HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի քաղաքական համակարգը օբյեկտիվորեն է ենթարկվում փոփոխության»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է ՀՀ նախկին արտգործնախարար (1996-98թթ.) Ալեքսանդր Արզումանյանը

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

- Հայաստանի առաջին դեմքերի վարքագիծն իսկ վկայում է, որ երկրի քաղաքական համակարգը փլուզման եզրին է: Ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային զարգացումները հանգեցնում են իշխող ռեժիմի մարգինալացման: Ռեժիմի կարողությունների շրջանակը նվազել է, իսկ տիրապետությունը պահպանելու եւ այն աշխատացնելու համար կիրառվող մեթոդները կորցրել են իրենց գործունակությունը: 2007-2008թթ.սպասվող ընտրությունները իշխանական դաշտում առաջացրել են սեփական ապագայի նկատմամբ ներհամակարգային վախի զգացում: Ռեժիմն այլեւս հասարակությանը ասելիք չունի եւ որեւէ կերպ չի կարողանում արդարացնել իր պիտանիությունը երկրի համար:

- Իսկ ի՞նչ դերակատարություն այստեղ ունեցավ «Օրինաց երկրի» դուրս գալը կոալիցիայից:

- Չնայած բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն կերպ փորձում են համոզել հասարակությանը, թե «Օրինաց երկրի»' կոալիցիայից դուրս գալով իշխանության համակարգում որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, նրանք իրենք էլ գիտակցում են, որ իշխանության հետագա գործունեության նախադրյալներն այլեւս սպառվել են: Խաղի կանոնները, որ համաձայնեցվել էին 2003թ. կոալիցիոն պայմանագրով, եւ որոնց հիման վրա էր գործում ռեժիմը, ոչ եւս են: Քոչարյանը հայտնվել է կոալիցիոն կուսակցությունների վերահսկողությունից դուրս եւ գործում է ըստ իր հայեցողության: Նա հմտորեն ստանձնեց պատգամավորական կազմի վերահսկողությունը' հանրապետականներին եւ դաշնակցականներին փաստացի դարձնելով խորհրդարանական փոքրամասնություն: Կառավարությունն ու խորհրդարանը Քոչարյանի կրնկի տակ են:

Քոչարյանի իշխանության հենքն են ուժային կառույցները եւ բիզնես-կորպուսը: Որեւէ քաղաքական ուժ, որեւէ պաշտոնյա չի վերահսկում այդ կառույցները: Չի վերահսկում շատ պարզ պատճառով. վերջիններս այլոց չեն ենթարկվում: Չեն ենթարկվում, քանզի չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Տվյալ իրավիճակը, սակայն, բավականին օրինաչափ է: Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ գործող նախագահը ստիպված է թողնելու իր պաշտոնը 2008թ.: Կլանային համակարգի համար նման իրավիճակն իսկ անհեթեթ է: Կլանը երբեւէ չի զիջում իր դիրքերը, եւ բոլոր ջանքերն ուղղում է իր հավերժական գոյատեւման պահպանմանը: Սակայն ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ անհնար է այն պահպանել: Ուստի, կլանի յուրաքանչյուր անդամ փորձում է ինքնուրույն լուծել իր պրոբլեմները: Եւ այստեղ նախաձեռնությունը Քոչարյանի ձեռքում է:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Քոչարյանը որոշել է իր անձի ապագայի հարցը լուծել մյուսների հաշվին: Թե ինչպե՞ս է նա այդ անելու, դեռեւս որեւէ մեկին հայտնի չէ: Սակայն բոլորն էլ գիտակցում են, որ այդ ճանապարհին նա որեւէ բանի առջեւ չի կանգնելու: Նրան շատ քիչ է հետաքրքրում իր նախկին զինակիցների ճակատագիրը:

«Օրինաց երկրի»' կոալիցիայից դուրս գալուց հետո խորհրդարանական բիզնես-կազմը հայտնվել է պարադոքսալ իրավիճակում: Խոշոր բիզնեսի համար պատգամավորական մանդատները ժամանակին կատարում էին «տանիքի» դեր, այսինքն' սեփականության պաշտպանվածության երաշխիք էին: Բացի այդ, բարձրագույն իշխանության ծառայության դիմաց գործարար-պատգամավորները ակնկալում էին արտոնյալ պայմաններ ստանալ իրենց բիզնեսների համար: Այդպես էլ կար, քանի դեռ չէր պառակտվել իշխանական ճամբարը:

- Բայց չէ՞ որ «Օրինաց երկրի» անդամ բոլոր գործարար պատգամավորները միանգամից լքեցին կուսակցությունը՝ եւս մեկ անգամ հավաստելով իրենց հնազանդությունը Քոչարյանին:

- Ներկայումս պատգամավորական մանդատներ ունեցող գործարարների սեփականությունը դառնում է Քոչարյանի քաղաքական հավակնությունների թիրախ' առաջացնելով սեփականության կորստի վտանգ: Կտրուկ աճել է նրանց հնազանդության աստիճանը: Որեւէ գործարար չգիտի Քոչարյանի քաղաքական ծրագրերը, ինչը խորացնում է նրանց տագնապը: Ավելին՝ Քոչարյանի գործողություններում չի նկատվում իշխանությունն իր քաղաքական հենարանին' «Հանրապետական» կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին փոխանցելու ցանկություն:

Քոչարյանը վստահորեն ծավալում է իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որեւէ մեկի հետ հաշվի չնստելով: Ընդսմին, որեւէ գործարարի կամ ազդեցիկ իշխանավորի չի թույլատրվում մուտք գործել այդ կուսակցություն: Իշխանական նման ճամբարը նորույթ է Հայաստանի համար: Հարց է ծագում՝ եթե Քոչարյանի շրջապատը տեղ չունի այդ կուսակցությունում, ապա ո՞րն է նրա համար նախատեսված տեղը: Սա պարապ հարց չէ, քանի որ նոմենկլատուրան ցանկանում է իմանալ իր տեղն ապագա իշխանության մեջ: Ցանկանում է, սակայն իրեն դա չի ասվում:

Արդեն իսկ նկատվում է այսպես կոչված ազդեցիկ դեմքերի նյարդայնությունը: Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Աղվան Հովսեփյանը սկսում են գիտակցել, որ իրենք տեղ չունեն քոչարյանական նախագծերում: Նրանք տարակուսում են, քանզի կլանային իշխանության տրամաբանությունը պետք է որ բացառեր Քոչարյանի կողմից իրականացվող նման գործողությունները: Եւ նրանք նույնիսկ իրենց մեջ համարձակություն են գտել ինքնուրույն նախաձեռնություններ հանդես բերելու համար' միեւնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ իրենց ուժի գրավականը Քոչարյանին սատարելու մեջ է:

- Բայց Սերժ Սարգսյանը չի թաքցնում իր նախագահական հավակնությունները...

- Շատերին թվում էր' եթե Քոչարյանը պետք է հեռանա, ապա ամենապարզ քայլը կլիներ ուժեղացնել «Հանրապետական» կուսակցությունը' նրա ղեկին դնելով Սերժ Սարգսյանին, եւ մեկ խոյահարումով իշխանության բերել այդ բանակը: Մինչդեռ Քոչարյանը դա չի անում: Ըստ ամենայնի, Քոչարյանը հասկացել է կամ նրան հասկացրել են, որ իշխանությունը փոխանցելու նման ծրագիրն ուղղակիորեն տանում է հեղափոխական իրավիճակի: Իշխանության նման վերարտադրությունը կատալիզատորի դեր կկատարի հասարակության եւ քաղաքական ուժերի կոնսոլիդացման համար, եւ այդ հեղափոխական էներգիայի գլխավոր թիրախը կդառնա վարչախումբը' իր նոր ու հին դեմքերով հանդերձ:

- Արթուր Բաղդասարյանի ընդդիմություն մտնելը ի՞նչ է տալիս ընդդիմությանը:

- Արթուր Բաղդասարյանի ընդդիմություն գալը կարող է որոշ չափով վերակենդանացնել ընդդիմադիր շարժումը: Իշխանություններն իրենք իրենց գլխին պոտենցիալ վրիժառու են ստեղծել: Անկախ նրանից, թե իրո՞ք հասարակությունն անտարբեր է, իրո՞ք այն որեւէ մեկին չի վստահում, այդ թվում եւ Բաղդասարյանին, տարիներ շարունակ հասարակությանը հրամցվող անզորության զգացումը կամա թե ակամա առաջացնում է վրեժխնդրության զգացում: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ մեր հասարակությունը վրիժառուի ֆիգուրի փնտրտուքի մեջ է, եւ նրա համար միեւնույն է, թե ով կլինի այդ վրիժառուն:

Հասարակական գիտակցությունը դարձել է իռացիոնալ եւ ցանկացած, նույնիսկ արմատապես դեստրուկտիվ ուժ ի վիճակի է շահել հասարակության համակրանքը, եթե այն ցուցադրի գործող վարչախմբին պատժելու ունակություն:

- Ի՞նչ զարգացումներ են սպասվում:

- Զարգացումներն արագ են լինելու: Հայաստանի քաղաքական համակարգը օբյեկտիվորեն է ենթարկվում փոփոխության: Վարչախումբը գիտի, որ փոփոխությունները կարող են որակական բնույթ ստանալ եւ նույնիսկ մինչեւ 2007թ. ընտրությունները հանգուցալուծել ներքաղաքական թնջուկը: Այդ իսկ պատճառով, նկատելի է որոշ պաշտոնյաների՝ իշխանության վերարտադրությունն արհեստականորեն արագացնելու ձգտումը: Բայց բոլորին խանգարում է հենց ինքը' Քոչարյանը: Այնպես որ, հնարավոր է, որ մենք ականատեսը դառնանք հակաքոչարյանական որոշ ընդվզումների իշխանության ներսում, այն մարդկանց կողմից, ովքեր տեսնում են իրենց մոտալուտ քաղաքական վախճանը:

Սակայն ներիշխանական հեղաշրջմամբ հասարակությունը չի բավարարվի: Նույնիսկ Քոչարյանի հանդեպ ատելությունը չի ստիպի հասարակությանը աջակցել մինչեւ ուղնուծուծը կոռումպացված համակարգի որեւէ թեւի, որը կփորձի օգտագործել այդ ատելությունն իր կյանքը երկարաձգելու համար: Նրանք բոլորը միասին պետք է հեռանան: Այլընտրանք չկա:

Իհարկե, լավ կլիներ, որ տուրք չտրվեր վրեժխնդրությանը: Շատ բան կախված կլինի Հայաստանի քաղաքական ուժերից: Փոփոխությունների քաղաքականությունը պետք է իրականացվի անկախության, պետականության, ժողովրդավարության արժեքների հիման վրա: Ի վերջո, որեւէ քաղաքական փոփոխություն արժեք կունենա, եթե այն բերի Հայաստանում լիակատար սահմանադրական կարգի հաստատմանը: Մնացյալը ունայնություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter