
Հայ նկարիչը, կոմերցիան եւ մի բաժակ օղին
«Ես սիրում եմ քարը: Քար եմ նկարում: Ինձ ցույց են տալիս ծառ, բայց ծառի տերեւները թափվում են»,-խոսում է մորուքավոր տղամարդը' ընկերների հետ իր լուսավոր արվեստանոցում սեղանի մոտ նստած' մի ձեռքը թափահարելով, իսկ մյուսում ծխախոտ պահած:
Մարտին Ակողլյանը ոչ ամենաանհայտ եւ ոչ էլ ամենահայտնի նկարիչներից է: Նա պարզապես հայ նկարիչ է: Նկարում է հայկական ժայռեր...
Ժամանակի մեծ մասը Մարտինն անց է կացնում իր արվեստանոցում' Արեշում: Շաբաթ եւ կիրակի օրերը նախատեսված են Վերնիսաժի համար:
Մարտինի արվեստանոց հասնելու համար, Արեշ գալով, պետք է մտնել երկու հարկանի մի տան բակը եւ բարձրանալ փայտե կնճռոտ աստիճաններով, որոնք ոտքերի տակ ծղրտում են' նրանցով տարիներ շարունակ քայլած նկարիչների եւ քանդակագործների պատճառով:
Երկու սենյականոց արվեստանոցում վառ գույներով լի կտավների, վրձինների, ներկերի, էսքիզների եւ սիգարետի մնացորդների խառնաշփոթ է:
Առաջին սենյակում ոլորվող նախշերով հին պահարանը դրված է պատի մեծության մի անավարտ նկարի առջեւ: Պատերը ծածկված են հին լուսանկարներով ու կտավներով:
«Նկարելիս' մի քար, մի առվակ դարձնում ես խորհուրդ...Հայաստանը ոտից գլուխ սիմվոլ է...նույն Արայի լեռը...»,- հարեւան սենյակում բարձրաձայն խոսում է Մարտինն իր ընկերների հետ:
Պատկերակալը երկրորդ սենյակում, որտեղ Մարտինը սովորաբար աշխատում է, դրված է պատուհաններից մեկի մոտ եւ ձգվում է մինչեւ առաստաղը: Ժայռերի եւ սարերի գունեղ ու զվարթ պատկերները ծածկում են հին, կանաչ պատերը: Ծանոթ բնապատկերներ են՝ Եղեգնաձոր, Բջնի, Գառնի, Օշական:
Ավելի մութ անկյունում սեղանն է, որի շուրջ Մարտինը եւ ուրիշ նկարիչներ, քանդակագործներ եւ ցանկացած այլ մասնագիտության տեր մարդիկ հավաքվում են երեկոյան' զրուցելու եւ մի բաժակ օղու համար' նկարների ներքո:
«Տասը գյուղացու դիմաց քար դնես, յոթը կտաշեն»,-շարունակում է Մարտինը սեղանի մոտ' օղու մի բաժակ դատարկելով,-հայ մարդը գիտի քարի մեղեդին: Ամեն քարն ու ժայռը պատմություն ունի: Ես փորձում եմ կարդալ այն ու փոխանցել դիտողին»:
Մարտինն ուղեկցում է իր հյուրերին՝ մի քանդակագործ, երկու ձեռներեց եւ մի քաղաքագետ, արվեստանոցի մյուս սենյակը: Դուրս է հանում մի քանի նկար' դնելով մի քանիսը գետնին, իսկ մյուսները՝ հենելով պատերին ու իրար վրա: Այս նկարներն այն ժամանակահատվածից են, երբ Մարտինը կենտրոնացել էր պատմության ու լեգենդների վրա: Այստեղ են Հայկ Նահապետը, Վահագնը, Արտաշես արքան եւ Սաթենիկը, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը:
«Չգիտեմ, Վահան ջան, ինչքանով եմ լավ նկարում»,-նա պարզ ասում է քաղաքագետին' գետնին դրված նկարները ցույց տալով,-ինձ համար հոգեւորն է կարեւոր, Հայկի ներքին էներգիան...»:
Հետո նրանք վերադառնում են դեպի սեղանը, որը լի է հացով, պանրով եւ օղու շշերով, որտեղ նախադասությունները դառնում են իրարից ավելի ու ավելի անջատված, եւ Հայաստանի նկատմամբ սերը ուժեղանում է ամեն բաժակով:
Զրույցները շարունակվում են Վերնիսաժում շաբաթ եւ կիրակի օրերին' այս անգամ հիմնականում նկարիչների միջեւ: Մարտինը կանգնում է իր նկարների կողքին' մարմնի ծանրությունը գցելով մի ոտքից մյուսի վրա, եւ հետեւում է անցորդներին կամ նստում ցածր աթոռիկին ու զրուցում այլ նկարիչների հետ: Սուրճը կամ գարեջուրը «Կոզիրյոկում» փախուստի միակ, սակայն եւ ոչ հազվադեպ ձեւերն են:
Մարտինին մտահոգում է նկարելու իր ուրույն ոճը պահպանելը: Որոշ նկարիչներ խուսափում են անհատական մոտեցումից եւ հետեւում են նրան, թե ինչ է գնում հաճախորդների մեծ մասը: Դրա պատճառով որոշ նկարներ Վերնիսաժում տարօրինակորեն նմանվում են իրար: Արարատ լեռը, պատկերներն Աստվածաշնչից, ծովը, բնությունը, նուռն ու հայկական կարպետները կրկնվում են:
«Մարդիկ գնում են այն, ինչ հասանելի է նրանց գիտակցությանը»,-ասում է նկարիչ Տիգրան Ավագյանը, ով իր նկարներից մի քանիսը վաճառում է Վերնիսաժում: «Պետք է որոշակի ինտելեկտ ունենալ լավ գեղանկարչությունը հասկանալու համար: Բայց նկարիչը պետք է չմտածի' կգնե՞ն իր նկարները, թե՞ ոչ: Եթե մտածես, փակագծերի մեջ ես հայտնվում, սահմանափակվում: Եթե հետեւեի նրան, թե ինչ են գնում, լավ կլիներ՝ հարուստ կլինեի»:
«Երբ վաճառում ես քո ուզածը, ոչ թե այն, ինչ հիմնականում գնում են, դա հետաքրքիր, բայց վտանգավոր գործ է»,-ասում է Մարտինը:
«Պետք է քո կյանքն արտահայտես, քո աշխարհայացքը,-ասում է մի ուրիշ նկարիչ՝ Սերգեյ Մալցեւը,-այն, ինչ ուրիշներն են անում, արվեստ չէ, կոմերցիա է»:
Արժեքավոր նկարների առեւտրի մասին Մարտինն ասում է. «Արվեստի առեւտուրը դեռ զարգացած չէ Հայաստանում: Դա միայն կերպարվեստի խնդիրը չէ: Ազգային գաղափարախոսությունը պետք է զարգանա»:
Ինտելեկտուալ մակարդակը եւ ազգային գաղափարախոսությունը կերպարվեստի գնահատման դժվարության միակ պատճառները չեն:
«Եթե մի համերգի գալիս է միլիոն մարդ, նրանք կարող են միանգամից ընկալել եւ գնահատել այն,-ասում է Մարտինը:-Բայց ցուցահանդեսի գալիս է 5-10 մարդ, եւ միլիոներորդը կգա միայն երեք տարի անց: Ժամանակ է պետք նկարչի արվեստն ընկալելու համար: Դա է մեր գործի բարդությունը»:
Նկարիչներն իրենց աշխատանքները վաճառում են նաեւ անհատների: Շատերը մեկնել են արտասահման' վաճառելու նկարները պատկերասրահների կամ անհատ գնորդների: Մարտինը նույնպես երկու տարի անցկացրեց Հունաստանում դժվար 90-ականների ժամանակ' վաստակելով ընտանիքի համար:
«Ես ունեի մասնավոր պատվերներ կամ վաճառում էի նկարներս մի պատկերասրահի, որը վերավաճառում էր նրանց ավելի բարձր գնով»,-ասում է Մարտինը:
Սակայն արտասահման մեկնելը ոչ միշտ է ավելի շահութաբեր, քան անհատների կամ Վերնիսաժում վաճառելը: Նկարիչների մեծ մասը ամեն ինչ փորձում է:
Ամիսներ կարող են անցնել, մինչեւ նրանք մի նկար վաճառեն: «Ամենաէժանը նվերն է,-ասում է Մարտինը,-իսկ ամենաթանկն այնքան, որքան պետք է, որ պարտքերս տամ ու մի քիչ էլ մնա' ընկերներիս հետ խմեմ ու հաց-պանիր ուտեմ»:
«Բայց սովորաբար հակառակն է լինում,-նրան լրացնում է մի ընկեր,-սկզբից խմում ես ընկերներիդ հետ, իսկ հետո ոչինչ չի մնում պարտքերի համար»,-նրանք ծիծաղում են:
Մարտինը դատարկում է եւս մի բաժակ օղի եւ ասում. «Այն, ինչ անում եմ, սիրում եմ, բավականություն եմ ստանում դրանից: Իմ համար եմ նկարում, իմ հողի, իմ ջրի...»:
Մեկնաբանել