HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շերանիկ». առաջին հայկական մնջախաղը

Շերանիկ

Անի, տասներեքերորդ դարի սկիզբ: Բնակիչներն ինքնամոռաց տոնում են Բարեկենդանի տոնը: Բարեկենդանն այն եզակի օրն է տարվա մեջ, երբ թույլատրված է ամեն ինչ, երբ առատ գինուց մթագնած գիտակցությունը քանդում է բոլոր կապանքները, երբ բարեպաշտ քրիստոնյաների միջից դուրս է պրծնում ամբողջ տարվա ընթացքում խեղդված, հոգու ամենախորքում պատսպարված հեթանոսությունը: Ու սկսվում է խնջույքը, որն իր սանձարձակությամբ գերազանցում է Ներոնի տոնախմբությունները:

Օգտվելով խնջույքով տարված բնակիչների անհոգությունից՝ թշնամին ծածուկ թափանցում է քաղաք եւ կործանում այն...

Հենց այս ժամանակաշրջանն է մարմնավորել «Շերանիկ» ներկայացման մեջ Երեւանի պետական մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Շերանիկն» առաջին «հայկական» ներկայացումն է հայ մնջախաղի պատմության մեջ:

Հերոսները կարծես կենդանանում են հայկական մանրանկարներից: Նրանց շարժումները պարզ են, խիստ, բացակայում են ճապոնական եւ հնդկական մնջախաղին հատուկ մատների ելեւէջները:

«Շերանիկը» ծնվել է երկար տարիների փնտրտուքի եւ ուսումնասիրությունների արդյունքում:

Ժիրայր Դադասյան. «Նման ներկայացման մտահղացումն ունեի դեռ պատանի տարիքից: Շատ էի ուսումնասիրում հայոց պատմությունը, մանրանկարչությունը:

Մի անգամ ձեռքս ընկավ արվեստաբան, Մատենադարանի երկարամյա գիտաշխատող Վիգեն Խեչումյանի «Գիրք գրոցը»: Գրքում զետեղված են հայկական միջնադարյան մանրանկարչությունը, բժշկությունը, տոմարը: Առանձին բաժին նվիրված է Անիի մանրանկարչությանը ու Հաղպատի Ավետարանին: Ավետարանը գրվել է 1211 թվականին Հաղպատում, բայց նկարազարդվել է Անիի արվարձանում գտնվող մի վանքում, որտեղ Մարգարե Ծաղկողը նկարազարդում էր Ավետարաններ:

Ավետարանի էջերից մեկին պատկերված է Շերանիկը՝ ձուկը բռնած, եւ նրա գլխավերեւում գրված է. «Շերանիկ, քանի գաս, ձուկն բեր»: Ազգագրագետներն այն կարծիքին են, որ Շերանիկի հագուստն այդ մանրանկարում զինվորականի հագուստ է:

Շերանիկի անունը հիշատակվում է նաեւ Անիի Սուրբ Հովհաննես եկեղեցու բարձրաքանդակի վրա պահպանված հիշատակարանում, որտեղ ասվում է, որ իր մահից առաջ Շերանիկն իր ողջ ունեցվածքը կուտակել է եկեղեցուն:

Անիի տաջիկ բանտարկյալի մոտ հայտնաբերված Անիի երազահանի՝ տաջկերենից հայերեն թարգմանողների շարքում նույնպես նշվում է Շերանիկի ( Շերան) անունը:

Այս հանգամանքը ուսումնասիրողներին թույլ է տվել ենթադրել, թե Շերանիկը եղել է Անիի բանտի բանտապահը: Գրող Վիգեն Խեչումյանը, մասնավորապես, այն կարծիքին է, որ նա եղել է Անիի զորքի հրամանատարը:

Ամեն դեպքում, Շերանիկն, անկասկած, եղել է կարեւոր մարդ, քանի որ ամեն մարդու Ավետարանի էջերին չէին պատկերում: Դա բավական չէ, նկարիչը դեռ իր անունն էլ է հիշատակել»:

Այսպիսով՝ Շերանիկը զինվորական է, բեմում տասներեքերորդ դարի սկիզբն է: Այս ժամանակաշրջանում Անի քաղաքն ապրեց իր երկրորդ զարթոնքը, երբ Իվանե եւ Զաքարե եղբայրները ետ գրավեցին քաղաքը արաբներից ( Անին արաբների լծի տակ էր մոտ 120 տարի) եւ այնտեղ ստեղծեցին հայկական պրեֆեկտուրա:

Շինարարությունն ու առեւտուրը կրկին վերելք են ապրում, նկարազարդվում է Ավետարանը: 1207 թվականին հրավիրվում է եկեղեցական ժողով, որտեղ մերժվում է քաղկեդոնությունը եւ վերահաստատվում Առաքելական եկեղեցին: Անին նմանվում է դասական միջնադարյան քաղաքի:

Անին Մետաքսի ճանապարհին էր, ուստի այստեղ զարգացած էր մետաքսագործությունը եւ բատիկը: Ավետարանի էջին Շերանիկը պատկերված է մետաքսյա հագուստով: Ներկայացման կոստյումները նույնպես բնական մետաքսից են՝ զարդարված մանրանկարների ֆովիստական գույներով:

Բնականաբար, այս պայմաններում բնակիչների կենցաղը բարելավվում է, մարդիկ տրվում են կյանքի վայելքներին: Շերանիկն առյուծ է ծնում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Ներկայացման մեջ մեծ շուքով տոնվում է Բարեկենդանը, խնջույքի մասնակիցներն անարգում են քրիստոնեական սրբությունները, երկրպագում են ֆալոսը: Ծաղրուծանակի են ենթարկում Սուրբ ծննդի տերունական ծիսակատարությունը եւ իրենց խաղի մեջ ներգրավում անգամ քահանային, ով կարծում է, թե սթափված բնակիչները ցանկանում են վերադառնալ դեպի հոգեւորը, ճշմարիտը:

Ու հանկարծ, անսպասելի ներխուժում է մոնղոլը, գայթակղում է առյուծին ու քաղաքի կարճ դիմադրությունից հետո ավերում է Անին: Շերանիկը սպանում է դավաճան առյուծին եւ դառնում է հոգեւորական:

Ժիրայր Դադասյան. «Մեր ամբողջ պատմության ընթացքում հայ նախարարները երբ տեսնում էին, որ երկիրը կործանվում է, հոգեւորական էին դառնում, որ գոնե հոգեւորը պահպանեն: Դրա համար ենք ասում, որ եկեղեցին նաեւ պետության ֆունկցիա էր կատարում: Այն, ըստ էության, աշխարհիկ էր, միայն քարոզչությամբ չէր զբաղվում, բայց նաեւ բնակիչների տնտեսական եւ սոցիալական կյանքով: Այդպես Շերանիկն էլ է դառնում հոգեւորական՝ սպանելով առյուծին:

Ինչու՞ է առյուծ ծնում: Էգ առյուծը Անիի խորհրդանիշն էր եւ անպայման պիտի լիներ ներկայացման մեջ: Ներկայացման սյուժեն հավաքված է տարբեր կտորներից, տարբեր խորհրդանիշներից: «Շեր» բառը գրաբարում ունի երկու իմաստ. մեկը նշանակում է ժողովրդական թատերականացված էտյուդներ, մյուսը՝ առյուծ:

Առյուծի սպանությունն այստեղ խորհրդանշում է պաշտամունքի փոփոխություն. Շերանիկը սպանում է իր միջի հեթանոսությունն ուժի տեսքով եւ ընդունում է հոգեւորականությունը: Սա քրիստոնեական բարոյական արժեքների հաղթանակն է»:

Ներկայացման վերջում սիրամարգը, որ համբարձվել էր, վերադառնում է եւ ձուլվում Շերանիկի հետ. հնչում է «Լույս» շարականը, ու մեռած հոգիները դառնում են ղարագյոզներ՝ կենդանացած մարմիններով, դառնում են հոգեւոր, որ պահպանվեն հավերժության մեջ, ու կրկին վերածվում են մանրանկարի:

Սիբյուի փառատոնը

«Շերանիկը» վերջերս է վերադարձել իր առաջին շրջագայությունից՝ Ռումինիայի Սիբյու քաղաքի Միջազգային թատերական փառատոնից: Երեւանի պետական մնջախաղի թատրոնը միակ մնջախաղի թատրոնն էր շուրջ 80 թատրոնների շարքում երեսունհինգ երկրներից, հիմնականում Եվրոպայից:

Ժիրայր Դադասյան. «Շատ էինք մտածում, թե կհասկանա՞ն «Շերանիկն» այնտեղ, կգրավի՞ իրենց այն խայծը, որ դրել էինք: Հասկացան: Փառատոնից հետո ասուլիսի ժամանակ ասացին, որ ներկայացումը նման էր հնդկական եւ ճապոնական ազգային թատրոններին: Նկատի չունեին՝ նման էր շարժումներով, քանի որ շարժումները զուտ հայկական են:

Շարժումների հիմքում ընկած է քառակուսին: Դա հենց հայկական չափն է մեր պատկերացմամբ: Մեր ամենագեղեցիկ տաճարներից մեկը՝ Հռիփսիմեի տաճարը, գտնվում է քառակուսու մեջ, գմբեթն առանձին քառակուսու մեջ է, քառակուսին հիմքն է խաչի, միասնությունը խորհրդանշող շրջանի: Կատխակալի հնդկական թատրոնից վերցված է միայն իննսուն աստիճանով ծալված ձեռքը՝ բաց ափով, ինչը խորհրդանշում է բաց չակրաները եւ Բուդդայի հաղթանակի նշանն է:

Ասելով նման է հնդկական եւ ճապոնական ազգային թատրոններին՝ մարդիկ նկատի ունեին, որ սա ազգային տեսակի թատրոն է:

Ռումինական մամուլում հետաքրքիր վերլուծություններ եղան հատկապես «Շերանիկի» արդիականության մասին: Դա, թերեւս, ամենակարեւորն է ներկայացման մեջ:

Մեր հեթանոս աստվածները բոլորը պարսկական աստվածներ էին: Քրիստոնեությունը միջոց էր մեր «հայությունը» պահպանելու, հայկական նոր արժեքներ ստեղծելու:

Բայց այսօր Հայաստանում մարդիկ նույն վիճակում են, ինչ որ «Շերանիկի» հերոսները՝ մոլորված, տրված վայելքներին, չեն նկատում՝ ինչպես է թշնամին ծածուկ սողոսկում ներս:

Ռումինացի հանդիսատեսին շատ էր դուր եկել ներկայացման պոետիկան, կենցաղի բացակայությունը, ղարագյոզները, որ հայկական միջնադարյան թատրոնի տարրեր են, իրենց համար հաճախ գուցե անտրամաբանական, բայց անկեղծ շարժումները: Փառատոնի մասնակիցները, հանդիսատեսները երբ տեսնում էին մեզ փողոցում, ողջունում էին Շերանիկի հիմնական տարրը՝ քառակուսին ցույց տալով:

Փառատոնի ընթացքում աշխարհի տարբեր լուսանկարիչներ լուսանկարում էին, հետո վաճառում իրենց լուսանկարները: ԱՄՆ թատերական լավագույն լուսանկարիչ Սքոթ Գոլդմանը ներկայացումից հետո մոտեցավ ինձ ու ասաց, որ երբեք այսքան մեծ հաճույք չէր ստացել ներկայացում լուսանկարելիս, որ իրեն պետք չէր ռակուրս փնտրել, քանի որ յուրաքանչյուր շարժում մի առանձին գեղանկար էր: Ու սկավառակով մեզ նվիրեց իր արած բոլոր նկարները»:
Ինչո՞վ ենք պակաս

«Շերանիկը» միայն սկիզբն է «հայկական» մնջախաղի: Ժիրայր Դադասյանը պատրաստվում է հաջորդ տարի բեմադրել «Գիրք Ծաղկանցը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի պատմության: Դա լինելու է մագաղաթյա գրքի պատմությունը, որ դարերի միջով գալիս, հասնում է Մատենադարան:

Դեռ պարզ չէ՝ որտեղ կանցկացվեն այս ներկայացման փորձերը, այնուհետեւ՝ պրեմիերան: Արդեն տասը տարուց ավելի Երեւանի պետական մնջախաղի թատրոնը չունի սեփական շենք:

Ժիրայր Դադասյան. «Փորձերն անում ենք Տիկնիկային թատրոնում, մի մասն էլ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, շատ փոքր սենյակում, ուր չկան մնջախաղի թատրոնի համար անհրաժեշտ պայմաններ: Իրենք սիրով տրամադրում են մեզ տարածքը, բայց դե պիտի հարմարվենք իրենց պայմաններին, իրենց փորձերին, եւ ստեղծագործական պրոցեսն անընդհատ ընդհատվում է: Վիրավորականն այն է, որ մեր թատրոնն էլ նույն կարգավիճակն ունի, պետական թատրոն է ու մատնված է անուշադրության:

Մենք հիմա, փաստորեն, գոյատեւում ենք միայն ոգեւորությամբ: Բայց ոգեւորությունը պիտի սնվի, թե չէ մի օր կսպառվի:

Հայաստանում բացակայում է մշակված մշակութային քաղաքականություն:

Շվեդիայում, օրինակ, տարեվերջին կառավարությունը նայում է՝ տարվա ընթացքում ո՞ր թատրոնն է արդյունավետ եղել, մի քիչ փող էին տվել, բայց ինչե՜ր է արել, մյուս տարի այդ թատրոնին տասը անգամ շատ են տալիս, իսկ այն թատրոնին, որն արտադրանք չի տվել, զրկում են ֆինանսավորումից:

Իսկ Հայաստանում թատրոնն իմ ղեկավարած ութ տարիների ընթացքում առաջին անգամ Մշակույթի նախարարությունը հովանավորեց փառատոնի ( Սիբյուի փառատոնի) ճանապարհածախսը եւ մասամբ ֆինանսավորեց «Շերանիկի» ստեղծումը:

Հայաստանը կամերային երկիր է, եթե մենք չենք կարող պահել մեծածավալ թատրոններ, թող ունենանք փոքր, կամերային թատրոններ՝ տարբեր ժանրերի: Մնջախաղի թատրոնը կամերային թատրոն է: Հայաստանում զբոսաշրջությունն արագ զարգանում է, Մնջախաղի թատրոն ունենալը շահավետ է նաեւ կառավարության համար: Արտասահմանցիներն այցելում են վերնիսաժ, գնում են հայկական տարազով տիկնիկներ: Իսկ այստեղ խաղում է այդ նույն տարազով կենդանի տիկնիկը: Ու ամենակարեւորը՝ այս թատրոնը չունի թարգմանության կարիք:

Մնջախաղի ներկայացումները հուշանվերներ են, որոնք օտարերկրացիները տանում են իրենց հոգում: Մի երկու տարի առաջ մի անգլիացի էր եկել մեզ մոտ: Նա Հայաստան էր եկել տնտեսական համագործակցության ֆորումին մասնակցելու, ու իր ընկերը, ով երկար տարիներ աշխատել էր Հայաստանում, իրեն խորհուրդ էր տվել անպայման այցելել երեք վայր՝ Գեղարդ, Էջմիածին եւ Մնջախաղի թատրոն:

Մենք շատ հաճախ ընդգրկվում ենք կառավարական ուղեւորությունների մեջ, օրինակ՝ ինչ-որ երկրում Հայաստանի օրեր, այդպես եղել ենք Արաբական Էմիրություններում, Գերմանիայում, սեպտեմբերին կլինենք Ռուսաստանում, հետո՝ Ֆրանսիայում: Եվ թարգմանության խնդիր չկա, եւ ցուցադրելու բան կա: Բայց հենց հերթը հասնում է մեր պայմաններին, մեզ մոռանում են»:

Ժիրայր Դադասյանն այդ մասին շատ է խոսել համապատասխան պաշտոնյաների հետ, տարբեր առաջարկներ են արվել ու խոստումներ տրվել: Վերջին խոստումը տվել է Մշակույթի նախորդ նախարարը' Սունդուկյանի անվան թատրոնի բակում գտնվող շենքին ավելացնել երկու հարկ ու տրամադրել Մնջախաղի թատրոնին: Նախարար Գեւորգ Գեւորգյանը չհասցրեց կատարել խոստումը, պաշտոնանկ արվեց: Ներկայիս նախարարը խոստացել է շարունակել այդ նախաձեռնությունը: Միգուցե այս անգամ ստացվի, եթե, իհարկե, այս նախարարն էլ շուտափույթ չփոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter