HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշայի սենյակը

Միջինում օրը 2, տարեկան՝ առնվազն 500 մշակութային իրադարձություն, երբեմն փակ դռներ, որովհետեւ մուտքի տոմսը թանկ է, սնվելը՝ կախված իրադարձությունների խտությունից, խոսելու նյութը՝ Բերգմանից մինչեւ Ջիմ Ջարմուշի վերջին ֆիլմը, նոր լույս տեսած գրքից մինչեւ էքսպերիմենտալ ներկայացում, փառատոններ, քաղաքային տոներ եւ անգամ միջազգային կոնֆերանսներ․․․ Այս ամենը 2002 թվականից։

71-ամյա Մարուսյա Մաթեւոսյանը, ով երեւանաբնակներին հայտնի է Մաշա անունով, առեղծվածային արվեստասերի համբավ ունի։

Երեք տարի տեւած իմ հետազոտության ընթացքում նրան մոտենալը միշտ հեշտ է եղել, սակայն ցանկացած ֆիլմի կամ ներկայացման ավարտից հետո փորձել խոսել այլ նյութի շուրջ, որը վերաբերում է իր վարած կենսակերպին, բնակվելու տեղին, սոցիալական պայմաններին՝ ապարդյուն։

Մաշան զուսպ կոշտություն ունի, որը սահմանափակվում է «եւ այլն, եւ այլն» արտահայտությամբ, երբեմն էլ առանց մեկնաբանության հեռանում է՝ ձեռքն օդի մեջ թափահարելով եւ անգլերենով մի արտահայտություն օդում բաց թողնելով։

Չափազանց նիհար, ուսերին՝ ժանյակագործ շալը, մազերը մշտապես հավաքած, արագ  եւ կտրուկ շարժումներով այս կինն այնտեղ է, որտեղ մշակութային կարեւոր իրադարձություն է։ Լեգենդներ են պտտվում, թե Մաշան իրականում ազգությամբ հայ չէ, «անոմալ» է, «աննորմալ» է, խաբեբա է, թափառաշրջիկ․․․

Շատ երկար ու հանգամանալից կարելի է անդրադառնալ այն հետազոտությանը, որի ընթացքը պայմանավորված է եղել այս յուրահատուկ կնոջ հայտնվելով ու հայտնությամբ, բայց մի պահի ուղղակի հասկացա՝ Մաշայի գործողություններն այնքան շերտեր ու ինֆորմացիայի այնքան բազմատարրություն են պարունակում, որ ուղղակի պիտի ամեն կերպ փորձել հայտնվել իր տարածքում եւ ներկայացնել այն, ինչ ինքը կասի, այն, ինչ կհամարի հանրայնացնելու նյութ․․․ Եվ այդ ամենն առանց հավելյալ կապակցման միջոցների՝ մեդիականացման միտումը երբեմն շրջանցելով․ այնպես, ինչպես ինքն է՝ իր սենյակում՝ լույսին հակառակ։

Անուշ Քոչարյան
Արմեն Պապյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter