ Եթե կարճ ասեմ, այսպես է՝ Էլլան մշակութային իրադարձությունների ժամանակ հայտնվող յուրահատուկ տեսակ է։ Որտեղ չկաս, ուրեմն մի բան այն չէ, որտեղ կաս, ուրեմն մի բան այլ կլինի․․․Դրա համար է նաեւ, որ այստեղ ես՝ բալկոնում։

Այդտեղից ենք գալիս, փաստորեն․․․ Ակտուալ բաներ ես ասում։ Մի տեսակ ամեն տեղ եմ ու կոնկրետ ոչ մի տեղ։ Վերջերս գործով Դիլիջան էի գնում, որտեղ որոշել էի գրել նոստալգիայի մասին (թե ինչու  քաղաքային միջավայրում կա այդ նոստալգիան)։ Դա ուզում էի կապել նաեւ տեղի ճարտարապետությանը՝ չխորանալով այդ ուղղությամբ։ Մյուս կողմից ուզում էի այդ նյութի ֆորման սովետական թերթում գրված նյութի ֆորմայի բերել։ Այսքանին զուգահեռ՝ լուսանկարել, որ կոլաժ անեմ․․․ Վիգենը Գալստյանը միշտ ասում է՝ Էլ, կողմնորոշվի՛ր։ Ու «կողմնորոշվիր»-ը ես լսում եմ 11 տարեկանից, որովհետեւ հենց այդ տարիքից սկսած ուզում էի գնալ կարպետի, գոբելենի, լուսանկարչության դասերի, միեւնույն ժամանակ ծրագրավորման, լատինո պարի, հետաքրքրված էի թարգմանելու գործով։ Ու ես գերհոգնած էի մի տարիքում, երբ այդպես պետք է չլիներ։

Այսպես ինձ ուղղակի դուր է գալիս․ չեմ կարողանում մի ուղղության մեջ ինձ տեսնել, մասնագիտանալ դրա մեջ։ Ինչպիսի՞ն եմ ես այդ ուղղությունների մեջ՝ լավ, թե վատ, սուբյեկտիվ հարց է։ Սովոր եմ աշխատել ստրուկտուրալ․ երբ պետք է գովազդային տեքստ գրեմ, օրինակ, ժամանակի հստակ մենեջմենթ ունեմ՝ երբ գրել, ինչ տրամադրության մեջ, որտեղ։

Երբ դու ասեցիր, որ Բալկոն եմ գալիս նախ որպես Էլլա, ամենալավ պատասխանն էր ինձ համար, որովհետեւ բացատրություններից, արդարանալուց խուսափում եմ, անում եմ այն, ինչ սիրում եմ, քանի համատեղել հնարավոր է։ Չեմ համարում ինձ բազմատաղանդ մարդ, ոչ էլ արտիստ, գրող կամ արվեստաբան եմ ուզում ներկայանալ։ Նույն ֆորմայի մեջ չդնելու շարքից է․․․

Բայց մասնագիտութուն ունես․․․

Այո՛, ունեմ․ դիպլոմիս մեջ նշված է «արվեստի պատմաբան, տեսաբան»-ի մասնագիտությունը։ Արվեստի պատմությունն (ու ընդհանրապես պատմությունը) ինձ համար միայն մանիպուլացիայի հիմք է։ Մանիպուլացիան էլ ծնվում է այն ժամանակ, երբ կա կոնցեպտ։

Պատմությունն իրողություն չի, ես էլ չեմ ուզում ինքս դառնալ բացատրություն՝ պատմության մի մաս։ Ուզում եմ ինձ արագ մոռանան (հուսամ՝ այդպես էլ կլինի)։

Ի՞նչ է տեղի ունենում․ պատմությունը ֆիլտրվում է, որ «դառնա» պատմություն, հետո արխիվացվում է ու այդպես մնում ուղղակի, քանի դեռ մի հայացք այդ արխիվից չի ֆիքսում նյութը։ Ֆիքսելուց հետո նյութը դառնում է անցյալի կարեւորություն, իսկ իրողությունը նման կոնտրոլից դուրս է։

Ամեն դեպքում, վերադառնանք «հայտնվելուդ» ֆենոմենին։ Վերջին անգամ երկարափեշ սպիտակ զգեստով էիր, «լքված» գործարանում։ Մասնակցում էիր Արտ էքսպոյի ու միաժամանակ մի քանի գործառույթներ էիր վերցրել քեզ վրա։ Ուզում եմ իմանալ՝ այդ «հայտվնելը» տրադիցիոն բնույթ ունի՞, ինչպե՞ս ես պատրաստվում, ինչպե՞ս ես որոշում՝ ոնց ներկայացնալ։

Հետաքրքիր բան ես ասում։ Վերջից գամ, կլինի՞։

Իհարկե։

Հագնվելու մասին․ բոլորին թվում է՝ ես երկար եմ պատրաստվում, հատուկ ընտրության հարց կա, բայց էդպես չի։ Այստեղ էլ երեկվա շորերով եմ։ Այդ ցուցահանդեսի «սպիտակ զգեստը», որ նշեցիր, իրականում կտոր էր, որը վեցրել էի հետս՝ Սէվի գործը վրան կախելու համար․․․ Հետո որոշեցի «հագնել»։

Իրականում շորերիս քանակն այնքան եմ սակավացրել, որ մի ճամպրուկը բավարար է բոլորի համար։ Սակավացման այդ պրոցեսը վախերի արդյունք է․ փորձեցի այդպես ազատվել կախվածությունից ու կապվածությունից, որ կարող էր առաջանալ իրերից։

Ինչ վերաբերում է «հայտնվելուն»․ երկար եմ մտածում գնալուս տեղի մասին, հետո մտնում եմ, ու տեղն արագ սպառում է իրեն։ Հնարավոր է՝ տեղում որոշ մեկնաբանություններ անեմ ու այդպես ինձ ազատեմ գրելուց։ Միեւնույն ժամանակ, հայտնվելուցս առաջ փորձում եմ շատ այլ բաներ հասցնել, ու միանգամից եմ «ընկնում» այդ տեղը։ Կարճ ասած՝ գուցե անկազմակերպ վիճակ էլ կա, բայց իմ այդ քաոսի մեջ ես հարմարավետություն եմ գտել, հասկացել եմ, որ շատ բաներ ինձնից կախված չեն, ու ծանր չեմ տանում։

Հեշտ հավաքվող ճամպրուկը գնալու մասին մտածելու առիթ չի՞ տալիս։

Գնալու միտք ունեն մարդիկ, ովքեր գիտեն որտեղից են գնալու եւ ուր։ Ես երկուսի պատասխանն էլ չունեմ։

Իսկ տեղի պատասխա՞նը։

Հա՛, կա․ միշտ այստեղ եմ։ Խնդիրն այն է, որ ինձ արարքն է դուր գալիս, շարժումը։ Ավելի մասսայական տերմինով, եթե ասեմ, «բոշայությունը» սիրում եմ, չեմ կապում շարժումն ու տեղն իրար, բայց կարողանում եմ տեղում ճիշտ կողմնորոշվել ու շփվել՝ անկախ կապվածությունից։

Իսկ մարդկա՞նց դեպքում։

Նույնը։ Չեմ կարծում, որ կենցաղային ես-ը, որ ունես, իսկականն է։ Դա կա ինչ-որ պայմանականությունների հաշվին։ Երբ հանգստանում ես ինչ-որ մեկի հետ կամ գնում ես սարեր, ու բացահայտում, որ իր հետ անհետաքրքիր է այդտեսակ միջավայրում, ուրեմն այլ տեղերում էլ ավելի անհետաքրքիր կլինի։

Ճամպրուկս էլ գուցե պատրաստ կա, որովհետեւ ես հասկանում եմ, որ մարդկանց լավ չեմ ճանաչում, չեմ ճանաչում նաեւ իմ քաղաքը, որտեղ ծնվել, մեծացել եմ․․․ Թվում է՝ ծանոթ պիտի լինի, չէ՞, բայց, արի ու տես, իրեն չեմ ճանաչում։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Իմ ու Հայաստանի «ինտիմ» հարաբերությունները․․․ Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելը բարդ է, որովհետեւ ամբողջությամբ չեմ ճանաչում ու ամաչում եմ դրա համար։ Հայաստանը շատ դեպքերում Երեւանով է սահմանափակվում։

Ապրիլյան դեպքերը երբ եղան, բոլորի մոտ շոկ էր․ ինձ մոտ էլ։ Այդ  ժամանակ հասկացա, որ ինքս «սնոբ» եմ, իլուզիաների մեջ եմ ապրում՝ Կասկադում սուրճ եմ խմում, գեղեցիկ երեկո եմ վայելում կամ գիրք եմ կարդում ու ներվայնանում էքսզիստենցիալ խնդիրներից․․․ Իրականում չեմ էլ «ջոկում», որ ողջ կյանքում հանգած հրաբխի տակ եմ ու պատերազմական գոտում։ Փաստորեն ես չեմ գիտակցում իմ կոնտեքստը, ու այդ «չհասկանալը» շատերին ուժ եւ իշխանություն է տալիս ինձ եւ մյուսներին օգտագործելու։

Մենք այնքանով ենք «անխելք», որ մեր կոնտեքստի հետ կապը կորցրել ենք․ այստեղ ենք, բայց մեր արածներն ու ասածներն այստեղի հետ կապ չունեն։ Շուկայական տեսանկյունից գուցե շատ էլ լավ է, բայց դու կարեւոր ես քո տեղում՝ քո խնդիրներով։ Սա պետք է հասկանալ։

Հիմա եթե ես պետք է գրեմ մի գործի մասին, որը, օրինակ՝ կապույտ ծաղիկներով կտավ է, չեմ ուզում մեկը նկարի դա ու ինձ տրամադրի որպես նյութ, ես էլ գրեմ, թե «չեխովյան տխրություն է կաթում սրա ծաղիկներից»․․․ Զիբիլ է։ Դրա համար ինքն իր կոնտեքստի վրա պետք է աշխատի, ես՝ իմ, հետո տեղի ունենա մեր երկխոսությունը, որ մի բան դուրս գա։

Քո կոնտեքստը ո՞րն է։

․․․ Որ ապրես այն խնդիրներով, որոնք իսկապես քեզ հուզում են, գիտակցես տեղդ, հասկանաս քո տեղի խնդիրները։ Երբ այդ խնդիրների առաջ բաց ու անկեղծ լինես, լուծելի կլինեն ինչ-որ կերպ՝ արվեստի կամ մեկ այլ ձեւով։ Ուժեղ ես, երբ գիտակցում ես իրականությունը որպես իրադրություն եւ հաշվի ես նստում դրա հետ։

Քեզ՝ որպես արվեստի տեսաբանի եմ ուղղում հարցս․ եթե այդպես կտրված ենք մեր կոնտեքստից, այդ դեպքում մեր իրականության մեջ ստեղծագործողի նյութը կոնտեքստի մե՞ջ է։

Շատ լայն ասպեկտներով հարց է։ Հիմա, որ ասում եմ ժամանակակից արվեստ, աչքիս առաջ խմբավորումներ են գալիս։ Մենք տեղից էլ փոքր ենք, այդ խմբերն էլ իրենց մեջ ունեն խմորումներ, իրար ինչ-որ բաներ ապացուցելու հարցեր։ Միակ բանը, որ բոլորի մասին կարող եմ ասել՝ մենք մեզ ժամանակ չենք տալիս, ժամանակակից արվեստն իրեն եփվելու ժամանակ չի տալիս։

Մի կողմից մտածում ես, որ աշխարհն արագ է պտտվում, ֆինանսական խնդիրներ կան, կենցաղային հիմքեր, մարդիկ ուզում են ամեն ինչ անեն, որ արդյունքն արագ երեւա։ Բայց այսկերպ անընդհատ վարվելն արդեն մտածողության ձեւ է։ Այդ շտապելուց է հաճախ, որ ցուցահանդեսի կոնցեպտը «գրդոն» է, էքսպոզիցիան՝ պաթետիկ կամ հենց այնպես։ Շատ քիչ են դեպքերը, երբ ասածներիս ճիշտ հակառակն է։ Շատ քիչ են համադրողները, արվեստագետները, արտիստները, ովքեր իրենք իրենց ժամանակ են տալիս։

Կինը՝ որպես «օբյեկտ» եւ «սուբյեկտ»։ Այս տեքստդ ամբողջությամբ չեմ հիշում, բայց ուզում եմ նյութից զատ նորից անդրադառնանք այս մտքին։

Ա՜խ։ Ես գուցե պետք է խոսեմ կամ գրեմ արվեստագետի գործի մասին, համադրության մասին․․․ Եվ այլն, եւ այլն։ Այս մեջբերումն էլ այդպիսի մի նյութից է։ Բայց չեմ կարող չխոսել իմ խնդիրներից եւ անմիջապես անդրադառնալ բուն նյութին, որովհետեւ ես իմ խնդրի միջով եմ մոտ գալիս, փորձում հասկանալ այդ արվեստագետի խնդիրը։ Եվ ստացվում է՝ երբեք էլ օբյեկտիվ չեմ։ Առհասարակ օբյեկտիվը ձեւ ու դիրք է․․․Ես քո կենսագրությունը վերապրել չեմ կարող, իմը կարող եմ։

Մի կին արվեստագետի հետ եմ աշխատում հիմա, ով շատ սեքսուալ է, գեղեցիկ․․․ Հետաքրքիր մի կին, ով հետազոտում է իր մարմինն ու դա փորձում անել ֆեմինիզմի կոնտեքստից դուրս եւ չի էլ ուզում հակաֆեմինիստական հնչեղություն տա։ Ինքն իր «պրոդուկտային» ձեւի հետ է աշխատում, որի հետ աշխատում էր տղամարդը։ Ու, տե՛ս,՝ բախում կա․ ինքը փորձում է հասկանալ այս նուրբ հարցը՝ արդյոք ինքն էլ է իր հետ տղամարդու պես աշխատում։

Դու, ենթադրենք՝ սիրում ես ճաշ սարքել․ հիմա դու սիրու՞մ ես ճաշ սարքել, որովհետեւ իրոք քեզ հաճելի է, թե՞ դու գիտես, որ քեզ պետք է հաճելի լինի այդ պրոցեսը։ Անսպառ ու անպատասխան են այս տեսակ հարցերը, եւ միանշանակ չի նաեւ կնոջ՝ որպես «օբյեկտ» եւ որպես «սուբյեկտ» ներկայանալը կամ ներկայացվելը։

Ես ինքս ծայրահեղությունների շատ եմ գնացել, չեմ սափրվել վեց ամիս, ու ինձ այդ հակահիգիենիկ պրոցեսը դուր է եկել, որովհետեւ այլ հարցեր եմ լուծել այդկերպ․․․

 

Երբ երրորդ դեմքով էիր խոսում, ասեցիր, որ կայունության ես ձգտում։

Հա՛, տե՛ս, ես ամուսնացած եմ, բայց որեւէ պաշտոնական բան տեղի չի ունեցել։ Գնացինք Շրի Լանկա, ու բուդդիստական ծես տեղի ունեցավ։ Օրհնվեցինք։ Ստացվում է՝ արարք առանց արաքի, ու ես հիմա դրա մեջ վատ բան եմ տեսնում։ Սոցիալական կոնստրուկտը կա, չի մեռել․ մենք էլ պատասխանատվություն պետք է կրենք։ Եթե դու սոցիումից «թռած» ամուսնության ձեւեր ես փնտրում, հետ հենց այդպես էլ ապրում ես։ Ինչքան էլ պատասխանատու մարդ լինես, անկեղծ ու մաքուր, մեկ է, սոցիալական կոնստրուկտը քո դեմ է աշխատում, եթե դու իրենից շեղվել ես։<

Հիմա փորձո՞ւմ ես կոնստրուկտիվ գործողությունների գնալ։

Ժամանակի հետ հասկացա, որ տրադիցիոն մարդ եմ։ Նախկինում գուցե ասածներս ինձ վախեցնեին, բայց հիմա ավելի համարձակ կարող եմ դրա հետ հաշտվել՝ նորից իմ ձեւով, իհարկե։

Տե՛ս, հիմա ամեն բան մարդու հայեցողությանն է չէ՞ թողած․ օրինակ՝ մտնում ես սուպերմարկետ, ու նույն ապրանքից հարյուրներով շարված է՝ տարբեր լոգոտիպերով, տարբեր չափերի, տարբեր տուփերով։  Դու խնդիր ունես կողմնորոշվելու դեպի ճիշտը, բայց չես կարող այդքանի մասին ինֆորմացիան ունենալ, չէ՞։ Այդ ժամանակ կայունությունդ նորից դոմինանտ է դառնում։

Ձեռքիդ ի՞նչ է դաջված։

Մանտրաներ են։ Տարբեր ժամանակներ եմ դաջել։ Առաջինը, որ դաջեցի, լիություն է պահանջում կյանքի բոլոր ասպեկտներում՝ լավ կամ վատ, էական չի, ուղղակի լիություն լինի։ Այդպես էլ եղավ իրականում։ Հետո, այսպես ասած, որոշեցի «կասպերսկի» գցել ու երկրորդ մանտրան դաջեցի։ Այս երկրորդը պաշտպանություն է պահանջում։ Իսկ երրորդը մի քանի շաբաթ առաջ եմ արել։ Միակն է, որտեղ աստվածությունն էլ կա․ ես խուսափում եմ ռելիգիոզ կապվածությունից, բայց այստեղ չկարողացա։

Երրորդն ասում է՝ մենք ոչինչ չենք կարող անել, ինչը քո արածներին համարժեք է, բայց տուր մեզ հնարավորություն (դիմում է արվեստների աստվածուհուն, որն իրականում ջրերի աստվածուհին է)։ Ընկերներիցս մեկն ասեց, որ շատ զզվելի է Աստծուն այդպիսի խնդրանքով դիմելը, բայց ինձ համար հակառակը՝ շատ լիբերալ է․ Աստծո հետ խոսում ես «դու»-ով․․․

Կա՞ մարդ, ում հետ «Դուք»-ով ես խոսում։

Գրեթե չկան այդպիսինները։ «Ուսուցիչներս» են, ովքեր տարբեր փուլերում իրենց ազդեցություններն են ունեցել  եւ բիոլոգիական հայրս, ում պահանջում եմ ինձ հետ էլ «դուք»-ով խոսել, որովհետեւ իր հետ կապն այդպիսինն է։ Կան մարդիկ, ովքեր լարվում են, երբ «դու»-ով եմ խոսում, այդ դեպքում հարցնում եմ «Դուք»-ի մասին։ Ընդհանուր առմամբ, բոլորը դու ես․ ուրեմն ի՞նչ «Դուք»։

Իշխանությունը։

Նորից կոնստրուկտ է, որից եթե դուրս ես, շատ ակտիվ խոսում ես, ասում ես՝ ոնց պետք է լինի, ինչպես պետք է կիրառել, իսկ երբ ներսում ես, հնարավոր է հենց ինքը թելադրի արարքներդ։

Այլ կերպ ասեմ․ երբ չունես «ներքին ողնաշար», իշխանությունը կարող է ուտել քեզ։ «Ներքին ողնաշար» ասածս նույն իդեալոգիան է, որը շատերի մոտ ուղղակի չկա։ Եղիր թեկուզ մարքսիստ, բայց աշխարհին նայելու քո անկյունն ունեցիր։

Քո դեպքու՞մ։

Ես․․․ Պրոցեսի մեջ եմ, չեմ կարող ասել։ «Իստ»-երից չեմ։

Բուդդան, Հիսուսը իդեաներ էին տալիս, մարդկանց իմպուլսներ էին հաղորդում, իսկ նրանք, ովքեր ունեին իրագործելու ուժը, ֆորմա էին «հագցնում» իդեային եւ օգտագործում իշխանությունը։ Մարդը, ով պրոցեսի մեջ է, ինչպես ես, չի կարող օգտագործել․ ինքն է օգտագործվում։ Ես սա գիտակցում եմ ու շատ եմ ցավում։

Տեքստի հետ հարաբերությունը։

Դանդաղ եմ մոտենում ու երկար․ հակառակ դեպքում ինքն է սկսում խոսել ինձնով, որը չեմ կարող թույլ տալ։ Տարբեր կողմերից եմ մոտենում․ այնպես, որ ես իրեն գրեմ, ոչ թե ինքն ինձ «ուղղորդի»։

Ծիծաղելի կարող է թվալ, բայց նույնիսկ ֆեյսբուքյան պատիս ինչ-որ բան դնելուց առաջ երկար մտածում եմ տեքստի մասին, որ ինձ ճիշտ ընկալեն։ Եթե քեզ սխալ ես ներկայացնում, մեծ վտանգ կա։ Ավելի լավ է ընդհանրապես չհասկանան ինձ, քան հասկանան, բայց սխալ։

Ես արվեստային շրջանակներից դուրս «հասկացողին» եմ փնտրում։ Ստացվում է։ Տեքստային «մաստուրբացիային» կողմ չեմ․ չեմ գրում միայն ինձ համար։ Ես կարող եմ մտածել, բայց երբ մտածածս ֆորմա է ստանում, ներկայացնում եմ ու ուզում եմ՝ մեկը կարդա, արտահայտվի, ապրումակցի կամ ասի՝ գրածդ «զիբիլ» է, բայց դա հիմնավոր ասի։

Անվանդ դիմաց մասնագիտություն չեմ գրելու։

Հա, լավ կլինի․․․

Ուղղակի Էլլա Կանեգարիանն էր։

Հա, ես ինքս մասնագիտությունս շեշտում եմ ինքնակենսագրանի դեպքում միայն։ Սա զրույց է։

Ազգանունդդ, ի դեպ, բացառիկ է։

Հա՜, ինդոնեզերեն բառից է, որը արեւածաղիկ է թարգմանվում։ Վերցրեցի ու ազգանուն սարքեցի, «յան»-ի փոխարեն էլ «իան»․․․ Փաստացի ազգանունս Քոթանջյան է`պապիկիս ազգանունն է (ինքն էլ ժամանակին իր ազգանունն է փոխել՝ Քոթանջյանից Հարությունյան)։

Այստեղ ավարտե՞նք։

Հայաստանի մասին մտքովս մի բան էլ անցավ։

Ասա․․․

Հայաստանը կին է, ով իր տրավմատիկ անցյալի հետ մինչեւ հիմա չի կարողացել աշխատել․ կամ կոծկում է իրեն կամ «բայաթի» է կանչում, բայց չի վերցնում ու դրանից մի պոեմ ծնում։ Հա, ուզում եմ, որ մի ձեւ սուբլիմացնի այդ խնդիրները, ոչ թե նկարները նայի ու հերթով ճղի, գցի մի կողմ։

Մայր Հայաստանը» կին է չէ՞, բայց ծանր։ Եթե Արա Սարգսյանի «Մայր Հայաստանն» անցներ, անցումը ոչ միայն քանդակի մասով կլիներ, այլ նաեւ մտածողության․ կտեսնեինք գեղեցիկ, մայրությունը կրող ուժեղ, սեքսուալ կնոջը մի տեղում։ Բայց մայր, ով զուրկ է այս ամենից, շատ հեշտ կառավարելի է․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter