HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սանիթեքի» ղեկավարությունը վստահեցնում է՝ ընկերությունը որևէ քաղաքական պատկանելություն չունի և իրենց նկատմամբ սաբոտաժ է իրականացվում

Վերջին տարիներին Երևանի աղբահանությունն իրականացնող միակ օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության տնօրենը տեսակապի միջոցով, իսկ ընկերության հայաստանյան ներկայացուցիչները մամուլի ասուլիսով անդրադարձան վերջին շրջանում ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին և քաղաքի աղբահանության հարցին։ Հիշեցնենք, որ ընկերությունը նախապես որոշել էր ասուլիս հրավիրել Թբիլիսիում, սակայն բարձրացված աղմուկից հետո որոշվեց ասուլիս հրավիրել Երևանում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում։

Ընկերության ներկայացուցիչը թարգմանում էր Նիկոլաս Թավիլի խոսքերը։ Թավիլը հիշեցրեց, որ ընկերությունը Երևանի աղբահանությունն իրականացնում է արդեն  4,5 տարի, ընկերությունն այս ժամանակահատվածում Հայաստանում միլիոնավոր եվրոների ներդրումներ է կատարել, որպեսզի կարողանա ձեռքբերել բարձր տեխնոլոգիական սարքավորումներ։ Ընկերությունը գործունեության առաջին երեք տարիներին բախվել է բազմաթիվ խնդիրների, որոնց մասին զեկուցվել է քաղաքային նախկին իշխանություններին։

«2018-ին ընկերության համար կրիտիկական ժամանակշրջան է եղել, ինչին հաջորդել է հեղափոխությունը, և քանի որ աղբը տեսանելի խնդիր էր, «Սանիթեքը» դարձրել են քաղաքական քարոզարշավի թիրախ և շահարկվել որպես նախորդ քաղաքային իշխանությունների և ընկերության բաժնետերերի միջև գործարք»։

«Սանիթեքի» ներկայացուցչությունը վստահեցնում է՝ ընկերությունը քաղաքական որևէ պատկանելություն չունի, ընկերության միակ մտահոգությունն է, որ պատշաճ կերպով  ծառայի քաղաքացիներին։

Թավիլի խոսքով՝ ընկերությունը նոր քաղաքային իշխանություների հետ նախնական քննարկում է կազմակերպել նախորդ տարվա հոկտեմբերին և առաջարկել ծառայությունների արժեքի ավելացում՝ ստանձնելով հետագա ներդրումների և ծառայությունների բարելավման պարտավորությունը։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ ենթադրվում էր, որ քաղաքապետարանը հետագայում պետք է տենդեր հայտարարեր աղբատարների գնման համար, որպեսզի ամռան ամիսների աղբահանությունը հնարավոր լինի իրականացնել։ Դժգոհություն հնչեց, որ ընկերության բազմաթիվ հորդորները՝ ձայնագրել հանդիպման խոսակցություններն ու կազմել արձանագրություն, մերժվել է՝ պատճառաբանելով, որ քաղաքապետի մեկ խոսքն ավելին արժե, քան որևէ թուղթ։

Նիկոլաս Թավիլի վստահեցմամբ՝ քաղաքապետարանի հետ ունեցած  նամակագրությունն այնպիսին է, որ քաղաքապետարանը գնելու էր աղբատարներ և հանձներ վարձակալության «Սանիթեքին», սակայն հաջորդ նամակը, որը ստացել են քաղաքապետարանից, նախազգուշական է եղել՝ ենթարկվել պատասխանատվության՝ պայմանագրով ստանձնած պարտականությունը չիրականացնելու համար։ Այնուհետև պարզվել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած տենդերը ձախողվել է իրավական խնդիրների պատճառով, և «Սանիթեքը» պետք է գնի աղբատար մեքենաներ։ Ընկերությունը հայտարարել է՝ կգնի մեքենաներ երեք պայմանով, եթե քաղաքապետարանտ վստահեցնի, որ չի պատրաստվում չեղարկել պայմանագիրը, որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերի ընկերությանը և պարտավորվի ամբողջովին վերանորոգել Նուբարաշենի աղբավայրը, սակայն քաղաքապետարանից պատասխան չի եղել։ Ապա ընկերությունը մամուլից տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետը պատրաստվում է դիմել կառավարությանը, որպեսզի հնարավոր լինի  մեկ անձից գնում կատարելու եղանակով գործարկել նոր օպերատոր, որը կզբաղվի աղբահանությամբ ու սանմաքրմամբ։

Ընկերության ղեկավարը պնդում է՝ չնայած իրենց մեղադրում են սաբոտաժ իրականացնելու մեջ, սակայն ընկությունն ինքն է ենթարկվում սաբոտաժի, և իրենք տեսանյութեր ունեն, թե ինչպես են քաղաքացիները միտումնավոր այրում աղբարկղերը։

Վերջինս վստահեցրեց Երևանի բնակիչներին՝ արել են առավելագույնը քաղաքացիներին ծառայելու համար, բայց հասել են մի վիճակի, որ ընկերությունը կորցրել է իր ռեսուրսները, և քաղաքային իշխանության աջակցության կարիքն ունի։

Ընկերության ղեկավարը որպես սաբոտաժ բնորոշեց նաև ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ըստ նրա՝ քաղաքապետարանի կողմից կազմակերպված է, որպեսզի սպառի ընկերության ֆինանսական ռեսուրսները։

Իրավաբան Արմեն Հարությունյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է հարկերից խուսափելու դեպքով։ Խոսքը 290 մլն դրամ հարկերի մասին է։

Հարությունյանի խոսքով՝ «Սանիթեքը» օտարերկրյա ներդրումներ իրականացնող ընկերություն է և ինչպես ցանկացած ընկերություն, երբ որոշում է ընդունում ներդրումի համար, ուսումնասիրում է հարկային դաշտը։

Վերջինիս ներկայացմամբ՝ 2011թ.-ին նոր հարկային օրենսգիրքը ուժի մեջ է մտել, և ազատականացված վճարների մասին օրենքը ուժը կորցրել է։

«Օգտվելով օտարերկրյա ներդրողների մասին օրենքի իրավունքից՝ «Սանիթեքը» դիմել է ՊԵԿ-ին, կառավարությանը և հայտնել, թե նման մտավախություն կա, որ օրենք է փոխվում, և ներդրումները կարող են վտանգի տակ հայտնվել, և որպեսզի իր նկատմամբ շարունակվի կիրառվել ազատականացված վճարների մասին օրենքը։ Ստացել է պատասխան, որ այո՛, կարող ենք երաշխիքներից օգտվել, որից հետո գործունեությունը շարունակել է։ 2018թ.-ի ապրիլյան դեպքերից հետո նույն խնդրով նույն մարմիններին դիմել է, և նույն դրական պատասխանը ստացել»,-ասաց իրավաբանը՝ հավելելով, որ 2019-ի փետրվարին արդեն ՊԵԿ-ը քրգործ է հարուցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter