HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Հարությունյանին օժանդակելու և փողերի լվացման մեջ մեղադրվող գիտությունների թեկնածուն կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր մերժել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք ստանալու հարցում օժանդակելու և փողերի լվացման մեջ մեղադրվող  Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված  կալանավորման որոշումն անփոփոխ թողնելու որոշման դեմ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի պաշտպաններից Հրանտ Անանյանը:

Նշենք, որ Վիկտոր Մարտիրոսյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, 64 տարեկան, ըստ գործի նյութերի` հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի մտերիմներից է: Նրա, ինչպես նաև մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի գործն անջատվել է Արամ Հարությունյանի վերաբերյալ գործից ու ուղարկվել դատարան: Գործւի դատաքննության նշանակելիս, անդրադառնալով մեղադրյալների խափանման միջոցի հարցին`առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը գտել է, որ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է թողնվի անփոփոխ, ինչն էլ բողոքարկվել էր վերաքննիչ դատարան:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008 թվականի սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը, Արամ Հարությունյանի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Սիլվա Համբարձումյանի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացի Արաքս Դիլանյանի՝ Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո, ըստ մեղադրանքի, նշված գումարից 797 918 520 դրամին համարժեք 9 499 030 ԱՄԷ դիրհամ և 769 125 000 դրամին համարժեք 9 156 250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:

Դրանից հետո Վիկտոր Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասն, ըստ  մեղադրանքի, կանխիկացրել են, դրանք տնօրինել Արամ Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին:

Վիկտոր Մարտիրոսյանն իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և Հայաստանի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Լուսանկարում՝ դատավոր Մխիթար Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter