HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի սելֆին իրանահայերի համար բարդություններ է ստեղծել. զրույց Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդի հետ

2019թ. փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն բարդություններ է առաջացրել իրանահայ համայնքի համար, թեև թե' համայնքը, թե' վարչապետը խանդավառված էին այդ հանդիպումից։ Փաշինյանը, ոգևորված Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում իրանահայերի հետ հանդիպումից, սելֆի արեց եւ անմիջապես հրապարակեց այն։ 

«Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառը, որը փակցված էր Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միության պատին, երևացել էր վարչապետի հրապարակած լուսանկարում։ Իրանի ադրբեջանցիները այս սելֆին սոցիալական ցանցերում տարածել են՝ տարբեր մակագրություններով և լուրջ քննարկումների թեմա դարձրել, հակահայկական լուրջ խմորումներ են ծավալվել Իրանում, ինչի հետևանքով իրանահայերի կյանքն ու գործունեությունը հայտնվել է իրանական հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության ներքո:

Այժմ իրանահայերը որևէ միջոցառում նախաձեռնելու կամ իրականացնելու համար պետք է ծրագիրը մանրակրկիտ ներկայացնեն կառավարությանը, հատուկ ծառայություններին, եւ միայն հավանության արժանանալուց հետո այն իրականացնեն: Նախկինում հայ համայնքն իր միջոցառումները կազմակերպում էր՝ առանց մանրամասն հաշվետվություն ներկայացնելու:

Խնդիրներն առավել ակնառու են Ատրպատականի շրջանում՝ Թավրիզում, Ուրմիայում և հարակից բնակավայրերում, որոնք առավելապես ադրբեջանցիներով են բնակեցված:  

Հուլիսի 24-ին Ատրպատականի նահանգում՝ իրանա-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս վանքում արարողություն կար: Նախօրեից արդեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները տեղեկացված էին, որ եկեղեցում հյուրեր կան, իսկ առավոտյան եկեղեցում միջոցառում է նախատեսված: Նրանք մի քանի անգամ հետաքրքրվել և ստուգել էին, թե ովքեր են հյուրերը և ինչ են անում: 

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիթճեանի հետ զրուցել ենք իրանահայերի, վարչապետի այցից հետո ստեղծված լարվածության և հայկական ժառանգության մասին:

Խիստ լարվածություն է զգացվում այստեղ անձնակազմի, իրանահայերի և հատուկ ծառայության աշխատակիցների միջև: Հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից խիստ վերահսկողություն կա եկեղեցու, մարդկանց և տեղի ունեցող միջոցառումների նկատմամբ: Մի՞շտ է այսպիսի հսկողություն իրականացվում իրանահայերի նկատմամբ:

Փոքրամասնություններ որտեղ որ կան, որ համայնքներում և երկրներում որ կան, միշտ օղակի մեջ պետք է պահվեն՝ դրական իմաստով, այսինքն՝ ուշադրության տակ: Պարզ է, չէ՞, որ գիտությունն ասում է՝ մեծը կկլանի փոքրին: Ծովի օրենքն է: Իսլամական երկրներում իրենք մեծամասնություն են կազմում: Այստեղ ապրում են փոքրամասնություններ՝ քրիստոնյա, սյունի, հրեական համայնքներ: Սրանք եթե միշտ ուշադրության կենտրոնում չեն, ապա իրենց շուրջ միշտ ապահովագրական գոտի կա, որպեսզի, իրենց բացատրությամբ, մենք խաղաղ ու հանգիստ ապրենք: Փաստորեն, իրենց ասածի մեջ ճշմարտություն կա: Իսլամական ուրիշ երկրներ էլ կան, որոնք գմբեթի վրա խաչ չեն թողնում կանգնեցնել: Գնացեք Դուբայ, Շարժա, մենք այնտեղ նոր եկեղեցի ունենք, բայց խաչ չես կարող գմբեթի վրա դնել:

ԻԻՀ-ի պարագայում հայերը եկվոր տարր չեն: Հայերը բնիկ են՝ հատկապես Ատրպատականում, որը Հայաստանի մեկ մասնիկն է եղել որոշ կարճ ժամանակ: Թադևոս առաքյալն ինչու է եկել այստեղ, եթե հայ չկար: Եկել է այստեղ հայերին քրիստոնեությունը տարածելու: Ատրպատականն անընդմեջ հայ ժողովուրդ ունեցել է: Գաղթել են, գնացել են Ռուսաստան, ուրիշ երկրներ, բայց միշտ հայ եղել է: Սա երկրին, պետությանը ստիպում է հարգել այս մարդկանց գոյությունը: Գոյություն ասելով՝ միայն ֆիզիկական գոյությունը չէ, այլ ապահովել նրանց կյանքը և իրենց կրոնական ազատությունը: Ամենակրիտիկական պահը ԻԻՀ հաստատման տարիներին էին, երբ հայկական դպրոցները փակեցին, հետո տեսան, որ՝ ոչ, հայ տարրն այստեղ կարևոր տարր է, շինարար տարր է, վտանգավոր տարր չէ, երկրի համար պատիվ բերող տարր է, աշխատասեր ժողովուրդ է: Մինչև հիմա մի տեղ գնաս, հայերի մասին խոսես, ասում են՝ լավ արհեստավոր են, ճշմարտախոս են, մի բան ասեն՝ ճիշտ ժամանակին կիրարկեն, խոսք տան՝ կհարգեն: Այս ձևով է ճանաչված հայն այստեղ: Ուրեմն՝ այս տարրն ինչո՞ւ կորցնել: Ինչո՞ւ համար եկեղեցիները փակել, պարտադրել իրենց ուզածները կամ իսլամական շարիաթով այստեղ կառավարել հայերին, որոնք Իրանում մեծագույն քրիստոնյա փոքրամասնությունն են: Տեսան, որ վնաս չկա սրանցից, ասացին՝ թող իրենց կյանքով ապրեն: Սրանք չեն շատանալու այնքան, որ կարողանան մյուսներին կլանել իրենց մեջ: ԻԻՀ համար մենք վտանգ չենք ներկայացնում, ընդհակառակը՝ դրական ներկայություն ենք: Բայց, ինչպես ասացի, բոլոր փոքրամասնությունները մի օղակի մեջ պիտի լինեն իրենց անվտանգության համար, ինչպես իրենք են բացատրություն տալիս:

Դուք հավատո՞ւմ եք այդ բացատրությանը:

Դեպքեր պատահել են, որոնք մեզ մտածել են տալիս, որ կարևոր է այդ ապահովությունը: Օրինակ՝ այսօր քաղաքները զուտ քաղաքացիներով կազմված չեն, Թավրիզում ինչքան բնիկ թուրքեր կան, այստեղ գալիս անցնում են, եկեղեցի են տեսնում, ասում են՝ էս ինչ է: Այս վանքը (խոսքը Սուրբ Ստեփանոսի մասին է-հեղ.), որտեղ հիմա գտնվում ենք, միշտ գալիս են Նախիջևանից, Բաքվից, ասում են՝ ինչ հայ, ինչ քրիստոնյաներ, սրանց ի՞նչ էսքան խաղեր եք տալիս: Զարմանում են, որ իսլամական հանրապետությունում նման բան կա: Բայց դրանք գյուղացիներ են, որոնք չեն ճանաչում հային, մշակույթի հասկացողություն չունեն, պատմություն չեն իմանում, գալիս են, ման են գալիս: Քաղաքների ժողովուրդն այստեղ այդ գյուղացիներից կազմված տարրերից են, և այդ կացության մեջ այդ ապահովությունը պետք է:

Իրանահայերի հետ զրույցներից հասկանալի է, որ վերջին շրջանում այս վերահսկողությունը է'լ ավելի է խստացել:

Ապրիլի 24-ը մեզ համար ամենազգայուն կետերից մեկն է: Թավրիզում մենք դա շատ ծածուկ ենք անում: Այս տարի եկեղեցուց դուրս եկանք, հուշարձանի մոտ մեր ծաղիկները դրեցինք, և անմիջապես ամեն մարդ իր դենը գնաց, երբ որ մենք նախկինում հուշարձանի մոտ արարողություն էինք անում, մեր սրբերի բարեխոսական կարգն այնտեղ էինք անում: Հիմա ամեն ինչ եկեղեցու մեջ ենք անում: Շենքերի մեջ նայողներ կան (նկատի ունի՝ Թավրիզի եկեղեցուն հարակից շենքերի՝ եկեղեցու և դրա բակի տեսանելիությունը): Բայց ոչ թե այդ շենքերի մեջ նայողներն են վտանգավոր կամ որ դիպուկահարներ կան այնտեղ, այլ այսօրվա աշխարհի պատերազմն ընթանում է մեդիայով: Մի բան կնկարեն ու կգցեն համացանց: Հիմա մեդիան է աշխարհում մեկին սպանելու, մյուսին տապալելու, երրորդին՝ վատաբանելու կամ քարտեզից ընդհանրապես ջնջելու գործիքը: Այդ ամբողջ հզորությունն ու ներուժն այսօր մեդիան ունի: Ուզում ես Թավրիզի ողջ հասարակության միտքը պղտորեն, երկու նկար գցի, և արդեն հերիք է:

Վարչապետ Փաշինյանի այցո՞վ էր պայմանավորված «ծածուկ» արարողակարգն այս տարվա ապրիլի 24-ին:  

Փաստորեն, պարզ էր, որ պրն վարչապետը որ եկավ, տեղացի թուրքերը մի փոքր ընդվզեցին այն արտահայտությունից, որ մեր ժողովուրդը պատին փակցրել էր «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը: Պարոն Փաշինյանն էլ որ սելֆի էր նկարել ժողովրդի հետ, հետևում այդ պաստառն էր դուրս եկել, ամբողջ Թավրիզի և շրջակայքի բոլորը թուրքերը դա տարածեցին, հայհոյանքներով լցրեցին ինտերնետային էջերը, և այդ պատճառ եղավ, որ մեզ ավելի ամփոփեն:

Տեղացի թուրքերը մեզ լավ են ճանաչում, իմանում են, որ մենք վտանգավոր տարր չենք այնտեղ: Նախ՝ թվով այնքան քիչ ենք: Բայց երբեմն իրենք որոշ բաներ իրենց պետության դեմ են անում իսլամության դեմ իրենց գետինն օգտագործելով:

Բայց իրանական պետությունը շատ լավ իմանում է, որ սահմանի վրա հայության պահպանումը իր ամեն բանով՝ խանութներով, արվեստով, եկեղեցիով, առաջնորդարանով և ամեն ինչով, կարևոր կետ է՝ բարի դրացիություն վարելու համար և նաև աշխարհին ցույց տալու համար:

Բայց պետության պաշտպանությունը կարևոր է մեզ համար, որովհետև իմ նախորդս, որ Ջուղայի խաչքարերի քանդման նկարահանումները կատարեց և UNESCO-ին ուղարկեց, ուղղակի Թավրիզի առաջնորդարանի վրա հարձակվեցին, իրեն ուզում էին սպանել, դուռը ջարդեցին, ամբողջ դարպասը փլվեց, և այդտեղ մեր պարիսպը խանութպաններ ունի, թուրք խանութպաններ են, նրանք մեզ ճանաչում են, եկան, թև թևի անցան և ասացին, որ միայն իրենց դիակի վրայից կանցնեն, մինչև ոստիկանությունը հասավ:

Դժվարություններ ամեն թեմում կան, բայց Ատրպատականի թուրքերը մեզ շատ լավ ճանաչում են, գիտեն, որ մենք բնիկ ենք, եկվոր չենք: Մեր խնդիրը Բաքվից, Նախիջևանից եկածներն են, որոնք գալիս են և այստեղ օգտվում են բժշկությունից, ատամնաբուժությունից, երբեմն պղտորում են մթնոլորտը: Ես կարող եմ ասել, որ այս միջավայրը մեզ համար ապահով է, վտանգի հասնելու խնդիր չկա:

Հատուկ ծառայությունների վերահսկողությունը միայն հայերի նկատմա՞մբ է այսքան ուժեղ, թե ադրբեջանցիներին էլ են նման աչալրջությամբ հսկում:

Նրանց էլ են հսկում՝ զսպելու համար:

Քանի՞ հայ է ապրում այժմ Ատրպատականում:

Մեր թիվն Ատրպատականում 3000-ից չի իջնում, ոչ էլ բարձրանում է:  Ուրմիայի շրջանում հայերը խառնվել են ասորիների հետ: Պատերազմի ժամանակ միասին գնացել են Իրաք, միասին էլ վերադարձել են, հարազատություն, հարևանություն է ստեղծվել, բնականաբար ամուսնություններ են ստեղծվել: Մինչև հիմա, եթե Ուրմիա գնաք, չեք կարող ասել՝ ով է հայ, ով՝ ասորի: Խառն են, ամեն տան մեջ կան: Բայց մենք բոլորս նրանց մեր թեմի զավակներ ենք հաշվում: Այն ընտանիքում, որտեղ հայ կա, մեր թեմին ենք համարում:

Հայկական ի՞նչ կրթօջախներ են մնացել Ատրպատականում:

Երկու դպրոց ունենք, երկու մանկապարտեզ: Այսինքն՝ մեկ դպրոց և մեկ մանկապարտեզ Թավրիզում, նույնքան էլ՝ Ուրմիայում: Ամուսնությունները քիչ են: Մարդիկ մտածում են երկրի կացության մասին, մարդիկ մտածում են՝ եթե պիտի այստեղից գաղթեն և գնան, էնտեղ կամուսնանան, երեխան էլ էնտեղ կծնվի: Բայց Ատրպատականում շատ քիչ են գնացողները, որովհետև մենք ապրում ենք ամենադժվարին շրջանում: Երբ ամենադժվար տարածաշրջանում ապրես, կաշիդ կպնդանա, ավելի տոկուն կդառնաս: Մեր ազգի մեջ ընդհանրապես, ես չեմ ուրանում, կա քոչվոր լինելու արյուն: Ինչքան էլ ասում ենք՝ Հայկ նահապետն եկավ, այս արեց, այն արեց, եկեղեցի ունենք և այլն, մեր արմատները շատ խորն ենք զգում, դա հավաքական կյանքի մեջ շատ լավ է դրսևորվում, մեր անհատական կյանքի մեջ մենք քոչվոր ենք: Մեր աշխարհը մեր ընտանիքն է միայն՝ ընտանիքիս համար լավ պայմաններ, երեխեքիս համար՝ լավ ապագա, պատանի զավակիս համար՝ լավ ուսում, լավ համալսարան: Մեր աշխարհը մեր ընտանիքն է դառնում միայն: Բայց երբ հավաքական կողք կողքի գանք, լավ ճառեր կասենք, կդառնանք այն ուժն աշխարհի դեմ, որ կտրորի ողջ աշխարհը: Անհատականորեն մենք քոչվոր ենք:

Ատրապատականում պահպանված քանի՞ եկեղեցի կա հիմա, ի՞նչ վիճակում են:

Մենք 100-ից ավել եկեղեցի ունենք Ատրպատականի մարզում՝ գյուղերում և այլն: 98 հատը իմ գրքում նկարագրել եմ, երկրորդ հատորի վրա եմ աշխատում: Երեք հատորով հուսամ ավարտել՝ ամեն մանրամասնությամբ: Նույնիսկ եթե մեկ հայերեն տառ կա, նկարում եմ, զետեղում եմ գրքում:

Թավրիզում 4 գործող եկեղեցի ունենք, մեկ հատ էլ ունենք Ուրմիայում:

Բոլորը պետության պահպանության ներքո՞ են:

Ոչ բոլորը: Այն եկեղեցիները, որոնք արձանագրված են UNESCO-ի ժառանգության ցուցակում, պահպանվում են երկրի կողմից: Բայց եթե դիմենք, ասենք՝ այսինչ գյուղում այսինչ եկեղեցին պետք է նորոգվի կամ պահպանվի, իրենց միջոցով պետք է վերանորոգվի: Բայց հեռավոր շրջաններում վերանորոգություններ անելն ինչ-որ տեղ անիմաստ է, որովհետև ո՞վ պիտի պահպանի դրանք: Արաքսի ճիշտ ափին՝ որտեղ Արաքսը և Տղմուտը միանում են, այդտեղից քայլել եմ 6 ժամ, մինչև առաջին եկեղեցին գտնեմ: Տղմուտի հովտում 3 եկեղեցի ունենք, մեկը՝ Սուրբ Գևորգ տաճարը, Սուրբ Թադեի վանքից ավելի հսկա է, կիսափուլ վիճակում է, ճանապարհ չկա, մեքենա չի գնում, ոտքով պետք է գնալ: 6 ժամ գնացել եմ մինչև առաջին՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, հետո Սուրբ Գևորգը, հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Բոլորն էլ ոչ մեքենայի, նույնիսկ ոչ էլ քայլելու ճանապարհ չկա: Այդ եկեղեցիները նորոգենք վասն ինչի՞: Ավազակներ, գանձախույզներ միշտ գնում են՝ գետինները փորփրելու, որ գուցե ոսկի պահպանված լինի: Բոլորը վերանորոգել իմաստ չունի:

Իրանահայերը նաև պատմում են, որ շատ պարսիկներ են դիմում հայկական եկեղեցիներ, որպեսզի քրիստոնեություն ընդունեն և մկրտվեն: Իսկապես այդ պահանջմունքը կա՞:

Մեր թեմում չկա: Նրանց մոտ էլ ամբողջը կեղծ է: Ոչ թե իսլամից հրաժարվում են, այլ տեսնում են, թե ինչպես են հայերը դյուրությամբ վիզա ձեռք բերում՝ մկրտության թղթով, իբրև հալածական քրիստոնյաներ և այլն, կարողանում են այդ միջոցով հասնել Ամերիկա: Միայն մկրտության թուղթ ձեռք բերելու համար են ուզում, որպեսզի Ամերիկա հասնեն:

Մեկնաբանություններ (2)

Սամվել Հովասափյան
Ուղղակի անիմաստ էր և անխոհեմ դաշնակցության և կազմակերպիչների արածը, նման պաստառ կախել Արարատ մարզադահլիճում, որտեղ ելույթ էր ունենալու վարչապետը։ Ժամանակին իրանահայերից գրեցին դրա ոչ հաճո հետևանքների մասին, սակայն դաշնակցականներին դա բոլորովին էլ չի հետաքրքրում։ Կտրված ժողովրդից, նրանք իրենց տեր են կարծում "և վերջ"։
Կարպիս
Մի ինչ որ համասփյուռքյան, այո նաեվ հայաստանյան կազմակերպության ազդեցություն է բացակայում Ատրպատականում: Իմ կարծիքով Ատրպատականում որեվե աշխատանք՝ հայ հուշարձանների վերաշինության համար Իրանի ներքին գործերին խառնվել չի նշանակում: Հարգելի Եպիսկոպոսը միայնակ կուրծք է դեմ տվել թրքականության առաջախաղացմանը այս տարածքում, նրան աջակցել է պետք: Ամենից առաջ Հայաստան-Ատրպատական Լաբբիի խումբ պետք է ստեղծել, կասեցնելու համար Ալիեվի ազդեցությունը Ատրպատականում: Ապա Մշակութային կապակցություն սկսել Սփյուռքի նախարարության (կամ իրավահաջորդ կազմակերպության) եվ Ատրպատականի միջեվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։