HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կմեռնենք, բնակարանի հարցն էլ կփակվի, կգնա»...

Ասում են փախստականները 17 տարվա սպասումից հետո

Վարդենիսի վարչատարածքի Կարճաղբյուր գյուղում ապաստան գտած Սամվել Մովսիսյանի ընտանիքը մեկն է այն 32 ընտանիքներից, որոնք 1992թ. բռնագաղթեցին Ադրբեջանի Հանրապետության Շահումյանի շրջանից: Փախստական ընտանիքները ժամանակավորապես տեղավորվեցին «Լճափ» պիոներական ճամբարի կիսով չափ քարաշեն, կիսով չափ փայտաշեն խրճիթներում: Երբ տարիների հետ մարեց բնակարան ունենալու հույսը, փախստական ընտանիքները սկսեցին հեռանալ Կարճաղբյուրից: 32 ընտանիքներից մնացին միայն 2-ը՝ այդպես էլ չկարողանալով գտնել մեկ այլ ապաստան:

Որպես զոհված ազատամարտիկի ընտանիք՝ պետության ֆինանսական աջակցությամբ լուծվեց նրանցից մեկի՝ Լավրենտի Հարությունյանի ընտանիքի բնակարանային հարցը, իսկ Սամվել Մովսիսյանի ընտանիքն առ այսօր բնակարան չի ստացել:

Ընտանիքը բաղկացած է հինգ անձից: Սամվել Մովսիսյանը բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, բայց աշխատանք չունի: Կինը' Ադելինան, նույնպես չի աշխատում: Նրանք երեք դպրոցահասակ երեխաներ ունեն: Չունեն ո՛չ տնամերձ հողամաս, ո՛չ անասուն, ո՛չ սեփականաշնորհված հողամաս: Ընտանիքն ապրում է հաշմանդամության կենսաթոշակով ու նպաստով (Ս. Մովսիսյանը 3-րդ խմբի հաշմանդամ է), մի փոքր էլ վաստակում են ձկնորսներից ձուկ գնելով ու վերավաճառելով:

Կացարանը, որտեղ ապրում է այս ընտանիքը, դժվար է բնակարան կոչել: Այն զուրկ է կենցաղային եւ սանիտարական տարրական պայմաններից, չունի անհրաժեշտ բնակմակերես' կախված ընտանիքի անդամների թվից եւ սեռից: Ներսից եւ դրսից կացարանը շնչում է ձկնաբույրով, իսկ ձկներին ծխահարող տակառը եւ լվացքի պարանից կախված ձկները կացարանի անբաժանելի «զարդն» են դարձել: Աղքատությունը դրոշմված է յուրաքանչյուր անկյունում... Իսկ այս վագոն-տնակում երեխաներ են ծնվել եւ շարունակում են մեծանալ այս պայմաններում: Նրանց ունեցած 2 մահճակալներից մեկում քնում են ամուսինները, իսկ մյուսում' 15-ամյա դուստրը: Երկու որդիները (10—14 տարեկան) քնում են հատակին:

Ամիսներ առաջ ՀՀ կառավարության 2005թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացվող «Բնակարանային ապահովում' բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրով այս ընտանիքին 780.000 դրամ արժողությամբ վկայագիր էր տրվել, բայց այդպես էլ չկարողացան Կարճաղբյուր գյուղում ձեռք բերել վկայագրի պահանջներին համապատասխան 3 սենյականոց եւ սանհանգույց ունեցող բնակարան: Այս համայնքում բնակարան կարելի է ձեռք բերել նվազագույնը 2 միլիոն դրամով: «Այդ գնով Կարճաղբյուրում մինչեւ անգամ անասնագոմ չես կարող գնել»- հավաստիացնում է Սամվելի կինը՝ Ադելինա Մովսիսյանը: «Փորձե՞լ եք բնակարան փնտրել այլ բնակավայրում, ասենք՝ Վարդենիսում» հարցին Ադելինան պատասխանում է. «Չէինք ուզում այս անգամ էլ «սուպերփախստական» դառնալ»: Իրականում վկայագրի արժեքով Վարդենիս քաղաքում նույնպես համապատասխան բնակարան գնել հնարավոր չէ, գներն այստեղ էլ են աճել: Վեցամսյա ժամկետից հետո Մովսիսյանները հարկադրված էին հրաժարվել տրամադրված վկայագրից, իսկ բնակարանի հարցը կրկին մնաց չլուծված' անորոշ ժամկետով:

Ադրբեջանից բռնի տեղահանված հայ ազգաբնակչության ներհոսքը համընկավ երկրաշարժի հետ, եւ հասարակության արձագանքը հավասարապես անձնվեր էր: Մարդիկ փախստականներին տանում էին իրենց տները, կերակրում էին, հագուստ տրամադրում: Քանի որ առաջնահերթորեն հրատապ էր կացարանի հարցը, փախստականները ժամանակավորապես տեղավորվեցին տարբեր գերատեսչություններին պատկանող հանրակացարաններում, առողջարաններում, հյուրանոցներում, պանսիոնատներում, ինքնաշեն կացարաններում: Իսկ գերակշիռ մասն ապաստանեց այն գյուղական համայնքներում, որտեղ նախկինում բնակվում էին ադրբեջանցիներ:

Սակայն փախստականների մի զգալի հատվածի համար ժամանակավոր ապաստանում ապրելու շուրջ 17-ամյա իրողությունը այլեւս թանձր մշուշով է պատել այն լքելու այդքան սպասված հեռանկարը: 2004թ. մայիսի 20-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին»: Ծրագրի շահառուները ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքներն էին լինելու, եւ ընտրությունը կատարվելու էր այդ կացարաններից եւ վագոն-տնակներից փախստականների առաջնահերթ տեղափոխման անհրաժեշտությունից: Ծրագիրը մատնանշում է, որ, ի թիվս այլ պայմանների, ծրագրի շահառու ճանաչվելու «պարտադիր պայման է նաեւ Հայաստան բռնագաղթելուց հետո պետական կամ այլ միջոցներով բնակարան կամ տուն ստացած չլինելը, Ադրբեջանում ունեցած բնակարանը կամ տունը փոխանակած չլինելը, ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած չլինելը»:

Ծրագրի վերանայված արժեքը կազմել է 21 միլիոն 608 հազար ԱՄՆ դոլար: Հատկացվել եւ հատկացվելու են դրամական միջոցներ փախստականների բնակարանային հիմնախնդիրը լուծելու համար, սակայն, երբ թվում է, թե ահա լուծվում է նրանց՝ տարիներ շարունակ բնակարանային հաշվառման մեջ գտնվելուց հետո սեփական տանիք ունենալու երազանքը, ձեւավորվում է մեկ այլ իրողություն. բնակարանների գնման նպատակով տրամադրված վկայագրերն իրենց արժեքով կտրուկ զիջում են բնակարանների ներկայիս շուկայական գներին:

Գեղարքունիքի մարզում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրում ընդգրկվեց մարզի հանրակացարաններում եւ ժամանակավոր կացարաններում հաշվառված 39 փախստական ընտանիք: Սակայն նրանցից 19-ը սահմանված 6-ամսյա ժամկետում չկարողացավ ձեռք բերել բնակարան, եւ վկայագրերը մարվեցին: Այդ ընթացքում մարզպետարան դիմեց բնակարանի կարիք ունեցող եւս 30 փախստական ընտանիք:

Վկայագրերի տրամադրման երեւույթն իր ներգործությունն ունեցավ բնակարանային շուկայում ձեւավորվող գների վրա: Այն բնակավայրերում, որտեղ մի քանի ընտանիքներ ստացան բնակարանների գնման վկայագրեր, շուկան անմիջապես արձագանքեց գների աճով: Ամենից շատ վկայագրեր ստացան Սեւան քաղաքի հանրակացարաններում բնակվող փախստականները: Սակայն, ինչպես ամենուր, այստեղ եւս բնակարանների շուկայական գները բարձր էին եւ զգալիորեն աճեցին վկայագրերի գործելու 6-ամսյա ժամկետում:

Սեւան քաղաքի Նալբանդյան 57 հասցեում գտնվող հանրակացարանային շենքը գտնվում է վատթար վիճակում: Սանհանգույցներն ընդհանուր են, ջրամատակարարում չկա: Ձմռանը, երբ սանհանգույցները սառչում են, բնակիչները պատուհաններից բակ են թափում ամեն տեսակի կեղտաջրեր, որ առաջանում են կենցաղում: Շենքը եւ ամբողջ շրջակա տարածքը գարշահոտության ու չքավորության մի գորշ տեսարան է:

Արամայիս Սահակյանի ընտանիքի համար հանրակացարանի մեկ սենյակը ծառայում է որպես հյուրասրահ, ննջարան, լոգարան, իսկ դիմացի սենյակը՝ որպես պահեստ ու խոհանոց: «æուր չկա, զուգարան ու բաղնիք չկա, ո՞նց հարմարվենք»,-հուսահատ հարցնում են կենվորները: Նրանք բնակարանի գնման վկայագիր են ստացել, սակայն չեն կարողացել վկայագրի արժեքով բնակարան ձեռք բերել: Սեւանում տան շուկայական գներն անհամեմատ բարձր են: Արամայիսը 5 զավակ ունի: 4 դուստրերն ամուսնացած են, իսկ որդին նոր է ամուսնացել, եւ հիմա երիտասարդ ընտանիքը պետք է ապրի այս անհարմար կացարանում:

Նույն հանրակացարանում է բնակվում Բաքվից բռնագաղթած 71-ամյա Անյա Եժկովան: Նա միայնակ է, հարազատներ չունի, որբացել է 2 տարեկան հասակում: Սոսկալի պայմաններում է ապրում: Նրան նույնպես բնակարանի գնման վկայագիր են հատկացրել, սակայն, ինչպես մյուսները, նա նույնպես չի կարողացել այդ արժեքով բնակարան գնել:

Եվգենիա Ասրյանը նույնպես միայնակ կենսաթոշակառու է: Նա 1988թ. դատարկաձեռն բռնագաղթել է Սումգայիթից՝ սումգայիթյան սարսափները աչքերում: 17 տարի այս հանրակացարանում ապրելուց հետո բնակարանի գնման վկայագիր է ստացել, սակայն նրան նույնպես բնակարան գնել չի հաջողվել: «Ասում են, թե 6 ամսից նորից վկայագրեր կտան: Բայց ո՞վ գիտի' կտա՞ն, թե՞ ոչ: Իսկ եթե տան, կկարողանա՞նք բնակարան գնել...»,-հուսահատ ասում է նա:

Կադամյան Նինան նույնպես 1994թ.-ից Սեւան քաղաքի Նալբանդյան 57 հասցեի հանրակացարանի բնակիչներից է: Մինչ այդ ինքն ու որդին ապրել են Սեւանի «Արեւիկ» առողջարանում: Նրա վկայագրի արժեքը կազմել է 1 միլիոն 31 հազար դրամ: 1-2 անձից կազմված ընտանիքներին մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելու համար Սեւանում հենց այդպիսի արժեքով վկայագրեր են տրամադրվել: Որոշ ընտանիքներ ճարահատյալ բնակարան են գնել «Յունոնա» ՍՊԸ-ին պատկանող 9 հարկանի հանրակացարանից: «Անգամ այդ շենքից չկարողացա բնակարան գնել,-պատմում է տիկին Նինան:-7-րդ հարկում 3000 դոլարով բնակարան էր վաճառվում, այն էլ' հատակը փտած, քարուքանդ: Այդքան գումար որտեղի՞ց վճարեի...»: Միայնակ ծեր կինը հիվանդ է: «Ամենադժվարը լողանալու հարցն է: Բաղնիք ենք գնում՝ 1 ժամը 600 դրամ է: Բայց ես ու իմ նման խեղճ թոշակառուների համար այդքանն էլ դժվար է վճարել: Ի՞նչ անենք, 300 դրամ տալիս ենք, կես ժամում լողանում»: Լռում է եւ հուսահատ մի եզրակացություն անում. «Կմեռնենք, բնակարանի հարցն էլ կփակվի, կգնա...»:

Անկախ ամեն ինչից՝ բնակարան ձեռք չբերած փախստական ընտանիքները կրկին սպասում են բնակարանների գնման վկայագրեր ստանալուն: Ինչպես նրանց հավաստիացրել են՝ 6 ամիս հետո: Վկայագրերի սպասում են նաեւ շատ ու շատ այլ ընտանիքներ, որոնք առաջնահերթության կարգով չեն ընդգրկվել վերոհիշյալ ծրագրում եւ չեն ստացել բնակարանի գնման վկայագիր: Նրանցից յուրաքանչյուրին հանգամանքների բերումով ճակատագիրը տարբեր պայմաններ է առաջադրել: Մի մասն ապրում է վարձակալությամբ, մյուս մասը՝ ծանոթների եւ հարազատների բնակարաններում: Նրանք նույնպես սպասում են: Իսկ նյութական կորուստների առումով նրանք, թերեւս, բռնագաղթից ամենից շատ տուժած ընտանիքներն են, քանի որ այս ընտանիքների մեծ մասին չի հաջողվել փոխանակել բնակարանն ու տեղափոխել ունեցվածքը: Սպասման երկու տասնամյակը բոլորելուն շատ քիչ է մնացել:

Լուսինե Թոփլաղալցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter