
Մելիք Մանուկյանի մեքենայի պայթյունի գործով երեք անձ է ձերբակալվել
Երևան–Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անձ է ձերբակալվել: Այս մասին Հետքի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Քննչական կոմիտեն առայժ տեղեկություն չի հայտնում ձերբակալվածների ինքնության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:
Միջադեպի հետևանքով վնասվել է կամուրջի եթևեկելի հատվածը, երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34–104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և 235 –րդ հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Մեկնաբանել