
Արմավիրի թիվ 5 դպրոցում դարձյալ տնօրեն չընտրվեց. խորհրդի անդամները չէին տիրապետում կարգին
Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում այսօր դարձյալ տնօրենի ընտրություններ էին: Ինչպես մայիսի 15-ին, այնպես էլ այսօր տնօրեն չընտրվեց: Հավակնող թեկնածուներից ոչ ոք բավարար քանակի ձայներ չստացավ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տնօրենի ընտրություններ էին նշանակված: Միակ թեկնածուն Մաշա Իվանյանն էր: Վերջինս նույն դպրոցի տնօրենն էր, իսկ ընտրության օրը եղել է պաշտոնակատար: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 5-ը դեմ էին քվեարկել միակ թեկնածուին, որոնց թվում եղել է նաև խորհրդի ծնողների կողմից ներկայացված անդամը՝ Օքսանա Պետրոսյանը: Իսկ դպրոցի երկու ներկայացուցիչները և մեկ ծնող կողմ էին քվեարկել: Մաշա Իվանյանը 5/3 հարաբերակցությամբ տնօրեն չէր ընտրվել:
Այսօր նշանակված ընտրություններում Մաշա Իվանյանը ևս թեկնածու էր: Նրա հետ մրցում էին նույն դպրոցի երեք փոխտնօրենները և Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի դպրոցի գործող տնօրեն Արմինե Պետրոսյանը:
Տնօրենի ընտրության ժամանակ ներկա էին Կառավարության բոլոր 8 անդամները: Անհրաժեշտ թվով 5 ձայն թեկնածուներից որևէ մեկը չստացավ: Ամենաշատը՝ 3 ձայն, ստացել էր Մաշա Իվանյանը, իսկ փոխտնօրեններ Շուշանիկ Աթոյանն ու Գոհար Գասպարյանը՝ 2-ական: Փոխտնօրեններից Արփինե Գրիգորյանը ստացավ 1 ձայն, իսկ Արմինե Պետրոսյանը՝ 0 ձայն:
Քանի որ անհրաժեշտ ձայներ ոչ ոք չստացավ առավելագույն ձայներ ստացած երեք թեկնածուները՝ Մաշա Իվանյանը, Շուշանիկ Աթոյանն ու Գոհար Գասպարյանն անցան կրկնակի քվեարկության փուլ: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ժամանակ ծնողական խորհրդի ներկայացուցիչներից Օքսաննա Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է: Վերջինս նիստից դուրս է եկել ու չի վերադարձել, իսկ խորհրդի մեկ ծնող անդամը և երկու մանկավարժները հրաժարվել են մասնակցել կրկնակի քվեարկությանը:
«Բոլորը մեր մանկավարժներն են, ինչու եք մեզ վատամարդ սարքում»,- ներսից լսեցինք անդամների դժգոհությունը: Հավանաբար նրանք խորհրդի մանկավարժներն էին:
«Կրթության նախարարության և կրթության տեսչության համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելով՝ նշեցին, որ մեր այսօրվա ժամը 14-ի նիստը իրավազոր է եղել, հետևաբար իրավազորության կարգով նիստը շարունակել ենք: Մենք խորհրդի 4 անդամներով մասնակցեցինք կրկնակի քվեարկությանը, տնօրեն չընտրվեց: Այդ դեպքում խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները»,- ասում է Լիանա Հարությունյանը:
Փոխվարչապետի առաջարկությամբ արդեն մարզպետը աշխատանքային պայմանագիր կկնքի թեկնածուներից մեկի հետ:
Ընդ որում, խորհրդի անդամների չիմացության արդյունքում՝ արձանագրությունների մատյանում, կրկնակի քվեարկությունից հետո նշվել էր, որ քվորում չապահովելու պատճառով հաջորդ օրը՝ օգոստոսի 1-ին, հրավիրվում է խորհրդի արտահերթ նիստ՝ տնօրենի թափուր տեղի համար նոր մրցույթ անցկացնելու օրակարգով: Սակայն րոպեներ անց խորհրդակցելով նախարարության ներկայացուցիչների հետ՝ խորհուրդը չեղյալ է համարել նոր ընտրություն անցկացնելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու արձանագրային որոշումը:
Նշենք, որ տնօրենի այսօրվա ընտրությունն անցկացվում էր «տնավարի»: Անընդհատ ներսուդուրս էր անում խորհրդի անդամ, մարզպետարանի ներկայացուցիչ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Վահե Դավթյանը: Նա անընդհատ հեռախոսով խոսում էր միջանցքում: Տպավորություն էր, որ տեղեկատվություն է փոխանցում կամ ստանում:
Նույն իրավիճակում էր նաև համայնքի ներկայացուցիչ, խորհրդի անդամ, Արմավիրի փոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանը: Ի դեպ, թեև օրենքը չի արգելում, սակայն ակնհայտ շահերի բախում է, երբ նա ու հարսը՝ Օքսանա Պետրոսյանը, խորհրդի անդամներ են: Տեղեկություններ ենք ստացել, որ համայնքի և մարզպետարանի նախընտրած թեկնածուների ընտրությունը նույն անձի վրա չի կանգնել և այդ հակասության արդյունքն է, որ այսօր տնօրեն չընտրվեց: Այս պայմաններում չի բացառվում, որ փոխքաղաքապետի հարսի՝ Օքսանա Պետրոսյանի ինքնազգացողության վատացումն ամենևին պատահական չէր:
Քանի որ կառավարման խորհրդի անդամներն արդեն արձանագրել էին հաջորդ օրը արտահերթ նիստ անցկացնելը, Արմավիրի փոխքաղաքապետն ու նախարարության ներկայացուցիչը, որը կոմունալ բաժնի աշխատակից է և որևէ առնչություն չունի կրթական ոլորտի հետ, ցտեսություն ասելով՝ հեռացան դպրոցից: Րոպեներ անց նրանց հետ կանչեցին, որպեսզի ստորագրեին արձանագրային որոշումը:
«Կգնաս մարզպետարան արձանագրության տակ կստորագրես, որ մասնակցել ես նիստին»,- սենյակից դուրս գալով՝ հարսին՝ Օքսանա Պետրոսյանին, հրահանգեց փոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանը:
Ուշագրավ էր նաև այն, որ կառավարման խորհուրդը՝ բացառությամբ անդամներ Լիանա Հարությունյանի և Մարինե Հովակիմյանի, դեմ են եղել տնօրեն ընտրելու նիստի ձայնագրմանը, քանի որ պարտադիր պահանջ չէ նիստի ձայնագրումը:
«Երկու հեռախոսով պատրաստված եկել էի, եթե որոշվեր ձայնագրվելու է, ձայնագրությունը կփոխանցեինք կրիչի վրա և կդնեինք գործի մեջ, բայց մեծամասնությունը որոշեց, որ չի ձայնագրվելու»,- ասաց Լիանա Հարությունյանը:
Քանի որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բազմիցս հայտարարել է, որ Մաշա Իվանյանը չի ընտրվելու դպրոցի տնօրեն և ինքը վերջինիս հետ աշխատելու ցանկություն չունի, ենթադրվում է, որ փոխվարչապետն առաջարկելու է պայմանագիր կնքել փոխտնօրեններից մեկի հետ՝ դուրս թողնելով Մաշա Իվանյանին:
Մեկնաբանել