
Մոսկվայում նորից ցույցեր են
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Մոսկվայում տեղի ունեցավ ևս մեկ բողոքի ակցիա, որի պահանջը մնում էր անփոփոխ՝ գրանցել Մոսկվայի խորհրդարանական ընտրություններում ինքնաառաջադրված անկախ թեկնածուներին և անցկացնել ազատ ընտրություններ։
Առաջին ակցիան տեղի էր ունեցել անցած կիրակի օրը՝ հուլիսի 28-ին։ Ինչպես և նախորդը, այսօրվա ակցիան արտոնագրված չէր։
Կարդալ ավելին՝ Մոսկվայում բերման է ենթարկվել 1373 հոգի
Բողոքի ակցիայի կազմակերպիչները առաջարկել էին այն անցկացնել Բուլվարնոյե կոլցո փողոցի երկայնքով, զբոսանքի տեսքով։ Meduza.io ինտերնետային թերթի կողմից պատրաստած քարտեզում երևում է ակցիայի երթուղին և նշված են քաղաքացիների ձերբակալման վայրերը։
Ինքնաառաջադրված Լյուբով Սոբոլը, ում թեկնածությունը ընտրական հանձնաժողովը նույնպես չէր գրանցել, անկախ ընդդիմադիր թեկնածունրից միակն էր, ով հուլիսի 28-ի ակցիայից հետո մնացել էր ազատության մեջ։ Սակայն այսօր դա տևեց ընդամենը երեք րոպե՝ շենքից դուրս գալուն պես նրան ձերբակալեցին ոստիկանության աշխատակիցները, քանի որ նա պատրաստվում էր միանալ բողոքի ակցիային։ Նրան դեռ ազատ չեն արձակել, ավելին՝ նրա հանդեպ կիրառել են 300 հազար ռուբլի վարչական տուգանք, հուլիսի 11-ին ընտրողների հետ Տրուբնոյ հրապարակում հանդիպում անցկացնելու համար։
Լուսանկարը՝ Վասիլի Մաքսիմով/AFP/Scanpix/LETA
Այս անգամ ևս ոստիկանությունը ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառեց։ Ձերբակալվում էին ոչ միայն ակցիայի մասնակիցները, այլ նաև պատահական անցորդները։ Ոստիկանները ռետինե մահակներով հարվածում, ծեծում էին ցուցարարներին, խոչընդոտում նրանց տեղաշարժումը։ Ոստիկանության զորքերի ճնշող մեծամասնությունը կրում էին սև դիմակներ։
Ձերբակալվածների թվում շատ էին դեռահասները, տարեցներին նույնպես ձերբակալում էին։ Մոսկվայի կենտրոնը ամբողջ օրն անանցանելի էր։ Ոստիկանությունը մարդկանց ձերբակալում էր սրճարաններից և ժամանցի վայրերից։
Լուսանկարը՝ Անտոն Կարլիներ
Ձերբակալվածներին իրավաբանական օգնություն ցույց տվող իրավապաշտպանները և փաստաբանները ահազանգում էին, որ նրանց չէին թողնում ոստիկանության բաժիններ։ Հնարավոր 40 բաժիններից փաստաբաններն անխափան մուտք են ունեցել միայն 8 բաժին։
«ՕՎԴ ինֆո» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, ձերբակալվածների թիվը ժամը 23:00-ի դրությամբ անցնում է 800-ը։ Իվան Կալյապինը, ով Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, նույնպես բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից։ Որոշ ժամանակ անց նրան ազատ են արձակել։
Լուսանկարը՝ Անտոն Անդրիենկո
Ոստիկանության բաժնում քննիչները ձերբակալվածներին հարցաքննելիս փորձում էին պարզել` արդյոք նրանք ուղղորդված են որևէ մեկի կողմից կամ ունեն ղեկավար, ակցիային մասնակցելու համար գումար ստացել են, թե ինքնակամ են ներկայացել, մյուս մասնակիցների հետ գործողությունները պլանավորելիս ինչ հաղորդակցման միջոցներ՝ մեսինջերներ են օգտագործել և արդյոք կրել կամ պատրաստվել են կիրառել զենք։
«Դոժդ» հեռուստաընկերությունը, որը ամբողջ օրը ուղիղ եթերով լուսաբանում էր բողոքի ակցիան, հայտարարեց, որ իր կայքը DDos ինտերնետային հարձակման է ենթարկվում, ինչի պատճառով ուղիղ եթերը որոշ ժամանակով դադարել էր։ Նույնը տեղի էր ունեցել անցած բողոքի ակցիան լուսաբանելիս։
Այս պահին ակցիան դադարել է։ Ձերբակալվածների թիվը թարմացվում է։
Մեկնաբանել