
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու դեպքով մեղադրանք է առաջադրվել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից ապօրինի հիմքով ազատվելու համար:
Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քաղաքացի Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով:
Մեզ հայտնի դարձավ, որ Ս. Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի որդին է՝ 36-ամյա Սպարտակ Ղուկասյանը: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին, ի թիվս այլ պատգամավորների, անդրադարձել էինք Վարդան Ղուկասյանի որդու զինծառայությունից ազատման խնդրին: Վարդան Ղուկասյանը մեր հարցին ի պատասխան՝ դժվարացել էր հիշել, թե որդին ինչ հիմքով է ազատվել զինծառայությունից, քանի որ որդին և՛ ակադեմիական տարկետում է ստացել, և՛ առողջական հիմք է ունեցել, ինչպես նաև ընտանեկան տարկետման իրավունք է ստացել՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:
Մեկնաբանել